«Օրն ինձ համար հիշարժան էր, որովհետև ես Սփյուռքի նախարարին նվիրեցի իմ ձեռքով պատրաստած փոքրիկ քանդակը». Մարիամ Անդրեասյան
Ամեն անգամ «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ արված հարցազրույցների ընթացքում համոզվում եմ, որ նրանց գերակշիռ մասն իր հոգու խորքում Հայրենիքի կարոտն ունի, որ երկար է սպասել Հայրենիքի հետ առաջին կամ էլ՝ հերթական հանդիպմանը, որ իր ապագան կապում է Հայաստանի հետ, որ հայերե՛նն է իր համար աշխարհի ամենագեղեցիկ ու ճոխ լեզուն, որ Հայաստանում յուրահատուկ ջերմություն է զգացել, որ «Արի տուն» ծրագրի շնորհիվ շատերը կարողացել են են ոչ միայն ծանոթանալ Հայրենիքի պատմամշակութային հուշարձաններին, սովորել հայոց լեզու՝ ավելացնելով հայերենի բառապաշարն, այլև ՝ շփվել աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած իրենց հասակակիցների հետ, նոր ընկերներ ձեռք բերել: «Հայերն այսօր»-ի համար հերթական հարցազրույցս Իսրայելից եկած 16-ամյա Մարիամ Անդրեասյանի և նրա մայրիկի՝ Լիանա Հարոյանի հետ էր, ովքեր «Արի տուն-2016» 7-րդ փուլի ճամբարային առօրյայի փակման արարողության ընթացքում կիսվեցին իրենց տպավորություններով:
Մարիամ Անդրեասյան, Իսրայել, Մոդինի, 16 տարեկան
-Ծնվել եմ Երևանում, 6 տարեկան եմ եղել, երբ մեր ընտանիքը տեղափոխվել է Իսրայել. ես մի քույրիկ ունեմ, ով նույնպես մասնակցում է այս ծրագրին: Հայրիկս է լսել «Արի տուն» ծրագրի մասին, պատմել է մեզ, ես ու քույրս էլ ցանկություն ենք հայտնել մասնակցել. մենք Հայաստանի տեսարժան վայրերում շատ ենք եղել , սակայն մեզ համար հետաքրքիր էր նույն տեղերում լինել նաև աշխարհի տարբեր երկրներից ծրագրին մասնակցող մեր հասակակիցների հետ: Այսօր ինձ համար հիշարժան է, որովհետև ես ՀՀ սփյուռքի նախարարին նվիրեցի ճամաբարային առօրյայի ընթացքում քանդակի հետաքրքիր դասընթացի ժամանակ իմ ձեռքով պատրաստած աշխատանքս: Չորրորդ անգամ եմ Հայաստանում, մենք այստեղ շատ հարազատներ ունենք, հրաշալի օրեր ենք անցկացնում նաև բարեկամների միջավայրում: Ծրագրի շրջանակներում ինձ շատ է դուր եկել հայոց լեզվի դասընթացը, որի շնորհիվ ավելացել է իմ բառապաշարը. ասեմ, որ մեր ընտանիքը հայախոս է ու ավանդապահ: Ավելի հետաքրքիր է ճամբարային առօրյան: Շատ կցանկանայի, որ Սփյուռքում ավելի հաճախ ելույթ ունենային հայ երգիչները, հայկական պարախմբերը, ներկայացումներ բեմադրվեին:
Լիանա Հարոյան, Իսրայել, Մոդինի. Մարիամ Անդրեասյանի մայրը
-Ես և ամուսինս 10 տարի է, ինչ մեր ընտանիքով ապրում ենք Իսրայելում, որտեղ ապրում էր ամուսնու տատիկը: Երկուսս էլ՝ թե՛ ես, թե՛ Սերոբը, լեռնադահուկորդներ ենք (այնտեղ գրեթե ձյուն չի լինում, կլիմայական պայմաններն այդ մարզաձևի համար նպաստավոր չեն), սակայն Իսրայելում մեր մասնագիտությամբ չենք աշխատում: Հայաստանը մեր տունն է, ուր հաճախ ենք գալիս. այստեղ են մեր հարազատները, մեր ընկերներն ու ծանոթները: Հայրենիքից գնալով՝ մենք չենք հեռացել նրանից: Ապրելով Իսրայելի մի փոքրիկ քաղաքում, որտեղ հայեր չկան, և տեղի բնակիչները չգիտեն հայերին, և մենք մեր ներկայությամբ փորձում ենք նրանց ծանոթացնել հայերի ու Հայաստանի հետ: Թեև Հայաստանում չենք ապրում, սակայն մեր երեխաների շուրթերին ապրում է հայոց լեզուն, որովհետև տանը մենք խոսում ենք ոսկեղենիկ հայերենով: Ուրախ եմ, որ կա այսպիսի հետաքրքիր ծրագիր, որին մասնակցում են մեր երկու աղջիկները: Մի քանի դիտարկում ունեմ՝ ցանկալի է, որ թանգարաններում անպայման լինեն ուղեվարներ, եղած դեպքում էլ՝ խոսեն դանդաղ ու ավելի պարզ հայերենով. շատ երեխաներ լավ չեն հասկանում հայերեն, ուստի ճիշտ կլինի, որ բացատրությունները տրվեն նաև անգլերեն լեզվով: Երբ Մարիամը եկավ Պատմության թանգարանից, հիացած էր ցուցադրությամբ, սակայն բացատրությունները եղել էին խիստ գրական և շատերի համար ոչ մատչելի բառապաշարով: Հրաշալի է կազմակերպված ճամբարային առօրյան. ես և ամուսինս մոտակայքի հյուրանոցում ենք մնում և գրեթե ամեն օր հանդիպում ենք մեր երեխաներին, մոտիկից տեսնում ճամբարի առօրյան: Շնորհակա՛լ ենք կազմակերպիչներին:
Զրուցեց Կարինե Ավագյանը