Դամասկոսում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը: Հիշում և պահանջում եմ» խորագրով արաբերենով դասախոսություն
Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում Հայոց ցեղասպանության 100-ամյակի երիտասարդական հանձնախմբի կազմակերպմամբ տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը: Հիշում և պահանջում եմ» խորագրով արաբերեն լեզվով երիտասարդական դասախոսություն: Այս մասին տեղեկանում ենք Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջից: Դասախոսությունը վարել է Սարգիս Պրունսուզյանը:
100-րդ տարելիցի երիտասարդական հանձնախմբի անունից ողջույնի խոսքով հանդես է եկել Հասմիր Եայլայանը: Դասախոսությանը ներկա են գտնվել քույր եկեղեցիների երիտասարդական միությունների ավելի քան հարյուր ունկնդիր: Դալար Ալահվերդյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի երիտասարդական հանձնախմբի կողմից պատրաստված ապրիլյան միջոցառումների ծրագիրը:
Երեկոյի ավարտին Նազարեթ Նազարյանը, Արա Քահքեջյանը և Մարինա Նազարեանն արաբերեն բեմադրել են Թալեաթի և Գրիգոր Զոհրապի վերջին հանդիպումը: 100-րդ տարելիցի երիտասարդական հանձնախմբի անունից Արտո Նաջարյանը շնորհակալություն է հայտնել բոլորին՝ միջոցառմանը ներկա գտնվելու համար: Ապա փակման խոսքվ հանդես է եկել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանը: