Հաճելիորեն զարմացած եմ հայ մասնագետների մասնագիտական բարձր մակարդակով. ռուս իրավաբան
Ապրիլի 22-23-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Գլոբալ ֆորումի շրջանակներում կայացավ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովը:
Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի, «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» համահայկական մասնագիտական կազմակերպության աջակցությամբ:
«Հայերն այսօրի» հետ զրույցում իրենց կարծիքներն ու տպավորություններ են կիսել գիտաժողովի մասնակիցները, որոնք գոհունակություն են հայտնել գիտաժողովին մասնակից դառնալու և հատկապես տարբեր կարծիքների փոխանակման ու հարցերը քննարկելու հնարավորություն ունենալու համար։
Սուրեն Սերայդարյան (Ավստրիա) Արևմտահայոց ազգային համագումարի նախագահ
Իրավաբանների գիտաժողովը շատ կարևոր էր կարծիքների փոխանակման առումով: Սակայն այս բոլորը պետք է համակարգել, աշխատանքի բաժանում կատարել: Կան աշխատանքներ, որոնք կարող են իրականացնել արևմտահայերը կամ Սփյուռքը: Կան հարցեր, որոնք միայն երկիրը կարող է առաջ տանել: Օրինակ` միայն Հայաստանն է, որ կարող է միջազգային դատարան դիմել և սահմանային հարցերով զբաղվել: Սակայն իբրև իրավունքի տերեր` արևմտահայերի իրավունքները պաշտպանել կարող են միայն արևմտահայերը, հատկապես գույքերի հարցով: Համոզված ենք, որ աշխատանքի բաժանումը պետք է համակարգել, այսինքն, Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, թե մենք ինչ ենք անում և մենք տեղյակ լինենք, թե իրենք ինչ են անում: Այս աշխատանքներն ընդհանուր առմամբ լավ են կատարվում և լավ են ընթանում:
Վահե Թարոյան (Իրան) իրավաբան
Նախկին գիտաժողովների հետ համեմատելով, այս անգամ ավելի հուսալի զգացողություններ կան, քանի որ զգալի էր համատեղ աշխատելու ոճը, տարբեր մտքեր մեկտեղելը և մեկ նպատակի համար աշխատելը, թեկուզ տարբեր մոտեցումներով, տարբեր կարծիքներով:
Գիտենք, որ Հայ դատն իր աշխատանքն է կատարում ողջ աշխարհում, իսկ այն ինչ տեղի է ունենում այստեղ` տեղի կառույցի և պետության` Հայաստանի կառավարության կողմից, արդեն ուրիշ դիրք է և ուրիշ աշխատանք: Երկու ճակատ ունենք թուրքերի դեմ` Սփյուռքը կարող է առանձին իր ասելիքն ունենալ, իսկ Հայաստանի պետությունն իր ասելիքը:
Ես լավ եմ ինձ զգում, տեսնելով, որ ավելի ենք մոտենում իրար և միատեղում ենք մեր մոտեցումներն ու կարծիքները, քանի որ հակառակ պարագայում երկուսս էլ չենք հաջողի:
Արմեն Մարուքյան (Հայաստան) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմութեան բաժնի վարիչ
100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկներում գլոբալ ֆորումն ամենակարևորն էր և մասնագետների շրջանակներում ամենամեծ գործնական սպասելիքները: Գլխավորաբար այս ֆորումն էր, նաև իրավաբանների համաժողովը, որտեղ քննարկվեցին Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման, Հայոց ցեղասպանության հայցով միջազգային դատարան դիմելու և տարաբնույթ իրավական, միջազգային խնդիրները:
Հնչեցին տարբեր կարծիքներ, մոտեցումներ: Պետք է նշել, որ գիտաժողովն անցավ առողջ մթնոլորտում, եղավ նաև տեսակետների առողջ բախում: Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Հայաստանի և Սփյուռքի հայ իրավաբանները, նաև օտար մասնագետները լսեն այս կարծիքները և փորձեն հնչած տեսակետների, մոտեցումների, դիրքորոշումների շրջանակներում ձևավորել այն ուղղությունը, այն ռազմավարական, մարտավարական քայլերի հերթականությունը, որը մենք պետք է իրականացնենք Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման ճանապարհին, այդ թղթածրար կոչվածի ստեղծման ճանապարհին: Ի վերջո օգտագործելով բոլոր հնարավորությունները` հարկադրել Թուրքիային առերեսվելու իր պատմության հետ, ընդունել Ցեղասպանության փաստը և կատարել հաջորդող` հետևանքների հաղթահարման քայլը:
Մեթր Բյուզանդ Բասթաջյան (Լիբանան) իրավաբան
Մենք 100 տարի հետո ինչ ենք զգում կամ ինչ տեսանք. այս երկուսը պետք է ասենք: Հայկական հարցը վերածվել է Հայկական դատի` զարթոնքի շրջան ենք ապրում: Իրականության մեջ միասնականությունն է, որը կարևոր է. կրոնական, մտավորական, իրավական դասը հավաքված է: Մյուս կողմից կան գործարարներ, որոնք կարող ենք Հայ դատը առաջ տանել և հաջողություններ իրականացնել: Սփյուռքը գոհ է և ուրախ, որովհետև այսօր զարթոնք ենք ապրում: Գործը սկսել է արդյունք տալ: Կարծում եմ, որ 2015-ին ամենակարևորը Ցեղասպանության հարցը դեպի Հայ դատը վերածելն է:
Ռուբեն Կիրակոսյան (Ռուսաստան) Ռուսաստանի հայ փաստաբանների միության նախագահ
Շատ հետաքրքրական ու բովանդակալից ելույթներ լսեցինք, ծանոթացանք իրար հետ, հասկացանք` ինչքան միավորված ենք և մենակ չենք, և որ միասին հզոր ենք: Մնում է ճիշտ կազմակերպենք մեր աշխատանքային բաժանումները՝ հասկանանք` ով ինչ պետք է անի, որպեսզի զուտ տեխնոլոգիական կարգով այս խնդրին առաջխաղացում տանք։
Հիմնականը այն է, որ շատ հաճախ չենք իմանում, թե ինչ ուժեր ունենք: Տարին մեկ անգամ հավաքվելը շատ քիչ է, այդ պատճառով մենք առաջարկեցինք ստեղծել մասնագիտացված կայք, որտեղ կլինի փաստաբանական տեղեկատու, ցանց, որի միջոցով մենք կկարողանանք միմյանց հետ կապեր հաստատել, համաձայնության գալ, թե ով ինչ ծավալի աշխատանք պետք է կատարի
Վլադիսլավ Գրիբ (Ռուսաստան) ՌԴ փաստաբանների դաշնային միության փոխնախագահ
Շատ հաճելի էր ինձ համար մասնակցությունը, հաճելի էր այսքան մարդ տեսնել, որովհետև Ռուսաստանում շատ քչերը գիտեն այս ցավալի խնդրի մասին: Պետությունը, բոլոր փաստաբանները, որոնք այս հարցով ենք զբաղվում, պետք է շատ հետևողական լինեն, հայկական կառավարական փաստաբանական կազմակերպությունները պետք է Թուրքիային ճնշելու ուժ դառնան: Այդ մեկը պետք է ոչ միայն հայ ազգին, այլև թուրք ժողովրդին և ամբողջ աշխարհին:
Նա, ով մեղք է գործում, լինի անձ կամ պետական իշխանություն, գալիս է մի պահ, որ պետք է պատասխան տա և ներողություն խնդրի իր արարքի համար: Իբրև մասնագետ, ես հաճելիորեն զարմացած եմ հայ մասնագետների բարձր մասնագիտական մակարդակով:
Ալեքսանդր Հարությունով (Ռուսաստան) Մոսկվայի «Հարությունով և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի նախագահ
Համագումարը շատ կարոր նշանակություն ուներ ոչ միայն հայերի, այլև ամբողջ մարդկության համար, քանի որ մենք պետք է հասկանանք այդ բանաձևը, թե ինչպես է կարելի ոչ թե պատժել, այլ կանխել, որպեսզի ապագայում այսպիսի բաներ չկատարվեն:
Կարո Քամարյան (ԱՄՆ, Կալիֆորնիա) իրավաբան
Ես լսեցի ընկերներիս կարծիքները, կիսում եմ շատերի տեսակետները, շատերի հետ հիմքեր ունեմ հակառակվելու: Վերջապես` իրավաբաններ ենք, երբեմն պետք է հակառակվենք: Գիտաժողովից անձնական գոհունակություն ստացա, տեղեկացա, թե մեր ընկերները ինչպես են մտածում, ինչ են մտածում, ուր են գնում այս հարցերով և իրար հետ աշխատելով` ինչպիսի հայտարար կարող ենք գտնել: Այնպես որ, թե անձնապես, թե ազգայնորեն, որոշակի բավարարվածություն ստացա:
Ֆորումից շատ ակնկալություններ ունենք, դեռ անելու շատ գործ կա: Ինչպես լսեցիք, բավականին թղթածրարներ պետք է պատրաստվեն, իրավական ռեսուրսները պետք է համատեղվեն, որպեսզի կարողանանք ավելի ճիշտ ձևով, ավելի համապատասխան ձևով ներկայանալ: Ճիշտ ընթացքի մեջ ենք, հուսով եմ, որ մեր հաջորդ համագումարներին կիզակետ կունենանք մեր պահանջատիրությանը ավելի իրավական ձև տալու, հստակեցնելու, ճշգրտելու:
Քեյթ Նահապետյան (ԱՄՆ) ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի, ԱՄՆ կառավարության հետ կապերի պատասխանատու
Գիտաժողովը առիթ էր, որ ամբողջ աշխարհից մասնագետները հավաքվեն, մտքեր փոխանակեն, խոսեն, թե ինչ է կարելի անել, ինչ պետք է անել, նաև տեղեկանում ենք այն ամենի մասին, ինչն արդեն կատարվել է: Գիտաժողովի ամենակարևոր միտքն այն էր, որ համախմբեց տարբեր երկրների նույն ոլորտի մասնագետներին, որոնք իրենց հերթին միավորումներ են ստեղծում, որոնց շնորհիվ շարունակում են արծարծել այս խնդիրները և լուծումներ գտնել: