ՀՀ սփյուռքի նախարարի այցը Այնճար

Մարտի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Այնճար: Նախարարին ուղեկցում էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Երևանի ժամանակակից արվեստի պատկերասրահի տնօրեն Նունե Ավետիսյանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի անդամներ Շահան Գանտահարյանը և Արթուր Գունդաքջյանը:

Այնճարի «Ս. Զեյթլյան» կենտրոնում նախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը դիմավորեցին նախկին նախարար Փանոս Մանճյանը, քաղաքապետ Կարո Փամբուքյանը, ՀՅԴ «Կ. Լեռ» կոմիտեի, Մուսալեռան հերոսամարտի 100-րդ ամյակի կենտրոնական մարմնի, ՀՅԴ «Կ. Լեռ» կոմիտեի դաստիարակչական-քարոզչական հանձնախմբի անդամները և ներկայացուցիչները:

«Ս. Զեյթլյան» կենտրոնում ՀՅԴ «Կ. Լեռ» կոմիտեի դաստիարակչական-քարոզչական հանձնախմբի ատենապետ Կարո Փիլավճյանը ներկայացրեց Այնճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկները:

Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանը խոսեց Հերոսամարտի 100-ամյակի առթիվ կատարվելիք ձեռնարկների մասին: Հավաթյանը տեղեկացրեց, որ առաջիկա օգոստոս և սեպտեմբեր ամիսներին՝ Այնճարում ծրագրված են 16 ձեռնարկներ  Մուսալեռան հերոսամարտի 1ՕՕ-ամեակի տոնակատարությունների շրջանակում, իսկ Բեյրութում` երկու ձեռնարկ: Նա նշեց, որ Այնճարում տեղ ունենալիք ձեռնարկների ավարտից հետո  մուսալեռցիները պետք է ուղևորվեն Հայրենիք, որտեղ  տեղի պիտի ունենա 1ՕՕ-ամյակի եզրափակիչ հանդիսությունները:

Զեկույցները լսելուց հետո նախարար Հրանուշ Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց օժանդակելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի ձեռնարկների իրագործմանը:

Հանդիպման ավարտին Հ.Յ.Դ. «Կ. Լեռ» կոմիտեի անունից «Ս Զեյթլյան» կենտրոնի գործավարուհի Ռիտա Քյուսբեքյանը նախարարին հանձնեց Այնճարի ավանդական աստեղնագործության նմուշ:

Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը, դեսպան Աշոտ Քոչարյանը և նրանց ուղեկիցները՝ ՀՄԸՄ Այնճարի շեփորախմբի առաջնորդությամբ մեկնեցին Ս. Պողոս եկեղեցի: Եկեղեցում հյուրերին դիմավորեցին տեր Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանը, եկեղեցու թաղական խորհրդի անդամները, Այնճարի երեք վարժարանների աշակերտները և ուսուցիչները, մեծ թվով այնճարցիներ:

Հյուրերը Սուրբ Պողոս եկեղեցում ներկա գտնվեցին Հայոց ցեղասպանության նահատակների հոգեհանգստյան արարողությանը, որից հետո մեկնեցին Մուսալեռան հերոսամարտի հուշարձան և ծաղկեսպակ զետեղելով՝ հարգեցին Մուսալեռան հերոսամարտի նահատակների հիշատակը:

Այնուհետև հյուրերն ուղղվեցին ժամանեցին Գալուստ Գյուլբենկյան սրահ, որտեղ Լիբանանի և Հայաստանի օրհներգները լսելուց հետո ՀՅԴ «Կ Լեռ» կոմիտեի անդամ Խաժակ Այնթապլյանը բոլորի անունից ողջունեց նախարարին և բոլոր հյուրերին:

Այնթապլյանը նախարարին շնորհակալություն հայտնեց Այնճարի հանդեպ ջերմ վերաբերմունքի համար, գնահատեց Հայաստանի դեսպանատան աշխատանքը՝ այնճարցիների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու պայմանները դյուրացնելու համար:

Այնուհետև խոսքը փոխանցվեց Հրանուշ Հակոբյանին:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը իր խոսքում նշել է, որ հայը որտեղ էլ որ հաստատվի՝ ստեղծում է փոքրիկ Հայաստան՝ իր դպրոցներով, ակումբներով, միությունն. այդ ամենի վկան այսօր Այնճարն է: Նախարարը շեշտել է, որ այնճարցիները՝ իբրև Ցեղասպանությունը վերապրողների ժառանգներ, ունեն անհատական, համայնքային և համազգային իրավունքներ, ինչպես նաև հատուցման հարցեր և պահանջատիրություն՝ Թուրքիայի կառավարությունից:

Նախարարը ներկաներին կոչ է արել պատրաստել երիտասարդությանը, որպեսզի նրանք շարունակեն իրենց պապերի պայքարը և լինեն օրինակելի երիտասարդներ՝ պահելով հայերենը և բարձրացնելով ազգի և հայրենիքի պատիվը:

Անդրադառնալով Սիրիայում տիրող կացությանը՝ Հրանուշ Հակոբյանը ընդգծել է, որ Հայաստանի պետությունն իր հնարավորությունների սահմանում ամեն ինչ անում է՝ սիրիահայերին Հայաստանում պահելու համար և լուծելու նրանց կրթական, առողջապահական և բնակարանային խնդիրները:

Իր խոսքն ուղղելով մուսալեռցի-այնճարցիներին՝  նախարարն ասել է.

«Սիրելի այնճարցի-մուսալեռցիներ, Ես Ձեզանով շատ հպարտ եմ: Իմ բոլոր ելույթներում և հանդիպումների ժամանակ ես միշտ Այնճարի օրինակն եմ բերում»:

Ձեռնարկի ավարտին Հրանուշ Հակոբյանը Այնճարի քաղաքապետին է հանձնել հատուկ հուշանվեր:

  987431Anjar8Anjar6Anjar5Anjar 4Anjar 3anjar 1naxnax1nax3nax444

Scroll Up