Հրանոյշ Յակոբեան սփիւռքի բարդ խնդիրը կը համարէ հայոց լեզուի պահպանումը

ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան հայկական սփիւռքին առջեւ ծառացած ամենաբարդ խնդիրներէն մէկը կը համարէ հայոց լեզուի պահպանման հարցը: Ազգային ժողովին մէջ ՀՀ 2014թ. պետական պիւտճէի կատարման հաշուետուութեան քննարկման ժամանակ, պատասխանելով ԲՀԿ խմբակցութեան ղեկավար Նաիրա Զոհրայեանի հարցին, նախարարը նշեց, որ աշխարհով մէկ սփռուած 8 միլիոն` գումարած նաեւ 2 միլիոն իսլամացած, հայերուն մօտ երթալով կը պակսի հայերէն խօսողներու թիւը:

«Գնալով պակասում է նաեւ հայկական դպրոցների աշակերտների թիւը: Դա, ի հարկէ, տարբեր պատճառներ ունի: Պատճառներից մէկն այն է, որ հայկական դպրոցների կողքին կան անգլիական, ֆրանսիական աւելի որակեալ դպրոցներ, եւ մարդիկ ցանկանում են իրենց երեխաներին աւելի որակեալ դպրոցներ տանել: Միւս կողմից, մարդիկ կարծում են, որ այսօր այդ հեռաւոր տարածքներում հայերէնը` որպէս լեզու, իրենց այդքան էլ պէտք չէ: Մանաւանդ, ծնողները գտնում են, որ իրենց երեխաներին պէտք է արագ ինտէգրեն այն հասարակութեանը, որտեղ ապրում են: Երրորդ պատճառն էլ խառը ամուսնութիւններն են, որոնք այս հարցում կարեւոր գրաւական են»,­ «Արմէնփրէս»­ի հաղորդմամբ` ընդգծեց Հրանոյշ Յակոբեան:

Անոր խօսքով` ՀՀ սփիւռքի նախարարութիւնը հայապահպանութիւնը կը համարէ իր կարեւորագոյն խնդիրներէն մէկը: «Դրա վառ ապացոյցն է այն հանգամանքը, որ մենք Հայկական բարեգործական ընդանուր միութեան հետ ստեղծեցինք հայկական վիրտուալ քոլեջը, որը հնարաւորութիւն է տալիս դպրոցներին միանալ քոլեջին եւ դասապրոցեսին մասնակցել»,­ ըսաւ նախարարը: Հրանոյշ Յակոբեան նշեց նաեւ, որ հայ մնալու գլխաւոր գրաւականը հայրենիք տեսնելն է:

«Դա է պատճառը, որ մենք երիտասարդների հայրենաճանաչողութեան ծրագրին մենք մեծ դեր ենք տալիս: Դուք կարող էք վստահ լինել, որ այն երեխան, ով մէկ անգամ լինում է Հայաստանում, տեսնում է Հայաստանը, ապա յաջորդ տարի կրկին ձգտում է Հայաստան գալ: Վերադառնալուն պէս էլ նրանք իրենց շրջապատին փորձում են համոզել, որ հայերէն պէտք է սովորել, Հայաստան պէտք է այցելել»,­ յայտնեց նախարարը: Հրանոյշ Յակոբեան կարեւոր ծրագիր կը համարէ նաեւ Երեւանի պետական համալսարանէն ներս ամառնային դպրոցի ստեղծումը: «Ես կարծում եմ, որ եթէ մենք կարողանանք բոլոր համալսարաններում ամրանը դռները բացել եւ մեր հայրենակիցներին ոգեւորել ու բերել հայրենիք, հայերէն սովորեցնել, դա կը լինի մեր ամենամեծ ձեռքբերումներից մէկը»,­ շեշտեց նախարարը: Ան աւելցուց, որ արդէն իսկ Հայատանէն հայոց լեզուի բարձր որակաւորում ունեցող մասնագէտ  ուղարկուած է Աւստրալիա, որ այնտեղ կը վերապատրաստէ հայոց լեզուի 40 ուսուցիչներու: «Մենք Օգոստոսին եւս մէկ մասնագէտ ուղարկելու ենք Լատինական Ամերիկա, որտեղ նա կը վերապատրաստի հայոց լեզուի 80 ուսուցչի»,­ տեղեկացուց Յակոբեան:

 

Scroll Up