Բարոնուհի Քերոլայն Քոքսն ուխտագնացություն է կազմակերպել դեպի Արցախ

Հերթական անգամ Արցախում է հայ ժողովրդի բարեկամ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ մի խումբ ուխտագնացների հետ, հայտնում է Artsakhpress-ը:
Ինչպես տեղեկացրել է Քաշաթաղի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը, օգոստոսի 17-ին ուխտագնացները գիշերելու նպատակով կանգ են առել Բերձորում՝ Հակարի գետի ափին ստեղծված ճամբարում:
Հյուրերին Բերձորի մուտքի մոտ դիմավորել են Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալներ՝ Արտուշ Մխիթարյանը, Հակոբ Սայամյանը և աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը:
Բարոնուհի Քոքսն իր խոսքում նշեց, որ Արցախն իր համար հարազատ երկիր է ՝ դեռևս պատերազմի տարիներից:Քերոլայն Քոքսն իր խմբի անդամներին, որոնց մեծ մասն առաջին անգամ է Արցախում, պատմել է գոյամարտի և արցախցիների հերոսական պայքարի մասին : Խոսելով Քաշաթաղի շրջանի մասին, նա նկատեց, որ հայ ժողովուրդը մշտապես ավերակների վրա է հիմնել ու ծաղկեցրել իր երկիրը:
Ուխտագնացության մասնակիցները վաղը ոքտով Բերձորից կշարժվեն դեպի Շուշի և Ստեփանակերտ:
Նշենք, որ ուխտագնացների շարքերում են նաև Արցախյան գոյամարտի մասնակից հաշմանդամներ, ովքեր բուժվել են Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում: Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել բարոնուհուն՝ նման բուժհաստատություն հիմնելու և օժանդակելու համար, որտեղ բազմաթիվ հաշմանդամ ազատամարտիկներ են բուժվել: Այնուհետև արտերկրից ժամանած բոլոր ուխտագնացները, որպես նվեր ստացել են Հայոց Մեծ Եղեռնի մասին պատմող գրքեր ու սկավառակներ, որոնք հատկացվել են ՀՀ կառավարության կողմից: