ԱԵԿ-ի սաները «ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագրում
Հունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2013թ. երկրորդ փուլի բացումը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Վրաստանի հայ համայնքից, ծրագրի այս փուլին մասնակցում են տասնչորս պատանիներ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնից: Ելույթ ունեանլով 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությանը՝ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի սան Մելինե Հովակյանն ասաց. «Բարև´, Հայաստա´ն… Բարև´, իմ երկի´ր: Ամբողջ Ջավախքի անունից ողջունում եմ ձեզ և վստահ եմ, որ այս համատեղ օրերի ընթացքում հնարավորություն կունենանք ճանաչելու և՛ միմյանց, և՛ այն երկրներն ու շրջանները, որոնք ներկայացված են :Համոզված ենք, որ Մայր հայրենիքում կազմակերպված այս կարևոր միջոցառումը հնարավորություն կտա ոչ միայն նոր ընկերներ և գաղափարներ ձեռք բերել,այլև ավելի լավ ճանաչել այսօրվա Հայաստանը: Շնորհակալ ենք Սփյուռքի նախարարությանը,որ ծավալում է հայասիրական և հայապահպան գործունեություն և հիմա էլ հնարավորություն է տվել մեզ`Ջավախահայերիս, «Արի տուն» ծրագրին մասնակցելու»:
Ծրագրի յուրաքանչյուր փուլը տևում է երկու շաբաթ: Այդ ընթացքում մասնակիցները շրջում են Հայաստանի տեսարժան վայրերով, մասնակցում հայոց լեզվի և հայրենագիտության դասընթացների, հանդիպում պետական այրերի, մշակույթի գործիչների հետ: Նրանց համար կազմակերպվում են ազգային երգ ու պարի դասեր, մարզական միջոցառումներ: