«Այս բոլորը ոչ միայն ցավ ու տառապանք էր, այլև՝ համախմբում, որով կարելի է միայն հպարտանալ». Հրանուշ Հակոբյան

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սփյուռքի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները բաժանեց վեց խմբի:

Առաջին  խումբը քաղաքական միջոցառումներն էին՝ տարբեր երկների կողմից ընդունված բանաձևերը, Ցեղասպանությունը դատապարտող որոշումները, որոնց մեջ մեծ դեր են ունեցել հայկական համայնքները:

Աշխարհում Հայոց ցեղասպանությունը դատապարտող ամենամեծ ցույցերը տեղի ունեցան ԱՄՆ-ում, Լիբանանում և այլ երկրներում:

Երկրորդ խումբը քարոզչական աշխատանքներն էին. անցող 95 տարիների ընթացքում այնքան չխոսվեց Ցեղասպանության մասին, ինչքան վերջին 3-4 տարիներին: Հայոց ցեղասպանությանը անդրադարձան աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցները: Այս ամենի մեջ մեծ դեր ունեցավ Երևանում կայացած Մեդիա ֆորումը և Սփյուռքում գործող ավելի քան 220 հայկական լրատվամիջոցների աշխատանքը:

Երրորդ խումբ հարցերը վերաբերում էին գիտական, հետազոտական աշխատանքներին: Բոլոր հեղինակավոր համալսարաններում, որոշ երկրների խորհրդարաններում կազմակերպվեցին գիտական համաժողովներ: Քննարկումներ տեղի ունեցան նույնիսկ Թուրքիայի համալսարաններում:

Չորրորդ խումբ հարցերը վերաբերում էին հրատարակչական գործունեությանը: Աշխարհի գրեթե բոլոր լեզուներով տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքեր, աշխատություններ, վեպեր:

Նախարարությունը նույնպես հրատարակչական աշխատանքներ է իրականացրել, որոնցից նախարար Հրանուշ Հակոբյանը առանձնացրեց Վիգեն Քոչարյանի «Հայոց ցեղասպանությունը՝ միջազգային փաստաթղթերում» աշխատությունը և «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը:

Հինգերորդ խումբ աշխատանքները նախարարը համարեց համայնքային ծրագրերը, մշակութային ձեռնարկները, երախտագիտության երեկոները:

Վեցերորդ խումբը վերաբերում էին եկեղեցական հարցերին: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ տարբեր երկրներում պատարագներ, եկեղեցական ձեռնարկներ են կազմակերպվել: Այդ միջոցառումների գագաթնակետերն էին Վենետիկում ապրիլի 12-ին Հռոմի Պապի կողմից  համաշխարհային նշանակություն ունեցող քայլը՝ պատարագը, Նարեկացուն Տիեզերական Վարդապետ հռչակելը, ինչպես նաև Մայր Աթոռում կայացած Սրբադասման արարողությունը:

Նախարարի խոսքով՝ այս բոլոր նախաձեռնությունները ոչ միայն ցավ ու տառապանք էին, այլև՝ համախմբում և կազմակերպում, որով կարելի է միայն հպարտանալ:

Scroll Up