Նախարարությունը դարձել է այն ջերմաբույր վայրը, ուր այցելում է Հայրենիք ժամանող յուրաքանչյուր սփյուռքահայ. Զարմիկ Պողիկյան

ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումն ու յոթամյա գործունեությունը Հայրենիք-Սփյուռք հարաբերությունը նոր որակով օժտեց: Նախարարությունն իր բազմաբնույթ ծրագրերով գործնականում կյանքի կոչեց «Արի տուն» կարգախոսը: Հայաստանը համայն հայության տունը դարձավ ո´չ թե կարգախոսային տրամաբանությամբ, այլ կազմակերպված գործընթացով, հատվածական մտածողության վերացումով, համահայկական, ազգային շահերի գերադասման գործելաոճով:

Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի նպատակասլաց աշխատանքը թափ տվեց Հայրենիք-Սփյուռք գործակցությանը: Տարբեր առիթներով հայ երիտասարդներին Հայրենիք հրավիրելով՝ նախարարությունը նպաստեց, որ նրանք ծանոթանան իրենց արմատներին, ճանաչեն իրենց արժեքներն ու ազգային հպարտությամբ լիցքավորվեն:

Նախարարությունը տարբեր ձեռնարկների կազմակերպմամբ՝ լուսարձակի տակ պահեց աշխարհասփյուռ հայ մտավորականության, հայ մամուլի աշխատանքը: Սփյուռքի նախարարության համագործակցությունը «Գանձասար» պաշտոնաթերթի խմբագրության հետ եղավ արդյունավետ ու շահեկան։ Նախարարության կազմակերպած Լրագրողների վերապատրաստման դասընթացին մեր թերթի աշխատակիցների մասնակցությունը հավելյալ փորձառությամբ օժտեց նրանց: Առաջարկում ենք  նաև առաջիկա դասընթացներում ներառել նաև լրագրողական գործնական աշխատանքներ՝ տեսական գիտելիքների կողքին նրանց աշխատանքային փորձառութուն  փոխանցելու նպատակով։

Հայ մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ համահայկական համաժողովները առիթ հանդիսացան հայ մամուլի դիմագրաված մարտահրավերների ուրվագծման ու դրանց հաղթահարմանը կոչված ծրագրերի որդեգրման, խմբագիրների, լրագրողների, հրապարակագիրների ծանոթացման, փորձի փոխանակման և գործակցության հավելյալ առիթների ստեղծմանը։ Այդ գործակցության վառ օրինակն է նախարարության «Հայերն այսօր» կայք-էջը, ուր տեղ են գտնում Հայրենիքի և Սփյուռքի համայքներին առնչվող լուրեր, հոդվածներ, հարցազրույցներ։ Միջին Արևելքի, հատկապես Սիրիայում շարունակվող տագնապի մեջ նախարարությունը հնարավոր բոլոր միջոցներով սատար կանգնեց ու շարունակում է կանգնել հայրենիքում հաստատվող ու նաև Սիրիայում  իրենց գոյությունը շարունակող սիրիահայերին։

Այս առումով մեր ցանկությունն է, որ պատերազմի հետևանքով Սիրիայից դուրս եկող հայության պահպանմանը և հայրենիքում հաստատմանը նպաստող Սփյուռքի նախարարության գործունեությունը շարունակվի ու դառնա հեռանկարային, իսկ Սփյուռքի տարբեր կառույցներ, բարերարներ նեցուկ կանգնեն նախարարությանը՝ Միջին Արևելքի համայնքների արտահոսքը ուղղելու հայրենիք, միաժամանակ սատար կանգնելու տվյալ երկրների մեջ ապրել շարունակող հայությանը։

Շնորհավորում ենք Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին իր նպատակասլաց աշխատանքի ու համագործակցության, մշտապես ձեռք երկարող օրինակելի մոտեցման համար, որի արդյունքում մայրաքաղաք Երևանում գտնվող նախարարությունը դարձել է այն ջերմաբույր վայրը, ուր անպայման անցելում է Հայրենիք ժամանող յուրաքանչյուր սփյուռքահայ կամ գիտի այն հասցեն, ուր կարող է դիմել հարկ եղած դեպքում:

Շնորհավորում ենք նաև նախարարության անձնակազմին իր մեղվաջան աշխատանքի համար: Բարի ե´րթ Սփյուռքի նախարարությանը:

Զարմիկ Պողիկյան

Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր

Հալեպ, 27 Սեպտեմբեր 2015

Scroll Up