Կմեկնարկի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը

Հուլիսի 5-ին ժ. 10:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության և «Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի» կողմից կազմակերպած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը:
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սահմանադրական դատարանի և Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:
Համաժողովին մասնակցում են մոտ 100 անվանի իրավաբաններ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից:
Համաժողովն անցկացվելու է 3 թեմատիկ նիստերով՝
- Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը և միջազգային իրավական միտքը,
- Հայոց Ցեղասպանություն. հատուցման և հետևանքների վերացման իրավական հիմնահարցեր,
- Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սփյուռքում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության իրավական հարցեր:
Համաժողովի շրջանակներում հուլիսի 5-ին ժամը 16:00 Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. Իրականության պարադիգմները և մարտահրավերները» գրքի շնորհանդեսը և այցելություն Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Համաժողովն իր աշխատանքները կշարունակի հուլիսի 6-ին: