Եռաբլուրում սերտած դասը երբեք չի մոռացվի

«Սփյուռք ամառային դպրոցի» մասնակիցները չէին կարող լինել հայրենիքում եւ չայցելել Եռաբլուր-պանթեոն: Նրանցից ոմանք եղել էին հայ հերոսամարտիկների սրբատեղիում, սակայն այս անգամ էլ եկան անմահների լույսին հաղորդակից լինելու:
Եռաբլուր-պանթեոնի արարողությունների բաժնի պետ Ալբերտ Առաքելյանը վարակիչ ոգեւորությամբ ներկայացրեց հերոսների կյանքը, նրանց քաջությունն ու հայրենասիրությունը, պատերազմի դժվարությունները:
Մասնակիցները երկար կանգնեցին Անհայտ զինվորի շիրմաքարի առջեւ: Նրանցից մեկը ցավով հարցրեց, թե անհետ կորած ու այլեւս չվերադարձած հայորդիներից լուր կամ որեւէ տեղեկություն կ՞ա: Պարոն Առաքելյանը պատասխանեց, որ դժվար չէ պատկերացնել անմարդկային թշնամու ձեռագիրը: «Սակայն նրանց չենք մոռանում: Շատերը գալիս են (չեն նկատում, որ տեսնում ենք իրենց), առ Աստված խաչակնքվում են ու ասում` երանի հայրս, եղբայրս, պապիկս վերադառնա: Կան նաև այնպիսիները, որոնք գալիս եւ այստեղ են ամուսնանում, այստեղից ստանում իրենց հոր օրհնանքը: Տա Աստված, որ բոլորը վերադառնան, իսկ ովքեր չեն վերադառնալու, թող սա լինի իրենց հավերժության խաչքարը»,- նշեց զինվորականը: Մասնակիցները գլուխ խոնարհեցին ու շշնջացին՝ անունդ` անհայտ, սխրանքդ` անմահ:
Անցնելով հերոսների շիրիմների կողքով `բոլորը կարծես հպարտության զգացում ապրեցին: Ղազախստանից եկած լրագրող Գայանե Մարտիրոսյանը՝ հուզմունքից դժվարանում էր անգամ խոսել իր զգացողություններից. «Երբ մեր օտարազգի ընկերներին պատմում ենք մեր հերոսական անցյալի մասին, անգամ նրանք են հուզվում, հպարտանում, որ ազգությամբ հայ ընկերներ ունեն: Հիմա, որ այստեղ եմ, ինձ քաջազունների հետնորդն եմ զգում, ձուլվում եմ նրանց, հավերժանում նրանց հետ: Ես մի բան գիտեմ` մենք պիտի գլուխներս բարձր ապրենք, ապրենք հայի պես ու հային հատուկ տոկունությամբ, պիտի հա´յ մնանք, ուր էլ որ լինենք, որովհետեւ ճիշտ է` մեր պսակը փշե է, բայց հաղթանակած է, կոփված ու կնքված արյամբ»: Նա շտապում է մոտենալ Մոնթեի շիրմին, ուր հավաքվածները լսում էին Ավոյի կյանքի հերոսապատումը: «Հարցնում էին` Ավո´, ի՞նչ կյանքով ես ապրել, ասում էր`գլուխս բարձին հանգիստ չդրած: Երբ մի օր եկավ Եռաբլուր, վերադառնալիս նայեց Մասիսին, շշնջաց՝ երանի թաղվեմ այստեղ, նայեմ Արարատին: Հետո ավելացրեց` եթե զոհվեմ, ինձ հասարակ զինվորի նման կթաղեք: Երանի նրան, ով Մոնթեին ձեռք է սեղմել»,- ասաց Ալբերտ Առաքելյանը:
Մասնակիցները շարժվեցին դեպի սպարապետ Վազգեն Սարգսյանի ու Զորավար Անդրանիկի շիրիմները: Հիշեցին Սպարապետի խոսքը՝ 21-րդ դարը պիտի լինի հայ ազգի հաղթանակի դարը:
Երիտասարդ աղջիկներից մեկը հարցրեց` արդյո՞ք հերոս կանանցից այստեղ թաղվածներ չկան: «Նրանց թիվը ութն է՝ ութ Սոսեներ: Պատերազմին շատ քաջ կանայք են մասնակցել, սակայն նրանցից ութն է այստեղ ամփոփված: Չեմ կարող չխոսել Սոսե մայրիկի մասին, ում կյանքի հերոսական պատմությունը միշտ ոգեւորում էր Արցախյան հերոսամարտին մասնակից կանանց: Սոսե մայրիկի աճյունը հայրենիք է տեղափոխվել Եգիպտոսից եւ ամփոփվել Եռաբլուրում: Գերեզմանաթմբի համար հող է բերվել Արեւմտյան Հայաստանից, ջուր` Վանա լճից, քարեր` Մասիսից: Շիրմաքարին էլ գրվել է հայտնի երգի խոսքերը` Կողքիդ կռվելու, քեզ հետ զոհվելու, պատրաստ է Սոսեն»,- եզրափակեց իր խոսքը Ալբերտ Առաքելյանը:
Մասնակիցները դեռ երկար կմնային Եռաբլուրում, սակայն սա նրանց միակ կանգառը չէր: Հեռանալիս՝ խոստացան` այս դասը երբեք չեն մոռանալու:
Ամալյա Կարապետյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի