Մենք միշտ էլ թշնամուց մեկ քայլ առաջ ենք եղել. Արծրուն Հովհաննիսյան

Սփյուռքահայ լրագրողների հերթական  հանդիպումը  ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ էր: Հանդիպումն առավել քան սպասված էր, եւ չնայած որ նախատեսված էր լրագրողների դասընթացի մասնակիցների համար, ներկա էին նաեւ ամառային դպրոցի այլ մասնակիցներ ևս: Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց բանակի այժմյան խնդիրները, նպատակներն ու ձեռքբերումները` եւս մեկ անգամ հավաստելով, որ ՀՀ Զինված ուժերը, ԼՂՀ Զինված ուժերը, ամբողջ պաշտպանական բանակը մեկ անուն ունի` Հայկական բանակ, որի հաղթանակի գրավականը մարտունակ, պատրաստված ու հայրենասեր զինվորն է:

«ԽՍՀՄ-ից ժառանգած բանակի մոդելը փորձում ենք  ենթակառուցվածքային առումով փոխել, տեղայնացնել միջազգային փորձը` համապատասխանեցնելով մեր երկրի առանձնահատկություններին: Այս առումով հաջողություններ գրանցել ենք»,- նշեց ՊՆ մամուլի քարտուղարը: Արծրուն Հովհաննիսյանը կարեւորեց նաեւ ռազմակրթական համակարգի դերն ու նշանակությունը, քանի որ այստեղ է ձեւավորվում ու պատրաստվում Հայկական բանակի սպան` համակարգի հենասյուներից մեկը: «Մենք պիտի հետեւողական լինենք զարգացնելու նաեւ արհեստավարժ սերժանտների ինստիտուտը, որը եւս շատ կարեւոր է»,-հավելեց պարոն Հովհաննիսյանը: Իսկ թշնամու՝ վերջին տարիներին ցուցաբերած ագրեսիվ պահվածքի վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանն իր կարծիքը հայտնեց նաեւ  ռազմական փորձագետի դիտանկյունից: «Ադրբեջանը պետք է լավ հասկանա, որ զենքի քանակը որոշիչ չէ: Նրանք շարժվում են պարտվողի հոգեբանությամբ, եւ շատ հաճախ այդ պարտվողի բարդույթն է, որ ստիպում է կտրուկ քայլերի գնալ: Սակայն մենք միշտ էլ թշնամուց մեկ քայլ առաջ ենք եղել»,- նշեց մասնագետը:

Սփյուռքահայ լրագրողները ցանկացան իմանալ, թե ինչպես ստանալ հստակ տեղեկատվություն Հայկական բանակում տիրող իրավիճակի մասին, քանի որ ոչ բոլոր աղբյուրներն են վստահելի, եւ սա այն պարագայում, երբ դրսում մեծ հակահայկական քարոզչություն է տարվում: Արծրուն Հովհաննիսյանը խորհուրդ տվեց ստեղծել ընդհանուր վիրտուալ հարթակ սփյուռքահայ եւ հայաստանյան լրագրողների համար, կապ պահպանել հայրենիքի հետ, օգտվել վստահելի աղբյուրներից, որոնցից է razm.info կայքը, չհավատալ ադրբեջանական տվյալներին, ինչը երբեմն անում են հայաստանյան լրագրողները: Մասնակիցներից մեկը` նշելով, որ վերջին տարիներին Պաշպանության նախարարությունը բավականին բաց է հասարակության համար տեղեկատվական առումով, հարցրեց, թե արդյոք մտավախություն չի եղել, որ այդպիսի տեղեկատվական հասանելիությունը հաճախ կստեղծի նաեւ խուճապի մթնոլորտ երկրում: Ըստ բանախոսի` նրանք գիտակցված են ընտրել թափանցիկ գործելու աշխատելաոճը, եւ դա այն դեպքում, երբ ո´չ լրագրողները, ո´չ հասարակությունը պատրաստ չէին դրան:

Մասնակիցներին նաեւ հետաքրքրեց, թե ինչպես անել, որ 18-ամյա պատանին փողոցային վարքը, եթերից ընդօրինակած քրեածին մտածելակերպը չտանի իր հետ բանակ: Արծրուն Հովհաննիսյանը սրա լուծումը տեսնում է ընտանիքում, դպրոցում ճիշտ դատիարակության մեջ` կարեւորելով այս ամենում նաև հասարակության ներգրավվածությունը:

Ամալյա Կարապետյան

Scroll Up