«Սիրիան երբեւէ իմ հայրենիքը չի դառնայ. այն իմ ծննդավայրն է»

«Հայերն Այսօր»-ը զրուցեց երեւանաբնակ սիրիահայ բարերար Յովսէփ Մարգարեանի հետ նրա գործունէութեան եւ հայրենասիրութեան մասին:

-Քանի՞ տարի է, ինչ Հայաստանում էք բնակւում:

– Հայաստանից երբեք չեմ կտրուել: Առաջին անգամ Հայաստան եմ եկել 1967 թուականին` տեղափոխուելու նպատակով: Եկայ եւ տեղաւորուեցի նորաստեղծ Աբովեան քաղաքում: Բոլոր հարցերս լուծելուց յետոյ վերադարձայ Սիրիա, որպէսիզի հետ գամ արդէն Հայաստանում հիմնաւոր ապրելու: Սակայն սկսուեց արաբա-իսրայէլական պատերազմը, եւ ներգաղթը կասեցուեց: Այդ պատճառով վերստին անցայ Ծոցի երկրներ եւ աշխատեցի այնտեղ մինչեւ 1970 թուականը: Նոյն թուականին տեղափոխուեցի Սիրիա, ամուսնացայ եւ տուն հիմնեցի: Աստուած շնորհեց մեզ երկու զաւակ` մէկ դուստր` Տիրնաուհուն եւ մի տղայ`Գարեգինին: Նրանք արդէն ամուսնացած են, երկուական զաւակ ունեն եւ բոլորն էլ առաջադէմ աշակերտներ են Հալէպի վարժարանում: Մտնում են պատուոյ ցանկի մէջ` մանաւանդ հայագիտական առարկաների իմացութեամբ: Ի դէպ Սիրիայում ընդհանուր առմամբ 12000 հայ աշակերտ կայ: Հայութիւնն էլ խստագոյնս կարեւորում է հայեցի կրթութիւնն ու դաստիարակութիւնը: Մարդիկ անգամ դժուար պայմաններում խնայողութիւններ են անում զաւակներին ուսման տալու համար: 30 տարի եղել եմ ազգային գործիչ, Հայկազեան վարժարանում եղել եմ հոգաբարձու, տնտեսական խորհրդի, քաղաքական ժողովի անդամ, Կիլիկիոյ կաթողիկոսարանի պատգամաւոր, 1993 թուականին Սուրէն սրբազանի հովանու ներքոյ հիմնել եմ ընկերային ծառայութիւնը, որի կազմում 12 անձ էր ներառնուած եւ մինչ օրս գործում է: Սակայն ես 2007 թուականից դուրս եկայ նշեալ ծառայութիւնից, քանի որ ուզում էի մշտական բնակութիւն հաստատել Հայաստանում:

-Ի վերջոյ ինչպէ՞ս եւ ի՞նչ նկատառումներով որոշեցիք գալ Հայաստան:

-Բարեբախտութիւն անուանել չեմ կարող` դժբախտութիւն է օտար հողում ծնուելը: Երանի այն հային, որ ծնուելով օտար հողի վրայ,  մի օր որոշի հետ գալ  իր արմատներին` իր հողին: Այդ կը նշանակի, որ նա իր ազգային պարտականութիւնը եւ պարտաւորուածութիւնը կատարել է: Երբ արդէն զաւակներ ու թոռներ ունես, պէտք է քեզ պատասխանատու զգաս` նրանց քո հողին միացնելու համար: Հակառակ դէպքում գալդ ժամանակաւոր է: Իսկ ժամանակաւոր գալը հայրենիք վերադառնալ չէ:

Մենք յայտնուել ենք Սիրիայում,  հայրս Խարբերդից է եղել, մայրս Էրզրումից: Ու՞ր է Էրզրումը, ու՞ր է Խարբերդը եւ ու՞ր է Սիրիան: Ու՞ր է Քամշլի քաղաքը, որտեղ ես եմ ծնուել: Հայի ճակատագիր է սա…. Ես այսօր վաթսսուն տարեկան եմ, եւ ի՞նչ է մնացել ինձ` 10 տարի: Այս տասը տարուայ ընթացքում պէտք է ամէն ինչ անեմ, որ այս դժբախտութիւնս`օտար երկրում գտնուելու, չփոխանցուի իմ թոռներին ու զաւակներին: Իրենք պէտք է գան ու իրենց գերադաս չպէտք է համարեն: Հայրենիքը բոլորինն է: Բոլորը պէտք է գան եւ ներդրումներ կատարեն: Չեն կարող, ուրեմն կը տան իրենց գործը, գիտութիւնը, որպէսզի մեր երկիրը բարգաւաճի:

-Եւ որքանո՞վ էք մօտեցել ձեր նշած ամբողջական վերադարձի իրականացմանը:

-Այսօր գրեթէ ամէն ինչ Սիրիայից տեղափոխել եմ Հայաստան, բայց առանց Սիրիայում իմ գործը քանդելու: Տղաս այնտեղ է,  տէր կը լինի գործին, աղջկաս ամուսինը կը գայ հայրենիք: Եկող տարի թոռներս համալսարան պէտք է ընդունուեն: Չգիտեմ, թէ վաղը ինչ կը պատահի ինձ հետ. գոնէ աչքս բաց տեղափոխեմ իրենց Հայաստան, իրենց արմատներին միացնեմ, որ հանգիստ հրաժեշտ տամ աշխարհին:  Պէտք չի, որ ամէն սփիւռքահայ ծննդավայրում ունեցած գործը քայքայի եւ նոր վերադառնա հայրենիք: Կարող է մեղուի նման աշխարհի չորս կողմերի ծաղիկների բոյրն առնի, բայց վերադառնա իր փեթակին, մեղրը իր հայրենիքի մէջ կազմի: Այսինքն` շահէնք եւ Հայաստան բերենք, այլ ոչ թէ շահէնք եւ Ամերիկա տանենք:

