Այսօր գիրք նվիրելու օրն է
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Ըստ գրականագետ Դավիթ Գասպարյանի՝ գիրք նվիրելը ճանապարհ է, որը մոտեցնում է մարդուն գրքին: Tert.am-ի հետ զրույցում վերջինս նաև նշեց, որ գիրք նվիրելու մշակույթը տարածելուց առավել կարևոր է, որ մարդիկ սովորեն գիրք գնել:
«Մենք այսօր պետք է բարձրացնենք գրքի արժեքը, որ մարդիկ ոչ միայն այս օրը իրար գիրք նվիրեն, այլ նաև անձնական առիթների ժամանակ, չէ՞ որ հրաշալի գրքեր կան: Իսկ թե ինչո՞ւ չեն նվիրում, որովհետև ամեն ինչն ունի իր դարաշրջանը, և գիրքը կարծես մոդայից դուրս է եկել: Մի ժամանակ շատ-շատերն էին գիրք գնում: Ճիշտ է, էլի բոլորը չէին կարդում ու ասում էինք, թե կարծես գիրքը տան կահույքի մաս լինի, բայց գրքի արժեքը գիտեին, գիտեին, որ երեխաները հետո կկարդան»,– ասաց նա:
Հարցին, թե համաձայն է այն կարծիքի հետ, որ գրքերը թանկ են ու սոցիալական խնդիրներ ունեցող մեր երկրում մարդիկ հնարավորություն չունեն գրքին գումար հատկացնել, նա պատասխանեց. «Սոցիալական խնդիր, անշուշտ, կա, որովհետև էժան հաճույք չէ, բայց ամեն դեպքում դա էլ է հաղթահարելի, եթե իրոք գրքին նվիրված մարդ ես»:
Անդրադառնալով հայ ընթերցասեր հասարակության նախասիրություններին՝ Դավիթ Գասպարյանը նշեց, որ այսօր մարդկանց հետաքրքրում են պատմակենսագրական գրքերը:
«Նախընտրում են այն գրքերը, որոնց մեջ կա իրական պատմություն, մարդու կենսագրություն»,- ասաց նա և ավելացրեց, որ ինքն արդեն երեկվանից սկսել է գրքեր նվիրել:
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ նշեց, որ երբ ստեղծվեց ռադիոն բոլորն ասում էին, թե այլևս գիրք կարդացող չի լինելու, հետագայում երբ ստեղծվեց հեռուստատեսությունը, բոլորն ասում էին՝ այլևս ռադիո լսող ու գիրք կարդացող չի լինելու, իսկ երբ ստեղծվեց համացանցը, ասում էին, թե ոչ մի բան չի լինելու, բացի համացանցից, բայց կյանքը այլ բան ապացուցեց:
«Անշուշտ գիրք կարդացողը կա նաև այսօր, ուղղակի պետք է լավ գրել, հետաքրքիր գիրք պետք է գրել: Անհնար է, որ մարդը կտրվի կարդալուց. քանի դեռ մարդը կա, գիրքը մնալու է: Գիրքը հավերժական է: Մենք այսօր պետք է վերակենդանացնենք գիրք գնելու մշակույթը»,-ասաց նա:
Հարցին, թե այսօր մարդիկ չեն ափսոսում գրքին գումար տալ՝ հաշվի առնելով համացանցի առկայությունը, նա պատասխանեց. «Այդ խնդիրը կա, համացանցը իր դերն ունեցավ, բայց սրանից մի 5 տարի առաջ ես Վերնիսաժից Ջեկ Լոնդոնի 12 հատորները թոռնիկիս համար գնեցի ու գիտե՞ք ինչքանով, 5000 դրամով: Այսօր առնվազն 30 հազար արժեն 12 հատորները: Պատճառն այն է, որ գիրք ուզողներն են շատացել»:
Մերուժան Տեր-Գուլանյանը նաև հույս հայտնեց, որ միմյանց գիրք նվիրելու մշակույթը ավելի լայն տարածում կգտնի. «Կսովորեն, ամեն նոր բան սկսվում է քչից, պետք է մեկս մյուսին վարակենք»: