ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքը՝ «Հայ կինը Հայոց ցեղասպանության տարիներին և հետո» գիտաժողովին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/hhm.jpg)
Հարգելի բարեկամներ,
Ուրախ եմ ձեզ ողջունել Սփյուռքի նախարարությունում, ուրախ եմ, որ մենք ՀՕՄ-ի կենտրոնական վարչության հետ որոշեցինք գումարել նման համաժողով և կարծում եմ՝ խորհուրդ կա այն իրողության մեջ որ այսօր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին՝ հայ կանայք հավաքվել են համատեղ քննարկելու հայ կնոջ դերը Ցեղասպանության տարիներին և դրանից հետո: Բոլորիս քաջ հայտնի է, որ հայ կինը հայ ընտանիքի հիմքն է, հիմնասյունն է, այն տաճարը, որի վրա կառուցվում է հայկականությունը:
Հայությունը հիմնվում է չորս զորավոր հիմնասյուների վրա. դա հայ ընտանիքն է, հայ դպրությունն ու հայոց լեզուն, հայ մշակույթը, հայ հավատք: Եվ այս կարևորագույն սյուների հիմքում շաղախված է հայ կնոջ կերպարը, նրա ինքնազոհությունը, նվիրումը իր ընտանիքին, իր ազգին, իր հայրենիքին: Այդպես է և՛ Հայաստանում, և՛ Հայաստանի սահմաններից դուրս:
Եվ, եթե մենք քննելու լինենք թե ո՛վ է հայ կինը, ապա կարող ենք ասել, որ հայ կինը լինելով մի փոքրիկ մասնիկը աշխարհում ապրող կանանց, մնացածներից տարբերվում է նախ և առաջ իր ընտանիքին անսահման նվիրվածությամբ: Եվ ցավոք սրտի, հայ կինը ստիպված է եղել կրել հայոց պատմության ծանրագույն բեռը, անցել պատմության տարբեր հանգրվաններով:
Հայ կինն էր, որ հայրենիքի համար մղվող պայքարի առաջամարտիկներից ու քաջամարտիկներից է եղել՝ Վարդանանց պատերազմից մինչև Սարդարապատ, ֆիդայական շարժումից մինչև Արցախյան պատերազմը, Սփյուռքում հայապահպանության պայքարից մինչև այսօրվա Հայաստանի կառուցումը:
Հայ կինն ամենուր է, որտեղ կա հայություն, Հայաստան ու հայկականություն: Եվ ցավոք սրտի, հայ կինը պատմության ընթացքում կրեց այն սարսափներն ու տառապանքը, որով անցավ մեր ժողովուրդը: Եվ պատմության տարբեր հոլովույթներում նա մարտնչեց, պայքարեց ու ապրեց:
Եվ զարմանալի չէ, որ հայ ժողովրդի դժվար պատմության ընթացքում հայ կինն ավելի տառապեց, քան հայ տղամարդը: Որովհետև մենք ոչ միայն հայրենիք կորցրեցինք, ոչ միայն 1.5 միլիոն զոհ տվեցինք, ոչ միայն մեր եկեղեցիները, մեր դպրոցներն ու մշակութային հուշարձանները կորցրեցինք, այլև այնպիսի բարոյական, ֆիզիկական տառապանքների ենթարկվեցինք, որ ուղղակի աննկարագրելի է: Եթե հայ տղամարդուն վերցնում էին և անմիջապես բանակ էին քշում կամ սպանում էին, ապա հայ կնոջը փորձում էին բռնաբարել, գերեվարել, փորձում էին մահմեդականացնել, ամուսնանալ նրա հետ: Եվ այդ տարիներին հայ կինը սարսափելի, զարհուրելի տառապանքների ենթարկվեց: Եղել են տարածքներ, որ երբ թուքերը փորձել են տեղահան անել, կանայք որոշել են գյուղերով մեռնել, բայց տեղահան չլինել: Եղել են գյուղեր, որտեղ կանայք նույնիսկ մահաբեր հաբեր են խմել, որպեսզի թուրքերի ձեռքը չընկնեն: Եղել են դեպքեր, երբ շատ մայրեր, իրենց աղջնակների