ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Մաթյու Արա Թորիգյանին

Օգոստոսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության ծառայությունների փոխնախարար Մաթյու Արա Թորիգյանին՝ տիկնոջ և դստեր հետ:
Ողջունելով հյուրին՝ նախարարն ասաց. «Որախ եմ, որ օտար ափերում կարողացել եք հասնել նման բարձր պաշտոնի: Կրկնակի ուրախություն է, որ Դուք կապված եք Ձեր ազգային արմատներին և ցանկանում եք ամրապնդել կապը Հայաստանի հետ: Աշխարհում մեր ամենամեծ հարստությունը հենց նման հայերի գոյությունն է»:
Նախարարը խոսեց Հայաստան-Սփյուռք գործակցության մասին՝ շեշտելով, որ հայ լինելը և՛ հպարտություն է, և՛ պարտականություն: «Այդ պարտականություններից առաջինը Հայրենիքի հզորացմանը նպաստելն է: Նման գործունեությունը միայն ֆինանսական աջակցության բնույթ չի կրում: Հաճախ հետաքրքիր գաղափարներն ու խորհրդատվություններն առավել կարևոր են: Ձեր պարագայում՝ Համայնքային անվտանգության փոխնախարարի գործնական փորձն ու փորձառությունը շատ ավելի օգտակար կարող են լինել մեր երիտասարդ պետության համար, քան հազարավոր դոլարները»- ասաց նախարարը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Մաթյու Թորիգյանը պատմեց իր հայկական ծագման մասին՝ տեղեկացնելով, որ Թորիգյան և Չիչեկյան ազգանուններով իր նախնիները Էրզրումից և Տիգրանակերտից են, և որ ինքը մշտապես իր հոգում կրում է նրանց մասին հիշողությունները: Հայաստան գալով, փորձում է դստեր՝ Թալինի միջոցով վերագտնել իր ազգային պատկանելությունը և իրեն զգալ որպես հայության մի մասնիկ:
Այնուհետև, զրուցակիցները մտքեր փոխանակեցին ներկայումս հայության առջև ծառացած մարտահրավերների, սիրիահայության հիմնախնդիրների և այլ հարցերի շուրջ: