«Սիրիան իմ հայրենիքը չէ. այն իմ սիրեցյալ եւ փայփայած ծննդավայրն է»

«Հայերն Այսօր»-ը զրուցեց երեւանաբնակ սիրիահայ բարերար Հովսեփ Մարգարյանի հետ նրա գործունեության եւ հայրենասիրության մասին:

-Քանի՞ տարի է, ինչ Հայաստանում եք բնակվում:

– Հայաստանից երբեք չեմ կտրվել: Առաջին անգամ Հայաստան եմ եկել 1967 թվականին՝ տեղափոխվելու նպատակով։ Եկա եւ տեղավորվեցի նորաստեղծ Աբովյան քաղաքում: Բոլոր հարցերս լուծելուց հետո վերադարձա Սիրիա, որպեսիզի հետ գամ արդեն Հայաստանում հիմնավոր ապրելու: Սակայն սկսվեց արաբա-իսրայելական պատերազմը, եւ ներգաղթը կասեցվեց: Այդ պատճառով վերստին անցա Ծոցի երկրներ եւ աշխատեցի այնտեղ մինչեւ 1970 թվականը: Նույն թվականին տեղափոխվեցի Սիրիա, ամուսնացա եւ տուն հիմնեցի: Աստված շնորհեց մեզ երկու զավակ` մեկ դուստր` Տիրանուհուն եւ մի տղա`Գարեգինին: Նրանք արդեն ամուսնացած են, երկուական զավակ ունեն եւ բոլորն էլ առաջադեմ աշակերտներ են Հալեպի վարժարանում: Մտնում են պատվո ցանկի մեջ` մանավանդ հայագիտական առարկաների իմացությամբ: Ի դեպ Սիրիայում ընդհանուր առմամբ 12000 հայ աշակերտ կա։ Հայությունն էլ խստագույնս կարեւորում է հայեցի կրթությունն ու դաստիարակությունը: Մարդիկ անգամ դժվար պայմաններում խնայողություններ են անում զավակներին ուսման տալու համար։ 30 տարի եղել եմ ազգային գործիչ, Հայկազյան վարժարանում եղել եմ հոգաբարձու, տնտեսական խորհրդի, քաղաքական ժողովի անդամ, Կիլիկիո կաթողիկոսարանի պատգամավոր, 1993 թվականին Սուրեն սրբազանի հովանու ներքո եւ մեր ժողովականների մասնակցությամբ ստեղծեցինք ընկերային ծառայությունը, որի կազմում 12 անձ էր ներառնված եւ մինչ օրս գործում է: Սակայն ես 2007 թվականից դուրս եկա նշյալ ծառայությունից, քանի որ ուզում էի մշտական բնակություն հաստատել Հայաստանում:

-Ի վերջո ինչպե՞ս եւ ի՞նչ նկատառումներով որոշեցիք գալ Հայաստան:

-Բարեբախտություն անվանել չեմ կարող` դժբախտություն է օտար հողում ծնվելը: Երանի այն հային, որ ծնվելով օտար հողի վրա, մի օր որոշի հետ գալ իր արմատներին` իր հողին: Այդ կնշանակի, որ նա իր ազգային պարտականությունը եւ պարտավորվածությունը կատարել է: Երբ արդեն զավակներ ու թոռներ ունես, պետք է քեզ պատասխանատու զգաս` նրանց քո հողին միացնելու համար: Հակառակ դեպքում գալդ ժամանակավոր է: Իսկ ժամանակավոր գալը հայրենիք վերադառնալ չէ:

Մենք հայտնվել ենք Սիրիայում, հայրս Խարբերդից է եղել, մայրս Էրզրումից: Ո՞ւր է Էրզրումը, ո՞ւր է Խարբերդը եւ ո՞ւր է Սիրիան: Ո՞ւր է Քամշլի քաղաքը, որտեղ ես եմ ծնվել: Հայի ճակատագիր է սա…. Ես այսօր վաթսսուն տարեկան եմ: Եւ Աստծո կամոք պետք է ամեն ինչ անեմ, որ այս դժբախտությունս`օտար երկրում գտնվելու, չփոխանցվի իմ թոռներին ու զավակներին: Իրենք պետք է գան ու իրենց գերադաս չպետք է համարեն: Հայրենիքը բոլորինն է: Բոլորը պետք է գան եւ ներդրումներ կատարեն: Չեն կարող, ուրեմն կտան իրենց գործը, գիտությունը, որպեսզի մեր երկիրը բարգավաճի:

-Եվ որքանո՞վ եք մոտեցել ձեր նշած ամբողջական վերադարձի իրականացմանը:

-Այսօր գրեթե ամեն ինչ Սիրիայից տեղափոխել եմ Հայաստան, բայց առանց Սիրիայում իմ գործը քանդելու: Տղաս այնտեղ է, տեր կլինի գործին, աղջկաս ամուսինը կգա հայրենիք: Եկող տարի թոռներս համալսարան պետք է ընդունվեն: Չգիտեմ, թե վաղը ինչ կպատահի ինձ հետ. գոնե աչքս բաց տեղափոխեմ իրենց Հայաստան, իրենց արմատներին միացնեմ, որ հանգիստ հրաժեշտ տամ աշխարհին։ Պետք չի, որ ամեն սփյուռքահայ ծննդավայրում ունեցած գործը քայքայի եւ նոր վերադառնա հայրենիք: Կարող է մեղվի նման աշխարհի չորս կողմերի ծաղիկների բույրն առնի, բայց վերադառնա իր փեթակին, մեղրը իր հայրենիքի մեջ կազմի: Այսինքն` շահենք եւ Հայաստան բերենք, այլ ոչ թե շահենք եւ Ամերիկա կամ այլ ուր տանենք:

-Բացի հայրենիքում Ձեր բոլոր բարեգործական ներդրումներից, ինչն է Ձեր հիմնական գործունեությունը:

-Մի համալիր եմ կառուցել Երեւանի Պռոշյան փողոցում, որտեղ գործում է սուպերմարկետ, ճաշարան, ինչպես նաեւ Logicon Development-ի գրասենյակը, որտեղ ես հանդիսանում եմ փորձագետ-խորհրդատու: Ընկերությունը զբաղվում է հաշվապահական հաշվառումով, աուդիտով, իրավաբանական խորհրդատվությամբ, թրեյնիգներով, մաքսազերծումով, ապահովագրությամբ եւ պահեստային ծառայությաուններով: Մոտավորապես 100 մարդ է աշխատում այս համալիրում: Եթե ամեն հայ իր ունեցվածքը տեղափոխի եւ մի քանի տասնյակ աշխատատեղ ստեղծի ժողովրդի համար, այսօրվա քաոսային իրականությանը վերջ կդրվի: 2000-2005 թթ ապրել եմ եւ գործունեություն եմ ծավալել նաեւ Արցախում: Ժամանակ չկորցնենք, ինքնախաբեությամբ չզբաղվենք եւ ինքնաճանաչում ունենանք: Մարդը` հայը, որ ինքնաճանաչում ունի, նշանակում է ուրիշին բարություն կարող է անել:

-Հայի ինքնաճանաչումը միայն հայրենիք վերադարձո՞վ է պայմանավորված։

-Բոլոր այն հայերը, ովքեր Հայաստանում չեն եւ վերադառնալու հնարավորությանուն չունեն, նույնպես ոչ պակաս հայ են։ Պետք է նաեւ նկատի առնել, որ ոչ բոլոր վերադարձողներն են հայրենասերներ: Պատմության ընթացքում ունեցել ենք 3 անվանում`թրքահայ, պարսկահայ եւ ռուսահայ: Այսօր մենք մեր ձեռամբ ենք ստեղծում բելգիահայ, ամերիկահայ եւ այլն: Երբ մարդը գործ չունի, ի՞նչ կարող ենք այդ մարդուն ասել: Նշանակում է` մեր բոլորի նպատակը պետք է լինի ուղղակի Հայաստանի զարգացումը: Մենք պետք է մի բան հասկանանք՝ Հայրենիքը քեզ պետք է դրամ չտա, դու պետք է Հայրենիքին դրամ տաս: Բայց ոչ թե վնասով տուր, այլ տուր եւ շահիր:

-Ի՞նչը կնպաստի Սփյուռք-Հայաստան կապի ամրապնդմանն ու հայության հայրենիք վերադառնալուն կամ գոնե չլքելուն:

-Երբեւէ որեւէ պետություն չի կարողացել բնակչության բոլոր պահանջները իրականացնել: Բայց ավելի լավ է սկզբից մտածենք հայաստանաբնակների կյանքը բարելավելու եւ դրանից հետո միայն ներգաղթը զարգացնելու մասին։ Ամենի կապը ամրապնդելու լավագույն գործիքը հենց ՀՀ սփյուռքի նախարարությունն է, որը գերազանց կատարում է իր ֆունկցիան:

Չեմ կարող համաձայնել, թե Սփյուռքը զորացնելով հայրենիքը կզորացնենք: Մենք պետք է հասկանանք, թե Սփյուռքի որ համայնքը կարելի է օգտագործել ի նպաստ հայրենիքի բարօրության: Շատ գաղութներ կան, որոնք ոչ մի կերպ չեն ինտեգրվում այդ գործընթացին, եւ 10-15 տարուց ուղղակիորեն կդադարեն լինել: Ո՞ւր է Հնդկաստանի գաղութը, ո՞ւր է եգիպտահայ գաղութը, ո՞ւր է պարսկահայերի 300 հազարանոց գաղութը: Առաջին հերթին պետք է խոսենք Հայաստանի եւ հայության մասին: Փառք Աստծո, որ ես հայ եմ ծնվել: Եթե նույնիսկ 100 անգամ ծնվելու լինեմ, կուզեմ հայ լինել: Փոքր ազգ ենք եւ աշխարհին մշակույթ ենք տվել: Բայց այնքան մեզ չենք տվել, որքան ուրիշներին:

-Արդյո՞ք այդ գնահատականը տարածվո՞ւմ է մերօրյա իրականության վրա եւ Սիրայում բնակվելու ձեր օրինակը կապ ունի՞ այդ կարծիքի հետ։

-Սիրիայում հայությունը հարգանք է վայելում։ Ինքս էլ` իբրեւ հայ, հարգված եմ, բայց դրա դիմաց միշտ առաքինի եմ եղել, եւ արաբ ժողովրդին տվել եմ ամեն ինչ իմ կարելիության սահմաններում: Արաբ եղբայրները դարերի ընթացքում 400 տարուց ավելի մեր նման ճաշակել են Օսմանյան տիրապետության բռնատիրությունը: Հայաստանի եւ Սիրիայի միջեւ կապերը պետք է մենք ամրապնդեք եւ լինենք օրինակելի քաղաքացիներ, ինչը հորդորում են նաեւ երկու երկրների նախագահները:

Թեպետ Սիրիան իմ հայրենիքը չէ, բայց այն իմ սիրեցյալ եւ փայփայած ծննդավայրն է: Մենք` սիրիահայերս, հպարտ ենք միշտ մեր արաբ եղբայրների բարիկամեցողության եւ հյուրընկալության համար:

Scroll Up