-Հայրենիքում Ձեր ներդրումը ո՞րն է:

-Մի համալիր եմ կառուցել Երեւանի Պռոշեան փողոցում,  որտեղ գործում է սուպերմարկետ, ճաշարան, իրաւաբանական, տնտեսական խորհրդատուութեամբ զբաղուող գրասենեակ: Մօտաւորապէս 100 մարդ է աշխատում այս համալիրում: Եթէ ամէն հայ  իր ունեցուածքը տեղափոխի եւ 80 աշխատատեղ ստեղծի ժողովրդի համար,  այսօրուայ քաոսային իրականութեանը վերջ կը դրուի: Ժամանակ չկորցնենք, ինքնախաբէութեամբ չզբաղուենք եւ ինքնաճանաչում ունենանք: Մարդը` հայը, որ ինքնաճանաչում ունի, նշանակում է ուրիշին բարութիւն կարող է անել:

-Հայի ինքնաճանաչումը միայն հայրենիք վերադարձո՞վ է պայմանաւորուած:

-Բոլոր այն հայերը,  ովքեր Հայաստանում չեն եւ վերադառնալու հնարաւորութեանուն չունեն, նոյնպէս ոչ պակաս հայ են: Պէտք է նաեւ նկատի առնել, որ ոչ բոլոր վերադարձողներն են հայրենասէրներ: Պատմութեան ընթացքում ունեցել ենք 3 անուանում`թրքահայ, պարսկահայ եւ ռուսահայ:  Այսօր մենք մեր ձեռամբ ենք ստեղծում բելգիահայ, ամերիկահայ եւ այլն: Երբ մարդը գործ չունի, ի՞նչ կարող ենք այդ մարդուն ասել: Նշանակում է` մեր բոլորի նպատակը պէտք է լինի ուղղակի Հայաստանի զարգացումը: Մենք պէտք է մի բան հասկանանք` Հայրենիքը քեզ պէտք է դրամ չտայ, դու պէտք է Հայրենիքին դրամ տաս: Բայց ոչ թէ վնասով տուր, այլ տուր եւ շահիր:

-Ինչը՞ կը նպաստի Սփիւռք-հայաստան կապի ամրապնդմանն ու հայութեան հայրենիք վերադառնալուն կամ գոնէ չլքելուն:

-Երբեւէ որեւէ պետութիւն չի կարողացել բնակչութեան բոլոր պահանջները  իրականացնել: Բայց աւելի լաւ է սկզբից մտածենք հայաստանաբնակների կեանքը  բարելաւելու եւ դրանից յետոյ միայն ներգաղթը զարգացնելու մասին:  Ամէնի կապը ամրապնդելու լաւագոյն գործիքը հէնց ՀՀ սփիւռքի նախարարութիւնն է, որը գերազանց կատարում է իր ֆունկցիան:

Չեմ կարող համաձայնել, թէ Սփիւռքը զօրացնելով հայրենիքը կը զօրացնենք: Մենք պէտք է հասկանանք,  թէ Սփիւռքի որ համայնքը կարելի է օգտագործել ի նպաստ հայրենիքի բարօրութեան: Շատ գաղութներ կան, որոնք ոչ մի կերպ չեն ինտէգրւում այդ գործընթացին, եւ 10-15 տարուց ուղղակիօրէն կը դադարեն լինել: Ու՞ր է Հնդկաստանի գաղութը, ու՞ր է եգիպտահայ գաղութը, ու՞ր է պարսկահայերի 300 հազարանոց գաղութը: Առաջին հերթին պէտք է խօսենք Հայաստանի եւ հայութեան մասին: Փառք Աստծոյ, որ ես հայ եմ ծնուել: Եթէ նոյնիսկ 100 անգամ ծնուելու լինեմ, կ’ուզեմ հայ լինել: Փոքր ազգ ենք եւ աշխարհին մշակոյթ ենք տուել: Բայց այնքան մեզ չենք տուել, որքան ուրիշներին:

-Արդեօ՞ք այդ գնահատականը տարածւու՞մ է մերօրեայ իրականութեան վրայ եւ Սիրայում բնակուելու ձեր օրինակը կապ ունի՞ այդ կարծիքի հետ:

-Սիրիայում հայութիւնը յարգանք է վայելում: Ինքս էլ` իբրեւ հայ, յարգուած եմ, բայց դրա դիմաց միշտ առաքինի եմ եղել, եւ արաբ ժողովրդին տուել եմ ամէն ինչ իմ կարելիութեան սահմաններում: Արաբ ժողովուրդը դարերի ընթացքում 400 տարուց աւելի եղել է Օսմանեան տիրապետութեան տակ: Իրենց մշակոյթը ոչնչացրել են: Հալէպի կամ Դամասկոսի թանգարաններում 16-րդ դարից այն կողմ ոչինչ չկայ: Հայաստանի եւ Սիրիայի միջեւ կապերը պէտք է մենք ամրապնդէք եւ լինենք օրինակելի քաղաքացիներ, ինչը յորդորում են նաեւ երկու երկրների նախագահները:

Բայց Սիրիան երբեւէ իմ հայրենիքը չի դառնայ. այն իմ ծննդավայրն է:

Scroll Up