Մեկնարկեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը

Հուլիսի 5-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի կողմից կազմակերպված իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը, որին մասնակցում են մոտ 100 անվանի իրավաբաններ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովին ներկայացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Բնավ պատահական չէ, որ հայ իրավաբանների ուշադրության կենտրոնում են Հայոց ցեղասպանության իրավական հիմնախնդիրները: Դուք տեսական և գործնական մասնակցություն եք ունենում դրա միջազգային ճանաչման գործընթացներին: Գնահատելի են ձեր ջանքերը տարբեր երկրների պետական և քաղաքական կառույցների ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին բևեռելու և ճշմարտությունը համայն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ՝ նպաստելով աշխարհի որևէ կետում ցեղասպանության ահավոր ոճիրի կրկնության կանխարգելմանը»:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես ասաց. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ չափազանց կարևոր է ոչ միայն մեր պայքարին նոր թափ հաղորդելը, այլև այն առավել կազմակերպված և գիտական հիմքերի վրա դնելը: Ցեղասպանությունից անցել է շուրջ 100 տարի, մնացել են ցեղասպանության վերքերն ու հետևանքները, սակայն, ի հեճուկս ցեղասպանություն գործած Թուրքիայի, հայ ժողովուրդն այսօր կա, ունի երկու պետություն և հզոր Սփյուռք, ուստի պատմական արդարության վերականգնման ուղղված մեր պայքարը դեռ առջևում է»:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը,  ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՄԻԵԴ-ի դատավոր Ալվինա Գյուլումյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Շնորհավորելով համաժողովի մասնակիցներին ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ՝ բանախոսները կարևորեցին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում հետագա անելիքները իրավական հարթությունում: Միջազգային մարտահրավերներին դիմակայելու համար կարևորվեց միջազգային իրավունքի երիտասարդ մասնագետների պատրաստումը, ովքեր կներկայացնեն հարցի իրավական քննարկումը միջազգային ատյաններում: Համաժողովը նոր խթան կհանդիսանա «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ստեղծված պետական հանձնաժողովի և Սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնաժողովների առավել արդյունավետ գործունեության համար:

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և միջազգային իրավական միտքը» թեմայով նիստի ընթացքում քննարկվեցին միջազգային ատյաններում Հայ Դատի իրավական լուծման հարցը բարձրացնելու նպատակահարմարության, պահանջատիրության ձևակերպման, համարժեք գույքային և տարածքային փոխհատուցման, հետևանքների վերացման և այլ հարցեր: Իրավաբանները անդրադարձան նաև Սևրի և Կարսի միջազգային պայմանագրերի իրավական հետևանքների, մարդու իրավունքների ոլորտում որպես առաջին միջազգային պայմանագիր Ժնևյան կոնվենցիայի հետադարձ ուժի կիրառման, պետական հանցագործությունների հանդեպ միջազգային իրավահաջորդության հետ կապված հիմնախնդիրներին:

Համաժողովի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. Իրականության պարադիգմները և մարտահրավերները» գրքի շնորհանդեսը: Համաժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Համաժողովն իր աշխատանքները կշարունակի հուլիսի 6-ին:

IMG_8136

IMG_8091

Scroll Up