«Լռության դար». New Yorker­ը լայնածավալ հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին

Ամերիկյան New  Yorker պարբերականի գրող Րաֆֆի Խաչատուրյանը ծավալուն հոդված է հրապարակել «Լռության դար. Ցեղասպանությունից փրկված ընտանիքն ու նրա երկար ուղին» խորագրով, որտեղ պատմել է Դիարբեքիրում ծնված իր պապիկի պատմությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, նա ներկայացրել է, որ 1880­ականներին ծնված իր պապը կյանքի զգալի մասն անց է կացրել հենց Դիարբեիրքում:

Խաչատուրյանը ներկայացրել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության մանրամասները, այնտեղ մնացած հայերի մուսուլմանացումը, ազգանունը 1934 թ. համապատասխան օրենքի համաձայն Խաչատրյանից Օզաքդեմիրի վերափոխումը:

«Դիարբեիքրը դարձավ վիրավոր կոսմոպոլիտիզմի քաղաք, դրա փոքրամասնությունները` քրսիտոնյաները, հրեաներն ու հույները, մեծապես նվազեցին»,­ գրել է հեղինակը:

Նա ուշագրավ է համարում այն, որ թեպետ շուրջ մեկ դար է` Թուրքիան ժխտում է ցեղասպանությունը և անգամ պատժում դրա մասին բարձրաձայնելու համար, սակայն մեր օրերում Դիարբեքիրը, կոտրելով պաշտոնական քաղաքականության թեզերը, սկսել է խոսել այդ տարածքը որպես ընդհանուր հայրենիք ընկալելու մասին: Դեռ ավելին, շատ դիարբեքիրցի քրդեր սկսել են գիտակցել և բարձրաձայնել Ցեղասպանության իրականացման մեջ իրենց մեղավորության մասին:

«Թեպետ Հայոց ցեղասպանությունից անցել է մեկ դար, սակայն դրա իրագործման շատ մանրամասներ մնում են անհայտ: Համատարած պետական ժխտողականությունն արգելում է մուտք գործել պաշտոնական արխիվներ` ինչպես ակնհայտ, այնպես էլ քողարկված ձևերով:

Առանցքային օսմանյան փաստաթղթերը կորած են կամ ոչնչացված»,­ պատմում է Խաչատուրյանը:

Նա նշում է, որ մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ վրիժառության ցանկությունը մշտապես դժվար է եղել տարանջատել արդարության հասնելու ձգտումից: «Համայնքային կենտրոններում շատ հաճախ հնարավոր էր գտնել այն հայերի պոստերները, ովքեր քաղաքական սպանությունների շարքի ժամանակ սպանել էին թուրք պաշտոնյաների 70­80­ական թվականներին: Նրանք հերոսներ էին` ֆիդայիներ, և երեխաները խրախուսվում էին պատվելու նրանց, ինչպես նաև գրելու, եթե վերջիններս բանտում էին»,­ նշել է Խաչատուրյանը:

Scroll Up