Քրիստոֆեր Ծատուրյան. «Ամենից շատ Հայաստանի մարդկանց եմ կարոտելու…»
16-ամյա Քրիսը, ինչպես ընկերներն ու հարազատներն են նրան դիմում, դասընկերների հետ չորս տարի առաջ է եկել Հայաստան, երբ սովորելիս է եղել Գլենդելի «Շամլյան» ազգային վարժարանի 8-րդ դասարանում: Այժմ նա ամերիկյան դպրոցի վերջին՝ 12-րդ դասարանում է ուսումը շարունակում:
Չորս տարվա բացակայությունից հետո գալով Հայրենիք՝ ավելի զարգացած վիճակում է տղան բացահայտել իր երկիրը. նորաոճ շինությունները, գեղեցիկ սրճարաններն ու ռեստորանները տղային ուրախանալու առիթ են տվել:
Քրիստոֆերը սփյուռքահայ այն երիտասարդներից է, ով մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին:
«Ծնողներիս խորհրդով եմ մասնակցել «Արի տուն» ծրագրին, քանի որ նրանք շատ էին ցանկանում, որ ավելի լավ ճանաչեմ Հայաստանն ու կապվեմ Մայր հողին: Անկեղծ ասած՝ սկզբում մասնակցելու ցանկությունս մեծ չէր, մտահոգվում էի՝ արդյո՞ք ծրագրի ընթացքում օրերս հետաքրքիր կանցնեն, կկարողանա՞մ մտերմանալ այլ երեխաների հետ, թե՞ ոչ: Սակայն բոլոր կասկածներս փարատվեցին. հեշտությամբ ընկերացա հասակակիցներիս հետ, այն տպավորությունն էր՝ կարծես վաղուց ճանաչում էինք իրար»,-անկեղծացավ Քրիսը:
Տղան մտաբերում է, որ շրջագայության ճանապարհին զրուցում էին միասին, խոսում ապագայի ծրագրերից, իրենց երկրների բարքերից, նույնիսկ միմյանց խոսք ենք տվել երկար տարիներ պահպանել ձևավորված ազնիվ ընկերությունը:
Ճիշտ է, Քրիստոֆերը ծրագրով նախատեսված վայրերի մեծ մասում եղել էր արդեն, բայց բոլորովին այլ՝ աննկարագրելի զգացողությամբ լցված է նորից այդ վայրերը այցելել, և, ինչպես ինքն է նշում, ուրիշ աչքով է նայել Գառնիին, Սևանին, Էջմիածնին և մնացած մյուս վայրերին:
Քրիսի տրտմելու առիթը միայն այն է, որ այլևս չի տեսնելու ընկերներին, որոնց հասցրել է շատ սիրել և քույր-եղբոր պես վերաբերվել: Հիմա վերհիշում է միասին ապրած գեղեցիկ օրերն ու պահերը, շրջագայության օրերի ընթացքում տեղի ունեցած զվարճալի դեպքերը, որոնք անջնջելի հետք են թողել հիշողության մեջ, իսկ շփումը նրանց հետ պահպանում է համացացանցի միջոցով:
Տղայի համար անմոռանալի են դարձել հատկապես Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում անցկացրած չորս օրերը, որի մասին հետևյալը պատմեց. «Միշտ հիշելու եմ ճամբարային օրերը, շատ երկրներում եմ հանգիստս անցկացրել, գեղեցիկ վայրերում եղել, բայց «Արի տուն» ճամբարում ապրած օրերը այլ զգացողություններ և տպավորություններ տվեցին ինձ, որոնք ուրիշ ոչ մի բանի հետ չեմ կարող փոխարինել, ասես հարազատ տանս մեջ գտնվեի: Իսկ մեր հանդեպ միայն հոգատարություն և հարգանք եմ նկատել թե՛ ուսուցիչներիս, թե՛ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների կողմից: Ճամբարային օրերից ամենաշատը սիրեցի երեկոյան հավաքները, որի ընթացքում զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ: Իսկ «Հրաժեշտի խարույկի» օրը բոլորիս հուզմունքը մեծ էր, չէինք կարողանում բաժանվել իրարից: Ինձ համար անակնկալ էր, երբ տեսա մայրիկիս, ով նույնպես եկել էր մասնակցելու «Հրաժեշտի խարույկի» արարողությանը՝ ինձ բացարձակ տեղյակ չպահելով իր այցի մասին: Մայրս նույնպես մեզ հետ հուզվեց և ուրախացավ, ոգևորությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ մի քանի պար պարեց»:
Անկեղծ զրույցի վերջում Քրիստոֆեր Ծատուրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը «Արի տուն» ծրագիրը կազմակերպելու և իրեն Հայաստանը նորովի բացահայտելու հնարավորություն տալու համար:
«Այս օրերի ընթացքում շատ կապվեցի Հայաստանին, և վերադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ կարոտելու եմ իմ երկիրը, ամենից շատ Հայաստանի մարդկանց եմ կարոտելու՝ մեր ազնիվ, բարի մարդկանց»,-եզրափակեց Քրիստոֆերը:
Պատրաստեց Գևորգ Չիչյանը