Բազմահազարանոց բողոքի ցույց Լոս Անջելեսում

«Կընդունին թե չեն ընդունիր ՝ տարբերություն չըներ,

                     խնդիրը  իմս է, ես պիտի պայքարեմ…»: 

                                        Հրանտ  Դինք 

 Լոս Անջելեսում  ապրիլի 24 ին  «Միացյալ հայ երիտասարդներ»  (UYA)   կազմակերպությունը   Հոլիվուդի «Little Armenia» (Փոքրիկ Հայաստան) կոչվող տարածքում  կազմակերպեց քայլարշավ-բողոքի ակցիա` նվիրված 1915 թվականի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Այս քայլարշավը թվով 14-րդն էր:

Հոլովուդի  Փոքրիկ Հայաստան կոչվող տարածք էին դուրս եկել բազմահազար հայորդիներ` իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու ամբողջ աշխարհին, գերպետություններին եւ հատկապես թրքական կառավարությանը, որ նա վերջնականապես գիտակցի, ճանաչի եւ ընդունի իր նախնիների կողմից կատարված Հայոց  ցեղասպանության հանցանքի ողջ ծանրությունը:

  Քայլարշավի բացումը վերապահվեց Հյուսիսիային Ամերիկայի Արեւմտյան թեմի գերաշնորհ սրբազաններ  Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին եւ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին: Նրանք իրենց Հայրապետական աղոթքով հայտարարեցին երթի բացումը:

Քայլարշավի բացման արարողությունից հետո  օրվա գլխավոր բանախոսներից ՝ կոնգրեսական Ադամ Շիֆը նույնպես հայտնեց իր զորակցությունը հայ ժողովրդին` ասելով,  որ  «….թրքական կառավարությունը չի կարող շարունակել իր ժխտողական պահվածքը և պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:  Օրվա բանախոսը,  իր բարեկամությունը  հավաստիացնելով, ևս մեկ անգամ փաստեց իր նվիրվածությունը, երբ  հանելով իր վերնաշապիկը՝  ցույց  տվեց  վերնաշապիկի տակից հագած Ցեղասպանության նկարով շապիկը:

  Այնուհետև  սկսվեց երթը:

  Նշենք, որ  բազմության առջևից մինչև երթի ավարտը քայլեցին հոգևոր այրերը,  Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս  Սերգեյ Սարկիսովը ՝ հյուպատոսկան ամբողջ կազմի  ուղեկցությամբ, հայ և այլազգի քաղաքական  գործիչներ, հայտնի դեմքեր,  ամերիկյան կրթական համակարգի ներկայացուցիչներ,  հայրենակցական միության անդամներ, «Դուքենդո»  ֆեդերացիայի նախագահ  Գոռ Վարդանյանը ՝ իր սաների հետ, և վետերաններ:

Քայլարշավի ընթացքում բազմահազար հայորդիներ անգլերենով և հայերենով վանկարկում էին. «Ամոթ Թուրքիային, պայքարելու ենք մինչև վերջ, թող երբե՛ք Ցեղասպանություն չլինի, 1915 թվականը երբե՛ք չկրկնվի» կոչերով:

  Թեև եղանակը շատ շոգ էր, բայց դա չէր խանգարում, որ մարդիկ երթին մասնակցեին, քանի որ բոլորի սրտերում  մեր նախնիների կրած հալածանքի վրեժն էր, որ 1915 թվականին մի ամբողջ  ժողովրդի տեղահան արեցին, սպանեցին՝ չխնայելով ո՛չ մանուկներին, ո՛չ մեծահասակներին, ո՛չ կույս աղջիկներին, ո՛չ մայրերին, ո՛չ հղի կանանց և ո՛չ անզեն երիտասարդներին….

Նշենք, որ Հոլիվուդի Փոքրիկ Հայաստան կոչվող տարածքում երիտասարդները պատրաստել էին բեմահարթակ, որտեղից էլ երթի մասնակիցներին դիմավորեց ամերիկահայ երգչուհի Մարիա Կոզետը «Ադանա» երգով, որի  կատարումը տարածվել էր ամբողջ  թաղամասում:

Տեղեկացնենք, որ բեմահարթակից ելույթ ունեցան  օտարազգի պատկան ներկայացուցիչները ,  որոնք իրենց ելույթներով  ևս  դատապարտեցին  Թուրքիայի կողմից կատարված  1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտման փաստը՝ ավելացնելով, որ իրենք միշտ զորավիգ են լինելու հայ ժողովրդին` մինչև իրենց արդար դատը: Շատ ազդեցիկ էր Հոլիվուդի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցու ՝ տեր Վիգեն քահանա Վասիլյանի ելույթը, ով իր խոսքով է´լ  ավելի ոգևորեց հայորդիներին ՝ մեջբերելով մեծն Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի  «Ղողանջ եղեռնականից»  հետևյալ տողերը. « Ուզեցին մեկ հայ թողնել, և այն էլ թանգարանում»,  ավելացնելով, որ  …«…սիրելի ժողովուրդ ահավասիկ թուրքի երազանքը չիրականացավ»՝ ցույց տալով բազմահազար ժողովրդի ներկայությունը:

Խոսքով հանդես եկան նաեւ «Միացյալ հայ երիտասարդներ» (ՄՀԵ) կազմակերպության նախագահ Արութին Հարությունյանը,  կազմակերպության պատասխանատուններ Միլենա Մաիլյանը և Վիլեն Խաչատրյանը:

Տեղեկացնենք, որ  Լոս Անջելեսում տարիներ շարունակ  «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության կողմից կազմակերպվող այս քայլարշավները իրենց բնույթով և մասնակիցների բազմությամբ հայկական և միջազգային լրատվամիջոցների կողմից գրանցվել են որպես սփյուռքահայերի պամության ամենազդեցիկ և խոշորագույն քայլարշավները:

  Երթը ավարտվելուց անմիջապես հետո մասնակիցները շտապեցին դեպի Մոնթեբելո քաղաքում կառուցված Ցեղասպանության կոթողի մոտ` մասնակցելու «Միացյալ մարմնի» կազմակերպած Հայոց  ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը:

   Արդեն տարիներ շարունակ Մոնթեբելո քաղաքում կառուցված հուշարձանը կարծես թե դարձել է Հայոց մեծ ուխտատեղի, Արդարությունը վերագտնելու ուղի, որտեղ ամեն տարի բազմահազար հայորդիներ ներկա գտնվելով` իրենց հարգանքի տուրքն են մատուցում անմեղ զոհերի հիշատակին եւ խոստանում, որ պահանջատեր են լինելու այնքան ժամանակ, մինչև թուրք ժողովուրդը ճանաչի ու ընդունի իր նախնիների կողմից 20-րդ դարի պատմության մեջ կատարված  Ցեղասպանությունը: Այնտեղ ևս  ելույթ ունեցան հայ և օտար նշանավոր քաղաքական գործիչներ, Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ, Գլենդել քաղաքի նորանշանակ քաղաքապետ Զարեհ Սինանյանը,  որոնք դատապարտեցին թրքական կառավարությանը՝  մերժողական դիրք ընդունելու համար:

   Օրվա միջոցառումը ամփոփեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս  Սերգեյ Սարկիսովը, ով իր ազդեցիկ ելույթի ընթացքում  շնորհակալություն հայտնեց օրվա բանախոսներին` իրենց ելույթների համար, և նշեց.  «Ես չեմ խոսելու որպես գլխավոր հյուպատոս, այլ` որպես  4 զավակի հայր:  Կատարվածը ողբերգություն է, 1,5 միլիոն մարդկային կորստի  ցավը դեռ մեր սրտերում է այս տարիների ընթացքում:   Իմ  մեծ հայրն էլ է եղել   մեծ գերդաստանի միակ փրկվածը,  և այդ   ցավը իմ սրտում է»:

   Իր ելույթում նորանշանակ գլխավոր հյուպատոս պարոն Սարկիսովը դիվանագիտորեն և շատ նրբանկատորեն  արտահայտվեց, որ «….Այս հզոր երկրի՝ Միացյալ նահանգների նախագահն ու կառավարությունը չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ապագան ՝  ճանաչելով  Ցեղասպանությունը  և ճանաչելով  Արցախը: Այսօրվանից սկսած՝ ամբողջ տարվա ընթացքում Ոգեկոչման տարի է: Եկե´ք  ոչ միայն հայերի մասին խոսենք, այլև հաղորդագրություն ուղարկենք ամբողջ աշխարհին, որ երբեք չլինի ցեղասպանություն, և   երբեք չլինի մարդկանց դեմ ոտնձգություն»:

Հատկանշական է, որ   Լոս Անջելեսի կրթական համակարգի պատմության մեջ առաջին անգամն էր, որ Գլենդել և հարակից  Լա Քրասենտա քաղաքների դպրոցներում Ապրիլի 24-ը հայտարաված էր ոչ դպրոցական օր,  որպեսզի աշակերտները նույնպես մասնակցեին օրվա  հիշատակման միջոցառումներին:

Լոս Անջելեսի կրթական համակարգի պաշտոնյաներից Նաիրի Նահապետյանը և Արմինե Կարպետյանը խոստացան, որ պայքարելու են, որպեսզի մյուս քաղաքներում էլ Ապրիլի 24-ը հայտարարավի ոչ դպրոցական օր:

 Նույն օրը բողոքի ակցիա անցկացվեց Լոս-Անջելեսում թրքական հյուպատոսության շենքի առջեւ՝ կազմակերպությամբ  Հայ երիտասարդաց դաշնակցության:

 Ի դեպ,  ողջունելի էր, որ  հայկական բոլոր խանութները, սննդի օբյեկտները, տարբեր տեսակի հայկական բիզնեսները այդ օրը փակ էին:

Հայոց  ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները լուսաբանում էին հայկական և ամերիկյան խոշորագույն հեռուստաընկերությունները:

Գայանե Մանուկյան

Լոս Անջելես

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8)

Scroll Up