Եթե հարցը հայերին է վերաբերում, թուրքական հետախուզությունը լավ է աշխատում

Թուրքական հետախուզությունը միայն մեկ փոքրիկ շրջանում 1600 հայ ընտանիք էր հայտնաբերել:
Թուրքիայում իսլամացած հայերի խնդիրը բարդ է այնքանով, որ բազմաթիվ ընտանիքներ իրենց համարում են թուրք կամ քուրդ, հանգիստ ապրում են առանց ազգային ինքնության վերնայման անհրաժեշտության, ամենևին չկասկածելով, որ հույժ գաղտնի ծրարներում իրենք հայ են համարվում, գրում է Armweeklynews.am-ը:
Հայկական մամուլի կողմից պատշաճ արձագանք չգտավ 2011 թվականի մի իրադարձությունը, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Թուրքիայի տարածքում իսլամացած հայերի խնդրի վրա: Եվ այսօր ավելի քան տեղին է անդրադառնալ այդ իրադարձությանը:
Հիշեցենք մի դատավարություն:
2011 թվականի սեպտեմբերին Ստամբուլի 16-րդ ծանր հանցագործություները քննող դատարանում լսվող ODA TV գործով մեղադրանք էր ներկայացված լրագրող Սեներ Յալչնին, որ նրան թուրքական զինված ուժերի և թուրքական հետախուզության ծառայության գաղտնի գործակալ Կաշիֆ Կոզինօղլու կողմից գաղտնի բովանդակությամբ 17 փաստաթղթեր են հանձնվել: Մեզ հետաքրքրողը ոչ այնքան լրագրողի դատավարությունն ու Թուրքիայի պետական գաղտնի փաստաթղթերի հեռուստատեսությանը հանձնման փաստն է , որքան ծպտյալ և իրենց արմատներին անտեղյակ 1600 հայ ընտանիքների ցուցակն է, որը բաղկացած է 84 էջից: Սա նշանակում է, որ թուրքական MIT հետախուզության ծառայությունը երկար տարիներ հատուկ ուսումնասիրություն է կատարել Թուրքիայի հատկապես հարավ-արևելյան մարզերում և մասնագիտությանը բնորոշ ջանասիրությամբ և ճշտությամբ հաշվել է հայ ընտանիքների քանակը:
Սակայն պետք է փաստել, որ այս տվյալները վերաբերում են միայն Դիարբաքրի Լիճե շրջանին: Այսինքն, մեկ փոքրիկ շրջանում Թուրքական MIT հետախուզական ծառայությունը հաշվել է 1600 հայ ընտանիք:
Եթե հաշվի առնենք, որ Դիարբաքրի շրջանում կան 14 շրջաններ, ապա մինչ օրս մեր պատկերացումները ծպտյալ և իսլամացած հայերի մասին Թուրքիայի տարածքում պետք է փոփոխությունների ենթարկվեն: Լիճե շրջանը Դիարբաքրի մարզի ամենափոքր շրջաններից մեկն է: Իսկ ի՞նչ արդյունքներ կլինի հայտնաբերած թուրքական հետախուզությունը ներկայիս Կուլպ, Չընար, Էրգենի և Սիլվան համեմատաբար մեծ շրջաններում: Նույնիսկ երևակայել հնարավոր չէ: