Հրանուշ Հակոբյանը սփյուռքի բարդ խնդիրն է համարում հայոց լեզվի պահպանումը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/Hranush.jpg)
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայկական սփյուռքի առջև ծառացած ամենաբարդ խնդիրներից մեկն է համարում հայոց լեզվի պահպանման հարցը: Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրայանի հարցին, նախարարը նշեց, որ աշխարհով մեկ սփռված 8 միլիոն՝ գումարած նաև 2 միլիոն իսլամացած, հայերի շրջանում գնալով պակասում է հայերեն խոսողների թիվը:
«Գնալով պակասում է նաև հայկական դպրոցների աշակերտների թիվը: Դա, իհարկե, տարբեր պատճառներ ունի: Պատճառներից մեկն այն է, որ հայկական դպրոցների կողքին կան անգլիական, ֆրանսիական ավելի որակյալ դպրոցներ, և մարդիկ ցանկանում են իրենց երեխաներին ավելի որակյալ դպրոցներ տանել: Մյուս կողմից, մարդիկ կարծում են, որ այսօր այդ հեռավոր տարածքներում հայերենը՝ որպես լեզու, իրենց այդքան էլ պետք չէ: Մանավանդ, ծնողները գտնում են, որ իրենց երեխաներին պետք է արագ ինտեգրեն այն հասարակությանը, որտեղ ապրում են: Երրորդ պատճառն էլ խառը ամուսնություններն են, որոնք այս հարցում կարևոր գրավական են», «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը հայապահպանությունը համարում է իր կարևորագույն խնդիրներից մեկը: «Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ մենք Հայկական բարեգործական ընդանուր միության հետ ստեղծեցինք հայկական վիրտուալ քոլեջը, որը հնարավորություն է տալիս դպրոցներին միանալ քոլեջին և դասապրոցեսին մասնակցել», ասաց նախարարը: Հրանուշ Հակոբյանը նշեց նաև, որ հայ մնալու գլխավոր գրավականը հայրենիքը տեսնելն է:
«Դա է պատճառը, որ մենք երիտասարդների հայրենաճանաչողության ծրագրին մենք մեծ դեր ենք տալիս: Դուք կարող եք վստահ լինել, որ այն երեխան, ով մեկ անգամ լինում է Հայաստանում, տեսնում է Հայաստանը, ապա հաջորդ տարի կրկին ձգտում է Հայաստան գալ: Վերադառնալուն պես էլ նրանք իրենց շրջապատին փորձում են համոզել, որ հայերեն պետք է սովորել, Հայաստան պետք է այցելել», հայտնեց նախարարը: Հրանուշ Հակոբյանը կարևոր ծրագիր է համարում նաև Երևանի պետական համալսարանում ամառային դպրոցի ստեղծումը: «Ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք բոլոր համալսարաններում ամռանը դռները բացել և մեր հարենակիցներին ոգևորել ու բերել հայրենիք, հայերեն սովորեցնել, դա կլինի մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկը», շեշտեց նախարարը: Նա հավելեց, որ արդեն իսկ Հայատանից հայոց լեզվի բարձր որակավարում ունեցող մասնագետ է ուղարկվել Ավստրալիա, ով այնտեղ վերապատրաստում է հայոց լեզվի 40 ուսուցիչների: «Մենք օգոստոսին ևս մեկ մասնագետ ուղարկելու ենք Լատինական Ամերիկա, որտեղ նա կվերապատրաստի հայոց լեզվի 80 ուսուցչի», տեղեկացրեց Հակոբյանը: