«Հայաստանը Հալեպեն ավելի սիրեցինք»
Փոքրիկ Հրակը դեռ չէր ծնվել, երբ Կոշկերյան ամուսնինները փոքրիկ դստեր հետ Հալեպից Հայաստան եկան: Ուզում էին, որ որդին՝ Հրակը, ապահով վայրում ծնվի՝ թնդանոթներից ու կրակոցներից հեռու: Ամեն ինչ թողեցին ու հայրենիք եկան: Տուն, աշխատանք, ունեցվածք, հիշողություններ… Հալեպում Գեւորգ Կոշկերյանն արծաթեղենի մեծ խանութ ուներ, սիրելի գործի վարպետն էր, պատվերների ու մշտական հաճախորդների պակաս չէր զգում:
Այսօր սիրիահայ արծաթագործն իր պատրաստած գեղեցիկ զարդերով հայաստանցիներին ու Երեւանի հյուրերին է գրավում: Գեւորգ Կոշկերյանը Վերնիսաժում տաղավար ունի: Ճիշտ է, Հալեպի մեծ շուկայի հետ համեմատելի չէ, բայց ընտանիքի կարիքները փորձում է հոգալ: Ասում է՝ երբ 2012-ին եկանք, առաջին մի քանի ամիսներն էին շատ ծանր, աշխատանք չկար, ապրում էին միայն խնայողություններով:
«Արդեն երեք տարի է՝ Հայաստանում ենք, մի քանի ամսով եկանք, որ զավակս ծնվեր եւ անձնագիր վերցնեինք: Ավելորդ ոչ մի բան չկար մեզ հետ, այստեղ հաստատվելու ծրագիր չունեինք, բայց Հալեպում վիճակը վատացավ ու մենք մնացինք: Երբ Հայաստան եկանք, համարյա չորս-հինգ ամիս նստել էի, գործ չունեի, հետո որոշեցի արծաթեղենի խանութ բացել, բայց խանութի և տան վարձը միասին շատ թանկ էր, այդ պատճառով Վերնիսաժում սկսեցի աշխատել», – պատմում է նա:
Գեւորգ Կոշկերյանի խոսքով, Սիրիայում միայն իր աշխատանքով ընտանիքի բարեկեցությունն առանց որեւէ խնդրի ապահովում էր: Կինը Հալեպում չէր աշխատում՝ դրա կարիքը չկար. «Սիրիայում կանայք չեն աշխատում, այնտեղ տղամարդը կարող է հանգիստ իր աշխատանքով ընտանիք պահել, այդ պատճառով սովորություն չկար, որ կանայք աշխատեն: Սակայն վերջին տարիներին Սիրիայում տնտեսական վիճակի վատացման պատճառով կանայք սկսեցին աշխատել»:
Նրա խոսքով, Հայաստանում շուկան փոքր է, տնտեսական վիճակը՝ այլ: Ընտանիքը միայն մեկ անդամի աշխատանքով դժվար է պահել, բայց կինն ամեն ինչում օգնում է ամուսնուն: «Տիկինս երկու երեխաներին է նայում եւ իմ հորս, որը ութսուներկու տարեկան է, չի կարող աշխատել, ժամանակ չունի եւ պայմաններն էլ թույլ չեն տա, բայց բոլոր հարցերում իմ կողքս է, քաջալերում է»,-ասում է Գեւորգը:
Կոշկերյանները Հայաստանում վերջնականապես հաստատվելու որոշում դեռ չեն կայացրել, թեեւ սիրեցին Երեւանը: «Իմ կարծիքով, մի քիչ մտահոգիչ է այստեղի վիճակը: Ես կուզեմ մնալ, Հայաստանը Հալեպեն ավելի սիրեցի, եթե նյութական պայմանները խնդիր չլինեն, անշուշտ, կուզենք մնալ, բայց վերջնական չգիտենք, դժվար է», – ասում է Գեւորգ Կոշկերյանը:
Մարիաննա Ղահրամանյան
womennet.am