Թուրքիայում նախաձեռնող խումբը ցանկանում է առերեսվել պատմությանը. Ստամբուլում Ցեղասպանության մասին համաժողով տեղի կունենա

Թուրքիայում լրագրողներից, փաստաբաններից և մարդու իրավունքների պաշտպաններից բաղկացած նախաձեռնող խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համաժողով է նախապատրաստում՝ «2015թ.-ից 1 պակաս. Մեր անցյալն ու ապագան» խորագրով։

Ինչպես տեղեկացնում է Hye Tert-ը, նախաձեռնողները հետաքրքրված բոլոր անձանց հրավիրում են մարտի 16-ին կայանալիք համաժողովին։

Demokrat Haber կայքի խմբագիր Մեհմեթ Գյոջեքլին ասում է, թե եթե իրենց ժողովուրդն այդքան շատ է սիրում պատմությունը, պատմական գրքերը, հաղորդումներն ու սերիալները, ապա իրենք առաջարկում են միասին կարդալ պատմությունն ու պարզել՝ ի՞նչ է տեղի ունեցել 1915թ.-ին։

Նախաձեռնողները նշում են, որ պետությունն արդեն սկսել է պատրաստվել Ցեղասպանության 100-ամյակին։ «Եթե նրանք քաղաքական նպատակներով են պատրաստվում, մենք էլ պատրաստվում ենք խոսել իրականության մասին և առերեսվել մեր անցյալին»,-ասում է Գյոջեքլին՝ ընդգծելով, որ 1915թ.-ի Հայոց ցեղասպանության թեման այնքան կարևոր է, որ այն չի կարելի կառավարության քաղաքականությանը հանձնել։

Նա նշել է, թե Թուրքիայի տարածքում բնակվող ամեն մարդ պետք է հարցնի՝ «1915թ.-ին ի՞նչ է տեղի ունեցել», և կոչ է արել, որ ամեն մարդ կատարի իր պարտականությունը։

«100 տարի առաջ Հաքքարիի բնակչության կեսն ասորի էր, Վանի բնակչության կեսը՝ հայ։ Եկեք մտածենք՝ ո՞ւր գնացին այդ մարդիկ, ինչո՞ւ գնացին։ Ձեզ չի՞ հետաքրքրում»,-ասում է Գյոջեքլին ու ավելացնում, որ իրենց նպատակը պարզապես քննարկելն ու խոսելն է և դադարել այնպես վարվել, կարծես այս հողերում նման ողբերգություն չի եղել։

Նա նշում է, որ ազատ, հավասար և ժողովրդավար ապագա ստեղծելու համար պետք է առերեսվել անցյալին։

Թերթ.am

Scroll Up