ձեռքը բռնած բարձունքներից վար են նետվել անդունդները կամ Եփրատի ալիքների մեջ, որպեսզի չընկնեն թուրքերի ձեռքը: Եղել են նաև դեպքեր, երբ մայրը ստիպված է եղել իր զավակներից մեկին հանձնել ենիչերիներին, որպեսզի մյուս զավակը ծարավից չմեռնի և կարողանա ջուր խմել: Եվ, եթե մենք դիտարկելու լինենք, դասդասելու լինենք այս ամենը, ապա կտեսնենք, որ կային ուրիշ սարսափելի տառապանքներ, որոնք հայ կնոջ համար կրկնակի ցավ էին. հայ կնոջը մահմեդականացնում էին, ենթարկում բռնի ամուսնության, ստրկացման:
Եթե նույնիսկ 1909 թվականին ընդհանրապես վերացած էր գերությունը, սակայն Օսմանյան Կայսրությունում սկսեց գործել հայ գերիների վաճառքի շուկա: Նրանք 7-8 տարեկան երեխաներին վաճառում էին մի քանի ղուրուշով, 15-16 տարեկան աղջնակներին վաճառում էին մի քանի արծաթով, ավելի գեղեցիկ կամ հարուստ ընտանիքների կանանց վաճառում էին զինվորականներին կամ բարձրաստիճան զինվորականներին: Եվ մահմեդականացման սարսափների միջով անցնող հայ կինը փաստորեն ապրում էր կենդանի ցեղասպանություն. նա տառապեց, ատամները սեղմեց, դաջվեց: Եվ այդ դաջվածքները, որ թուք կանանց վրա դնում էին որպես պտղաբերության կամ գեղեցկության խորհրդանիշ, ապա հայ կանանց վրա դրվում էր որպես խարան: Մինչև այսօր էլ այդ տառապանքների գինը մենք զգում ենք մեր մաշկի վրա: Մինչդեռ Թուրքիան փորձում է հակադրվել, ժխտել այդ ամենը:
Եվ փառք ու պատիվ այն միսիոներներին, ովքեր ոչ միայն որբահավաք կազմակերպեցին և փրկեցին հայ կանանց գերությունից ու ստրկությունից, այլև պայմաններ ստեղծեցին, որ նրանք գոյատևեն:
Թուրքը չկարողացավ իրականություն դարձնել իր երազանքը: Ցեղասպանությունից փրկված հայերը տարածվեցին ամբողջ աշխարհում, վերընձյուղվեցին, զարգացան և ուժեղացան: Փառք ու պատիվ նաև ԱՄՆ նախագահին, ով այդ ժամանակ ստեղծեց հայերի օգնության հիմնադրամը, որը հետագայում դարձավ Մերձավոր Արևելքի օգնության հիմնադրամ, և դրա միջոցներով բացվեցին տասնյակ ու տասնյակ որբանոցներ Սիրիայում, Լիբանանում, Հունաստանում, Եվրոպայում, Ամերիկայում, և նույնիսկ՝ Հայաստանում: Այդ օգնության շնորհիվ հնարավոր եղավ Թուրքիայից 132 հազար կին ու որբուկ տեղափոխել Ամերիկա և զբաղվել նրանց խնդիրներով: Դանիացի միսիոներուհի Քարեն Եփփեն, համագործակցելով արաբական աշիրաթների առաջնորդների հետ, մինչև 1928 թ. մուսուլման գերողներից կարողացավ փրկել 2000 հայ կին և երեխա: Նրա օգնությամբ մի շարք վայրերում հիմնվեցին այրիանոցներ, ուր ապաստան գտան դաժան չարչարանքների զոհ դարձած բազմաթիվ հայ կանայք: Ի երախտագիտություն մեծ մարդասերի, սիրիահայ համայնքն իր դպրոցներից մեկը կոչեց նրա անունով:
1915-1920 թթ. Ամերիկայում չկար մի տուն, որ ճաշից առաջ աղոթելիս չասեր` «Հիշիր սոված մնացած հայերին»: Նրանց օգնության շնորհիվ էր, որ սկսեցին գործել հայկական բազմաթիվ կառույցներ:
Ուրեմն ինչպե՞ս մենք այսօր շնորհակալություն չասենք նրանց:
Հարգելի ներկաներ, այսօր ես չեմ կարող չհիշել երկու տաղանդավոր, հզոր հայ կանանց.
Զաբել Եսայան անուն-ազգանունը հայտնի է բոլորիս: Նա ոչ միայն տաղանդավոր գրող էր, այլև հայ կնոջ իրավունքների պաշտպանը: Նա, որպես հայկական ազգային պատվիրակության նշանակովի քննիչ, մասնակցություն է ունեցել Փարիզի խաղաղության խորհրդաժողովին և իր ելույթում ներկայացրել բոլոր այն սարսափները, որոնց միջով անցել էր հայ կինը: Սրան զուգահեռ Զաբել Եսայանը նշում է նաև, որ հայ կինը եղել է նաև դիմադրողական շարժումների մասնակից` ունենալով բարոյական բարձր մակարդակ, քաջություն ու ոգի, դարեր շարունակ մեծ դեր կատարելով քրիստոնեական հավատքը, հայկական ինքնությունն ու քաղաքակրթությունն անխափան պահելու գործում:
Զաբել Եսայանի ելույթը հայանպաստ ազդեցություն թողեց Ֆրանսիայի հանրային կարծիքի վրա:
Չեմ կարող նաև փառք ու պատիվ չասել մեր Դիանա Աբգարին, ով 1918-20 թթ. լինելով Հայաստանի Առաջին Հանրապետության հյուպատոսը Ճապոնիայում, ոչ միայն իր գործունեությունն էր իրականացնում՝ Հայաստան պետությունը ներկայացնելով Ճապոնիայում, այլ նաև այնտեղ հասած մեր հայ կանանց, գաղթականներին, կարողանում էր փաստաթղթավորել, կարողանում էր օգնել: Ասում էին՝ նրա գրասենյակը դարձել էր հայ գաղթականների ընդունման կենտրոն, իսկ նրա բնակարանը՝ հայ գաղթականների հյուրանոց, և նա կարողանում էր այդ ամեն ինչ անել և մերոնց մինչև Ամերիկա հասցնել: Ուզում եմ ասել, որ, իրոք, գտնվեցին բարեգութներ, բարեսեր մարդիկ, գտնվեցին օտարներ, հատկապես օտարներին շնորհակալություն, որովհետև նրանք էին, որ մեծ դերակատարություն ունեցան մեր պատմության ամենաողբերգական և ամենադրամատիկ պահերին:
Թուրքը չկարողացավ իր երազանքն իրականություն դարձնել: Նա, փաստորեն, ուզում էր տեսնել մեկ հայ, և այն էլ թանգարանում, սակայն մոխիրներից հրաշքով փրկված հայ ժողովրդի բեկորները հաստատվեցին նախևառաջ Արաբական աշխարհում, այնուհետև տարածվեցին ամբողջ աշխարհի տարբեր տարածքներում, և ազգը վերընձյուղվեց, ազգը վերակենդանացավ, ազգը շտկեց իր եղեռնահար ողնաշարը և սկսեց ապրել, սկսեց ապրել՝ ի հեճուկս Թուրքիայի, սկսեց պայքարել, կառուցել, ստեղծել, կրթվել, զարգանալ և այսօր մենք հպարտությամբ ենք ասում, որ արդեն 21-րդ դարի ծեծված, սոված, ջարդված, անկարող հայերը չենք, մենք 21-րդ դարի հզոր, ուժեղ, կարող, կազմակերպված, գրագետ, պահանջատեր հայերն ենք, որոնց այլևս Թուրքիան չի կարող գլխատել: Եթե նա փորձի լռեցնել Հայաստանին, ապա կխոսի Ռուսաստանը, Ռուսաստանին լեռցնի՝ կխոսի Եվրոպան, Եվրոպային՝ կխոսի Ամերիկան: Հասել է ժամանակը, որ Թուրքիան իրեն պատասխան, հաշիվ տա, որ միևնույն է, ինքը պարտավոր է ընդունել Հայոց ցեղասպանությունը, որ ինքը պարտավոր է ընդունել պատմությունը, որ ինքը պարտավոր է զբաղվել հետևանքների վերացման հարցերով:
Սիրելի´ քույրեր, 3 հարցի վրա ես կուզենայի ուշադրություն դարձնել. մենք շատ ենք խոսում և անընդհատ հիշում 1895-23 թթ.՝ այդ ամենաողբերգական ժամանակահատվածը, և անընդհատ ասում, որ Օսմանյան Կայսրությունն այսպիսի հանցագործություն է կատարել մարդկության դեմ, որ անպայման պետք է պատասխան տա կամ այսօրվա իրավահաջորդը պետք է ճանաչի և ընդունի: Ես կարծում եմ՝ այսօրվա Թուրքիայից ևս մենք պահանջելու բան ունենք, որովհետև, եթե այսօր իմ Հայրենիքի սահմանները փակ են, եթե միլիարդավոր դոլարների վնաս է հասցվում մեր տնտեսությանը և Հայաստանում մարդիկ աղքատ են ապրում՝ դրանում Թուրքիան է մեղավոր, և նա պետք է պատասխան տա:
Երկրորդ՝ Թուրքիան պետք է պատասխան տա Սփյուռքին, որովհետև, եթե այսօր աշխարհի տարբեր ծայրերում ապրող սփյուռքահայը իր ժամանակը, իր միջոցները, իր ֆինանսները, իր հանգիստը ներդնում է պայքարելու արդարության վերականգնման համար, ի՛ր պապերի, ի՛ր իրավունքների վերականգնման համար, ո՞վ կարող է չափել նրա այդ տառապանքների գինը, այն հոգեկան իրավիճակի գինը, որ ապրում է հայ մարդը, հայ ժողովուրդը Հայրենիքից հեռու:
Եվ, վերջապես, այսօրվա Թուրքիան, կարծում եմ պատասխան պետք է տա այն 2,5-3 միլիոն իսլամացած հայերի համար, ովքեր ապրում են Թուքիայում և 100 տարի վախեցել են բարձրաձայնել իրենց ինքնության, իրենց հայկական արմատների մասին: Նրանք առավոտից մինչ 18.00-ն ապրել են որպես թուրք, իսկ 18,00-ից հետո՝ ապրել են որպես հայ: Այսօր էլ նրանցից շատերը դեռ ապրում են այդ երկկենցաղ կյանքով, որովհետև վախենում են: Եվ Թուրքիան պետք է պատասխան տա նաև այդ վախի ու տառապանքի համար: Եվ փառք ու պատիվ նաև այն խիզախ հայերին, ովքեր այսօր Թուրքիայում հայտարարել են իրենց հայ լինելու մասին, գալիս են ու մկրտվում են, գալիս են և ուզում են հայերեն սովորել: Այսօր մենք ունենք Դիարբեքիրից՝ Տիգրանակերտից, երկու երիտասարդ, ովքեր եկել են և մեր աջակցությամբ Երևանի պետական համալսարանում հայերեն են սովորում, որպեսզի վերադառնան Տիգրանակերտ և հայկական դպրոցներ բացեն:
Այս օրերին հայերը ոչ միայն Ստամբուլում, այլ նաև Զեյթունում, Դիարբեքիրում, Վանում, Կարսում, Ադանայում, Այնթափում և այլուր պատրաստվում են ապրիլի 24-ին ոգեկոչել Ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Դա նշանակում է, որ որոշակի զարթոնք կա: Ինչպես ասում են՝ ջինը դուրս է եկել շշից և Թուրքիան չի կարող կանգնեցնել այս շարժումը:
