«Սփյուռք» ամառային դպրոցը` նոր մեթոդների ուսուցման կենտրոն

Եթե ամռան ամիսներին  շատերն իրենց արձակուրդն են վայելում ու շրջագայությունների մեկնում, ապա Սփյուռքի նախարարությունն այս  օրերին իր բազմաթիվ ծրագրերն է իրականացնում:

Գրեթե տասը օր է ՝ շարունակվում է Սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը: Բազմաթիվ ուսուցիչներ աշխարհի տարբեր երկրներից ժամանել են Հայաստան՝ մասնակիցը լինելու ծրագրին:

Աննա Բարեղամյանը նույնպես այդ մասնակիցներից է: Եկել է Բելգիայի Անտվերպեն քաղաքից, որտեղ կիրակնօրյա դպրոցի  հայոց լեզվի ուսուցչուհի է:  Դպրոցն արդեն երեք տարվա պատմություն ունի, իսկ Աննան մեկ տարի է՝ դասավանդում է. «Մեր գլխավոր խնդիրը երեխանների  մոտ սեր ու ցանկություն արթնացնելն է, որ նրանք հաճույքով գան  դպրոց: Քանի որ դպրոցը կիրակնօրյա է,  շատ երեխաներ այնքան էլ կարևորություն չեն տալիս, բայց  փորձում ենք հակառակն ապացուցել»,-պատմում է Աննան:

Որպեսզի դասը հետաքրքիր անցնի, Աննան օգտագործում է ժամանակակից տեխնիկա.  ֆիլմեր և մուլտֆիլմեր է ցուցադրում երեխաներին, որից հետո շատ ավելի հետաքրքրությամբ են լսում դասերը: Եվ թեպետ Աննան դասավանդման իր մեթոդներն ունի, բայց ծրագրին սիրով եկել է մասնակցելու մեծապես նոր մեթոդներ սովորելու համար. «Ծրագրի մասին վերջերս եմ իմացել դպրոցի հիմնադիրներից: Մեծ հաճույքով համաձայնեցի, քանի որ աշխատանքային փորձս դեռ այնքան էլ շատ չէ, ուզեցի նոր գիտելիքներ, նոր ձեռքբերումներ ունենալ: Մեր ստեղծագործական միտքն է մեզ առաջնորդում ծրագրեր ստեղծելիս, որոնցով դասավանդում ենք և ինձ հետաքրքիր էր՝ ինչպիսի  նոր ծրագրեր ու մեթոդներ կարող են առաջարկել այստեղ»:

Աննան մեծ ակնկալիքներով է Հայաստան եկել, շեշտում է, որ ծրագիրը շատ հետաքրքիր ու արդյունավետ է կազմակերպված, բայց քանի որ երաժշտության մասնագետ է, կցանկանար, որ  «Ազգային երգ ու պար»  առարկայի դասերն ավելի շատ լինեին:

Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացները մեկնարկել են հուլիսի 9-ից և դեռ շարունակվում են՝ ընդգրկելով բազմաթիվ միջոցառումներ, դասեր ու այցեր Հայաստանի տարբեր վայրեր:

Հռիփսիմե Գալստյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի 4-րդ կուրսի ուսանողուհի

Scroll Up