Պապական տունը Թուրքիայում հյուրանոց են դարձրել

«Ցավալին այն է, որ անընդհատ քանդվում են հայկական եկեղեցիները, եւ մինչեւ հիմա թուրքերը, քրդերն այդտեղ ոսկի են փնտրում: Երբ ես գնացի, ինձ հարցրին՝ քարտեզն ունե՞ս, ասացի՝ ես քարտեզ չունեմ, ոսկու հետեւից չեմ եկել, բայց պետք է ասեմ, որ ոսկին հողի տակ չէ, ոսկին այս քարերն են, այս մարդիկ են: Նրանք զարմացած ինձ էին նայում, թե ինչ եմ խոսում, քարն ինչպե՞ս կարող է ոսկի լինել, ասացի՝ այս քարերը փաստ են, սրանք իմ ոսկիներն են, եւ ես սրանց հետեւից եմ եկել: Տխուր է, որ եկեղեցու մեջ մտնում ես՝ մինչեւ 4-5 մետրանոց փոսեր կան»,- «Առավոտի» հետ զրույցում իր տպավորություններն է պատմում բրազիլահայ լուսանկարիչ Նորայր Շահինյանը:

Լուսանկարիչը 2012 թվականին առաջին անգամ գնացել է Թուրքիա՝ նախնիների հայրենիք՝ լուսանկարիչ պապի՝ Ավետիս Շահինյանի պատգամը կատարելու: Պապը ասել է՝ գնա, նկարիր ու պատմությունը ցույց տուր աշխարհին: Նորայրը ծնվել եւ մեծացել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, չհաճախելով հայկական դպրոց՝ հրաշալի տիրապետում է հայերենին՝ շնորհիվ հայալեզու ընտանիքի: Լուսանկարչական տաղանդը ժառանգել է պապից, որը 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ Արեւմտյան Հայաստանի Մարաշ քաղաքից գաղթել է Հալեպ եւ այնտեղ հիմնել իր լուսանկարչական ստուդիան:

Թուրքիայում Նորայրն այցելել է պապական տուն եւ տեսել, որ տունը հյուրանոց է դարձել, որն աշխատեցնում է մի թրքուհի կին: Սակայն վերանորոգված հյուրանոցի սենյակներից մեկի պատին կինը ձեռք չի տվել, քանի որ այնտեղ գրություն է եղել: Գործարար կինը, ինչպես Նորայրն է պատմում, մտածել է, որ օրերից մի օր այս տան տերերի ժառանգները կայցելեն, եւ չի սխալվել: «Այս գիրը գրեցի 1922-ին Նշան Էֆենտիի մօտ տունը 25 օր կեցայ հիմա կ՛երթամ Հելա Հալեպ, մնաք բարով ընկերներ ով որ կարդայ Պետրոս թող յիշէ զիս… Տեր …պ… Եան»,- այս գիրը կարդալուն պես, Նորայրի խոսքերով, արցունքները մի կերպ է զսպել:

Նորայր Շահինյանը պատմեց, որ երբ առաջին անգամ ոտք է դրել Թուրքիա՝ ձեռքին ունեցել է միայն «Ակօս» թերթի հասցեն եւ այդ թերթի հիմնադիրներից մեկի՝ Սարգիս Սերոբյանի հեռախոսահամարը. «Նա ինձ շատ օգնեց Թուրքիայում, եւ միասին քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, քար-քար այցելել ենք: Խնդիր ունեցա. երբ առաջին անգամ գիրը գտա, մեծ աղմուկ եղավ Թուրքիայում, եւ հոդվածներ գրվեցին դրա առիթով, եւ մարդիկ կային, որ հետեւում էին ինձ»:

2012 թվականից սկսած՝ ամեն տարի մի քանի ամսով Նորայրը այցելել է Թուրքիա, որպեսզի ավարտին հասցնի ուսումնասիրությունը: Նրան իր գործում շատ է օգնել հայկական համայնքը: Տարիների աշխատանքը հավաքել է մեկ գրքում եւ հրատարակել 1500 օրինակ՝ երեք լեզուներով՝ հայերեն, թուրքերեն եւ անգլերեն: Լուսանկարիչն այս գրքում «Դատարկության զորությունը» խորագրով լուսանկարներում ներկայացրել է հայերի քարուքանդ եղած տները, եկեղեցիներ, քանդված դպրոցներն ու այն կյանքը, որը փոխվել է շատերի համար: «Հարցնում եմ՝ ինչո՞ւ, ինչ կատարվեցավ, ո՞ւր են այդ մարդիկ, որ հոս կաբրեին, կաղոթեին, դաս կառնեին»,- ասում է Նորայրը: Նա իր լուսանկարների մի շարք էլ անվանել է «Ծրագիրը ձախողված է», որտեղ լուսանկարները պատմում են այն մասին, որ թուրքերի գծած ծրագիրը, ըստ որի՝ մեկ հատ հայ չպիտի մնար, չհաջողվեց:

Նորայրը այցելելով Թուրքիայի Վագըֆլը հայկական վերջին գյուղ՝ այնտեղ գտել եւ լուսանկարել է 25 հայ պապիկների, որոնք Քեսաբի գրավման ժամանակ անցած տարի չցանկանալով լքել իրենց տները՝ հայտարարել են. «Մեզ կոտորեք, մենք մեր Քեսաբի մեջ կուզենք մեռնել»: Նորայրի պատմելով՝ այդ մարդկանց հավաքել եւ բերել են Թուրքիայի սահմանի մոտ՝ Վագըֆլը գյուղին շատ մոտ: Այս բնակավայրը մուսալեռցիների գյուղն է, որտեղ ապրում են 250 հայեր: Նրանք ունեն եկեղեցի, եւ գյուղացիները այդ ծերունիներին 50 օր պահել են իրենց մոտ: «Այդ մարդկանցից մեկի հետ իմ հանդիպումը շատ հուզիչ էր, քանի որ նա եւս լուսանկարիչ էր, եւ երբ պատմեց, թե ինչպես է պապիկիս ստուդիան հաճախել, հուզվեցի»:

Նորայրը լուսանկարել է 95-ամյա մի կնոջ՝ Պաքրիճիողլուն, որի նախնիները նույնպես Ցեղասպանության ժամանակ զոհվել են, իսկ նա որբացել է: Այդ կինը, Նորայրի խոսքերով, մեծացել է քրդերի մեջ, սակայն նրա 5 սերունդը չի ձուլվել եւ հայ է մնացել: Նորայրը նկարել է նաեւ նրա գերդաստանին, որոնք ապրում են մի հարկի տակ՝ Քախթայում: Թուրքիա գալուց առաջ Նորայրը վախ է ունեցել, քանի որ, նրա խոսքերով. «Բրազիլիայում վախով են մեզ մեծացրել, որ թուրքին պիտի ատես, դրոշը պիտի այրես, եթե քեզ տեսնեն, ապա կսպանեն, իսկ եթե դու տեսնես՝ դու պետք է սպանես: Եվ առաջին անգամ Թուրքիա գնալուց փոքր-ինչ վախ կար մեջս, բայց քանի որ ես շատ եմ ճանապարհորդել եւ սիրում եմ վախը ադրենալին դարձնել, գնացի: Ես էլ նման բաներ չեմ մտածել, մենք պետք է Հայաստանից դուրս էլ հայ լինենք, եւ կային նաեւ հայեր, որոնք խաչը վզներից կախած ման էին գալիս եւ ասում էին, որ հայ քրիստոնյա ենք»:

Նորայրի խոսքերով՝ իր նպատակն է, որ ամբողջ աշխարհը եւ հատկապես իր սերունդը տեսնի եւ ճանաչի եղածը. «Գնա Թուրքիա, այդ պետության հետ հարաբերություններ ստեղծի՝ լուսանկարիչը լուսանկարչի հետ, պատմաբանը՝ պատմաբանի: Կան շատ թուրքեր, որ ընդունում են Ցեղասպանությունը եւ ասում են՝ ամոթ մեր պետությանը, որ չի ընդունում Ցեղասպանությունը: 100-ամյակը չի մնա, 101-ը պիտի գա, 102-ը, թվերը բան չեն փոխի, պետք է այնտեղ գնանք եւ շատանանք. կարեւորը այս վերջի տարիների տեսածս է. այն, որ 1000 հոգի էին այն հայերը. որոնք հելնում էին Թուրքիայում Ցեղասպանության հիշատակի օրը, հիմա արդեն 10 հազար հայեր կան»:

Նորայր Շահինյանի լուսանկարները ցուցադրվել են Թուրքիայում՝ ապրիլի 23-ին: Սեպտեմբերին էլ Նորայրը պատրաստվում է Հայաստանում ցուցահանդես կազմակերպել:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

4-1 4-1-3

Scroll Up