Եվ վերջապես, ես չեմ կարող չխոսել ապրիլի 12-ին Վատիկանում տեղի ունեցածի քաղաքական, հոգևոր, համաշխարհային, միջազգային նշանակության մասին: Հռոմի Պապը հզորություն, մեծություն է, ով քաղաքական խիզախություն ունեցավ հայտարարել Հայոց ցեղասպանության մասին, ով ոչ միայն բառեր շաղ տվեց, այլ 1915-ից մինչև մեր օրերը գոյություն ունեցող փաստաթղթերի ուսումնասիրության վրա հենվելով՝ հայտարարություն արեց: Նա աշխարհին դաս տվեց, զգոնության կոչ արեց և այսօր աշխարհում չի գտնվի մի կաթոլիկ, ով հակառակը պնդի: Ինչքան որ Էրդողանը կեղծ հայտարարություններ անի, այնքան նա փոքրանում է, ավելի է նսեմանում է, որովհետև Հռոմի Պապը մնում է Հռոմի Պապ: Ես այնտեղ նստած հպարտանում էի, որ երկու քույր եկեղեցիներն այսպես ներդաշնակորեն կարող են հոգեպարար, հոգեցունց պատարագ մատուցել: Լինելով պահպանողական եկեղեցի՝ մատուցվեց մի պատարագ, որպիսին չէր տեսել Սուրբ Պետրոսի տաճարի պատերը: Եվ այդ պահպանողական ավանդույթները խախտվեցին ու միացան հայկականության հետ, հայկական խոսքի, հայկական աղոթքի, հայկական դուդուկի հետ: Դրանով նաև ցույց տրվեց, թե ինչպիսին է հայ ժողովուրդը: Սա գնահատական էր դարավոր հայ ժողովրդին, դա գնահատական էր Նարեկացուն, ում դասելով տիեզերական վարդապետների շարքը՝ Պապը հայտարարեց, որ հայ ժողովուրդը ինչպիսի քաղաքակրթության կրող է, որ նույնիսկ, 10-11 դար առաջ ապրած Նարեկացի Աստվածաբանն այսօր արդիական է: Եվ նա քրիստոնեական ընտանիքի հիմնադիր դարձավ և այսուհետև բոլոր եկեղեցիները պետք է զբաղվեն նրա ուսմունքով: Սա նույնպես մեր ժողովրդի տաղանդի, հանճարի գնահատականն է: Կարծում եմ, որ մեր պատմության մեջ կմնա նաև ապրիլի 23-ը, երբ մեր եկեղեցին կսրբադասի Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին, և նրանց հոգիները վերջապես կհանգստանան: Դրանով նաև մենք մեր հոգու պարտքն ենք մատուցում մեր անմեղ զոհերին:
Սիրելի՛ բարեկամներ, այս տարին կդառնա շրջադարձային Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պայքարում: Եվ յուրաքանչյուր հայ անելիք և ասելիք ունի: Ահա թե ինչո՛ւ, սիրելի քույրեր, որ ես դիմեցի Սփյուռքում ապրող մեր երիտասարդներին՝ հետևյալ հորդորով, հետևյալ կոչով. ուզում ես մի կարևոր, մի կոնկրետ գործ անել Ցեղասպանության 100-րդ տարում, ուրեմն՝ հայերեն սովորի՛ր, հայերեն խոսի՛ր, մի՛ կորցրու մայրենին: Եթե մենք կորցնենք մեր հավատքն ու լեզուն՝ մեզանից հայ չի մնա: Իսկ հայկականության պաշտպանը դուք եք Սփյուռքում: Դուք եք որ ձեր երեխաներին ստիպում եք հայերեն խոսել, Հայաստան գալ, հայորեն ապրել:: Եվ ես ուզում եմ իմ ելույթն ավարտել մեծն Գարեգին Նժդեհի խոսքերով. «Մայրերի ափի մէջպիտ փնտրել ազգերի ճակատագիրը»: Ուրեմն, շարունակեք ձեր մեծ ու ազգանպաստ գործը:
Շնորհակալություն:
Երևան, 17.04.2015