«Արի տուն»-ը հայրենաճանաչությունից բացի՝ ինձ նաև սեր տվեց». Արամ Սիսեռյան, ծրագրի նախկին մասնակից

Ավարտին մոտեցավ «Արի տուն-2016» հայրենաճանաչողական ծրագիրը, որի շրջանակներում ավարտական՝ 8-րդ փուլին, այս անգամ մասնակցում են նախորդ տարիներին ծրագրին մասնակցած սփյուռքահայ երիտասարդներ: «Հայերն այսօր»-ի համար արված հարցազրույցի ընթացքում բոլոր մասնակիցների մոտ ընդծվում էր ու կարևորվում համայն աշխարհի երիտասարդների, պատանիների հետ շփմանը նպաստող այս հրաշալի տարբերակը՝ միասին այցելել պատմամշակութային հուշարձաններ, միասին հանգստանալ Ծաղկաձորում, միասին պարել ու երգել, միասին՝ մի մեծ գերդաստանի պես բոլորվել ճաշի սեղանի շուրջ:Նախորդ տարիներին ծրագրին մասնակցած հայորդիները կարոտով են հիշել այդ օրերը և, ստանալով ավարտական փուլին մասնակցելու լուրը, համարել են, որ դա իրենց երազանքի անսպասելի իրականացումն է: Ծաղկաձորի «Արի տան» ճամբարում իրենց առօրյան անցկացնող հայորդիները նաև խոստովանեցին, որ շատ են կապվել ծրագրին և ափսոսում են, որ տարիքային սահմանափակման պահով այլևս մասնակցության իրավունք չեն ունենալու:
Արամ Սիսեռյան, Սիրիա, 18 տարեկան
-Ես Սիրիայից եմ, արդեն տեղափոխվել ենք Հայրենիք. չեմ ընդունում բողոքողներին, Հայաստանում շատ լավ ենք մեզ զգում. ով ուզում է աշխատել, նա միշտ էլ աշխատանք կգտնի, ասեմ ավելին՝ չաշխատողը ոչ մի երկրում էլ չի աշխատում: Միայն այն, որ դու քո երկրում ես, ուր շուրջբոլորդ հայեր են ու խոսում են հայերեն, արդեն երջանկություն է: Հայաստանում շատ ընկերներ եմ ձեռք բերել, իսկ «Արի տուն» ծրագրի շրջանակներում նախկինում արդեն ծանոթություններ են ձևավորվել: Ես անցյալ տարի եմ մասնակցել ծրագրին և ծանոթ եմ ծրագրի բովանդակությանը, ճամբարային առօրյային, որը շատ հագեցած է զանազան միջոցառումներով, սակայն կցանկանայի, որ սպորտային խաղեր ևս կազմակերպվեն: Շատ լավ պարեր ու երգեր ենք սովորում, որոնք անցյալ տարվանից արդեն ինձ ծանոթ են: Այս վերջին փուլն ունի իր առավելությունները, դրական կողմերն այն առումով, որ բոլորը մի տեսակ ավելի ոգևորված են, շատ ավելի ավելի եռանդուն ու անսահման հոգատար, ջերմ: Երանի նրանց, որ դեռ նոր պետք է մասնակցեն այս գեղեցիկ ծրագրին.և՛ մանկավարժներն են հրաշալի մարդիկ, և՛ ճաշերն են համեղ, և՛ օդն է մաքուր: Ես լավ ուտող եմ, իսկ այս մաքուր օդում ախորժակս ավելի է բացվել, և ես չեմ կշտանում, մանավանդ այնքա՜ն համեղ, տնավարի են պատրաստում, նաև համեղ տորթ են տալիս, որից ես չեմ կշտանում: Այստեղ սիրահարվել եմ մի աղջկա. չե՛մ ասի ո՛չ անունը, ո՛չ էլ՝ երկիրը, այստեղի ամենաբարձրահասակ ու գեղեցիկ աղջիկն է, դո՛ւք կռահեք…այսօր պետք է խոսեմ: Տխրում եմ՝ մտածելով, որ երկու օրից նա գնում է Հայաստանից, սակայն հուսով եմ, որ կկարողանամ համացանցի օգնությամբ շփվել, զրուցել, հնարավորինս լավ ծանոթանալ նրա հայացքներին, բնավորությանը…տեսնե՛նք:
