Ռուսաստանում Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվությունը բավարար չէ. ռուսաստանցի լրագրող
Հայոց ցեղասպանության մասին Ռուսաստանում գիտեն, սակայն այդ մասին տեղեկատվությունը բավարար չէ: «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ընթացքում Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ռուսական բիզնես ալիք» (РБК) հեռուստաընկերության լրագրող Յուլյա Մակարովան:
«Ցեղասպանության մասին մեզ մոտ իհարկե գիտեն, սակայն ես չէի ասի, որ տեղեկատվությունը բավարար է: Միգուցե, դա գալիս է նաև նրանից, որ հիմա մեր երկրում առկա են բավականին լուրջ ներքին խնդիրներ, որոնք, իրավամբ, գրավում են հասարակության ուշադրությունը: Իհարկե, Ռուսաստանում կա հայկական մեծ համայնք, որը ևս նպաստում է խնդրի լուսաբանմանը»,-մեկնաբանելով ցեղասպանության լուսաբանման խնդիրը` ասաց Յուլիա Մակարովան:
Այնուհանդերձ, ըստ լրագրողի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի թեման Ռուսաստանում թրենդային համարել չի կարելի: Ռուսական հեռուստաընկերության ներկայացուցիչը եզրափակելով խոսքը նշեց, որ հարցը արծարծվում է ԶԼՄ-ներում «կետային» տարբերակով, այն է` որոշակի տեղեկատվական առիթի պարագայում: