Արի տուն-2015.Սփյուռքահայ երիտասարդները պարուրված են Հայաստանի սիրով
ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի մասնակիցները շարունակում են պատասխանել «Հայերն այսօրի» հարցաթերթիկին:
Սփյուռքահայ պատանիների և աղջիկների՝ անկեղծ և անմիջական պատասխանները կարդալով կարելի է միանշանակ ասել, որ նրանք աշխարհասփյուռ լինելով հանդերձ պարուրված են Հայաստանի սիրով, իսկ գիտակցության մեջ արթուն են պահում հայ լինելու գաղափարը:
Ուզեցի զգալ Հայրենի հողի ուժը.Մարատ Գասպարյան- (Ուկրաինա, քաղաք Օդեսա)
–Համայնքս իմ աչքերով
-Շատ լավ համայնք ունենք: Համայնքի մեջ փորձում ենք հնարավորինս շատ հայերեն խոսել, որպեսզի չկորցնենք մեր հայկական արմատները:
–Ի՞նչ պատկերացում ես ունեցել Հայաստանի մասին մինչ այստեղ գալը
-Ցանկանում էի այստեղի ժողովրդի հետ ծանոթանալ՝ հասկանալու համար, թե ինչպիսինն են նրանք և ինչպես կվերաբերվեն ինձ:
Իմ բոլոր սպասումներն արդարացան…
– Հայաստանը տեսնելուց հետո ի՞նչ զգացումներ ունեցար
-Հասկացա, որ սեփական հող ունեմ: Այդ հողը մեր պապերն են դարեդար պահպանել և մեզ փոխանցել: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ չկորցնենք այդ հողերը, իսկ կորցրածն էլ հետ վերադարձնենք:
–Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել «Արի տուն» ծրագրին
-Ուզեցի զգալ Հայրենի հողի ուժը:
-Ի՞նչ տվեց քեզ «Արի տուն» ծրագրին մասնակցելը
-Ծանոթություն Հայաստանի պատմությանը:
-Ծրագրի շրջանակում այցելած ամենատպավորիչ վայրն այս ընթացքում
–Ամենից շատ տպավորված եմ Սարդարապատի հուշահամալիր այցելությունից:
-Հիշարժան դեպք «Արի տուն» ծրագրից
-Պետք է ասեմ, որ «Արի տուն» ծրագրում շատ հիշարժան դեպքեր են եղել, առանձնացնել չեմ կարող:
Ճիշտ է, ես Վրաստանի քաղաքացի եմ, բայց ինձ միայն հայ եմ զգում.Աշխեն Կակոսյան. (Վրաստան, գյուղ Նինոծմինդա)
– Համայնքս իմ աչքերով
– Իմ համայնքում բազմաթիվ հայեր են ապրում: Կազմակերպված, գործունյա համայքն է: Մեկ բառով ասած՝ Ջավախքը իմ երկրորդ Հայրենիքն է:
–Ի՞նչ պատկերացում ես ունեցել Հայաստանի մասին մինչև այստեղ գալը – Այսքան ժամանակ Հայաստանի մասին միայն գրքերի միջոցով եմ պատկերացում ունեցել. միշտ ընթերցել եմ, որպեսզի իմ երկրից գիտելիքներիս պաշարը հարստացնեմ: Այժմ, գտնվելով Հայաստանում, համոզվեցի, որ այն թանգարան է բաց երկնքի տակ:
–Հայաստանը տեսնելուց հետո ի՞նչ զգացումներ ունեցար
-Տպավորված էի հատկապես Հայրենիքիս գեղեցկությամբ: Միայն դրական կարծիք ձևավորեցի Հայաստանից: Շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանը, որ ինձ հրաշալի ժամանակ անցկացնելու հնարավորություն տվեց:
–Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել «Արի տուն» ծրագրին
– Որոշեցի մասնակցել, քանի որ ցանկանում էի լինել Հայաստանում: Ուզում եմ շատ տեղեկություններ ստանալ իմ Հայրենիքից, որովհետև նպատակս է ուսումս այստեղ շարունակել: Ճիշտ է, ես Վրաստանի քաղաքացի եմ, բայց ինձ միայն հայ եմ զգում, և այդպես էլ կշարունակվի:
-Ի՞նչ տվեց քեզ «Արի տուն» ծրագրին մասնակցելը
– Այս կարճ ժամանակահատվածում ես կարողացա լիովին բացահայտել Հայաստանը, պատմական մանրամասներ իմանալ հայ ժողովրդից, տեսարժան վայրերից: Շատ շնորհակալ եմ «Արի տուն» ծրագրին նաև այն բանի համար, որ հայոց լեզվի դասընթացների մասնակցեցի: Առաձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում հայոց լեզվի ուսուցիչներին.նրանք ամեն ինչ արեցին, որ Մայրենին սերտած վերդառնանք մեր երկրները:
Այս գեղեցիկ ծրագիրը սփյուռքահայ երիտասարդներին հայկական հողի ուժը զգալու մեծ հնարավորություն տվեց:
– Ծրագրի շրջանակում այցելած ամենատպավորիչ վայրն այս ընթացքում
-Այս օրերի ընթացքում հասցրեցի բազում գեղեցիկ պատմամշակութային վայրեր այցելել: Սակայն ամենատպավորիչն ինձ համար Խոր Վիրապն էր՝ իր հին ու նոր մնացած պատմությամբ:
-Հիշարժան դեպք «Արի տուն» ծրագրից
– Ամենահիշարժան դեպքն ինձ համար «Արի տուն» ծրագրից այն օրն էր, երբ մոտիկից տեսա Արարատը: Այն զգացողությամբ էի պատված, որ կարծես այն գրկումս լիներ: Ակամայից մտքիս եկավ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության տողերը.
Աշխարհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա,
Ես իմ Մասիս սարն եմ սիրում…
Իմ հոգում մեծ սեր արթնացավ դեպի Հայաստանը.Արմինե Պալոյան – (Վրաստան, գյուղ Սաթխա)
– Համայնքս իմ աչքերով
– Մեր համայնքում հայերը շատ են: Համայնքում մարդիկ հավաքվում են, քննարկումներ կազմակերպում: Իսկ ես փորձում եմ հետևել այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին:
–Ի՞նչ պատկերացում ես ունեցել Հայաստանի մասին մինչև այստեղ գալը
-Մինչև Հայաստան գալը Հայաստանի մասին տեղեկություններ եմ ստացել միայն համակարգչի միջոցով: Սակայն այդքանը չէր գոհացնում ինձ, որ լավ ճանաչեի Հայրենիքս: Ուստի որոշեցի գալ և ծանոթանալ Հայաստանի պատմությանը:
–Հայաստանը տեսնելուց հետո ի՞նչ զգացումներ ունեցար
–Միշտ երազում էի լինել Հայաստանում և մոտիկից տեսնել մեր ազգային արժեքները: Հիմա կարծես ինձ թեթև եմ զգում: Իմ հոգում մեծ սեր արթնացավ դեպի Հայաստանը:
–Ինչո՞ւ որոշեցիր մասնակցել «Արի տուն» ծրագրին
–Ապրելով Վրաստանում՝ շատ քիչ բան գիտեի Հայաստանի մասին. դպրոցում չենք ուսումնասիրում Հայոց պատմությունը: Այդ իսկ պատճառով որոշեցի մասնակցել «Արի տուն» ծրագրին:
– Ի՞նչ տվեց քեզ «Արի տուն» ծրագրին մասնակցելը
– «Արի տուն» ծրագրին մասնակցելն ինձ օգնեց ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներից եկած երիտասարդների հետ և ավելի մոտիկից ճանաչել Հայաստանը:
-Ծրագրի շրջանակում այցելած ամենատպավորիչ վայրն այս ընթացքում
– Ամենատպավորիչ վայրն ինձ համար Խոր Վիրապ այցելության օրն էր:
-Հիշարժան դեպք «Արի տուն» ծրագրից
–Հիշարժան եղավ այն դեպքը, երբ վախեցա մտնել Խոր Վիրապի վիհը:
Պատրաստեց Գևորգ Չիչյանը