Անցյալ տարվա խմբից մի աղջկա էի սիրահարվել, ընկերուհիս էր, բայց էլ ընկերություն չենք անում: Կարծում եմ՝ այս անգամ ավելի լուրջ է:
Համբարձում Քեչեք, Էստոնիա, 17 տարեկան
-Ես էլ եմ անցյալ տարի այստեղ եղել, մասնակցել այս հրաշալի ծրագրին, ծանոթացել Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, հանգստացել «Արի տուն» ճամբարում, ուր ես ավելի մոտիկից ծանոթացա ու շփվեցի ուրիշ երկրներից եկած իմ հասակակիցների հետ. շատ տարբեր է մեր մտածելակերպը, սակայն նույնն է մեր ցանկությունը՝ ունենալ շատ հզոր Հայրենիք, որի համար կարևոր են նաև դրսում ապրող հայորդիների, իսկ հետագայում՝ հայ երիտասարդների ներդրումները: Հայրս հայաստանցի է, մենք ապրում ենք Էստոնիայում: Հայաստանը գեղեցիկ երկիր է, հայաստանցիները ուրիշ ազգերից տարբերվում են իրենց ջերմությամբ, սիրալիրությամբ և հյուրասիրությամբ: Հպարտ եմ, որ այդպիսի ազգի զավակ եմ: Այստեղ՝ այս ճամբարում, ես նոր ընկերներ ձեռք բերեցի 8-րդ փուլից. այնքա՜ն մեծ է հիմա իմ այն ընկերների շրջանակը, որոնց ձեռք եմ բերել «Արի տան» շրջանակներում. շնորհակալությո՛ւն: ճիշտ է, փոխվել է ճամբարի կազմը, սակայն նույնն է վերաբերմունքը՝ միշտ սիրալիր հոգատար: Շատ կարևոր է այն փաստը, որ մանկավարժները ընկերական են, չեն հրամայում, չեն կոպտում. շատ գոհ եմ, ես դա միշտ նկատել եմ ու կարևորել: Խորհուրդ կտայի իմ ընկերներին, որպեսզի մասնակցեն այս գեղեցիկ ծրագրին: Շնորհակալությու՛ն ՀՀ սփյուռքի նախարարությանը:
Լուսինե Թումանյան, Սանկտ Պետերբուրգ, 19 տարեկան
-Երկու տարի առաջ եմ մասնակցել «Արի տուն» ծրագրին, հիմա ինձ համար ոչ մի նոր բան չկա, միայն երեխաներն են ուրիշ. շատ կցանկանայի այս անգամ գնալ այնպիսի տեսարժան վայրեր, որտեղ նախկինում չենք եղել, նաև կցանկանայի լինել շրջակա անտառում, շրջել բնության գրկում, որն ինձ համար շատ կարևոր է, որովհետև ես նկարչուհի եմ. այդ ընթացքում ես բնություն կնկարեի, գուցե այդ նկարս տանեի ինձ հետ կամ էլ՝ նվիրեի նախարարին: Հե՛նց հիմա էլ սիրով կնկարեի. ես հիմնականում զբաղվում եմ մանրանկարչությամբ: Մնացած հարցերում ոչ մի առաջարկություն չունեմ, որովհետև հայերենագիտությունն ու պարը, երգը, ասմունքը միշտ կան և շատ աշխույժ են դարձնում ճամբարային առօրյան: Հակառակ ուրիշների՝ ես կարծում եմ, որ այս 5 օրը բավական է, որպեսզի հրաշալի ժամանակ անցկացնենք ճամբարում. ուղղակի ընկերներս ցանկանում են ավելի երկար մնալ. դա էլ է բնական, որովհետև լավ կազմ է, լավ մանկավարժներ են: Սանկտ Պետերբուրգում ընկերներս հարցնում են իմ տպավորությունների մասին, ու ես նրանց խորհուրդ եմ տալիս մասնակցել ծրագրին, ճանաչել Հայրենիքն ու շփվել հայաստանցիների հետ, օրեր շարունակ լսել հայերենով խոսակցություններ, հայկական պարեր ու երգեր սովորել: Սա իսկական ու հարազատ տուն է՝ Հայրենիք անունով:
Կարինե Ավագյան