«Նամակ թուրք հասակակցիս. Վերադարձրո՛ւ ինձ իմ հայրենիքը…». Արփի Պետրոսյան
Բա´րև թուրք հասակակից: Նախքան այս տողերը թղթին հանձնելը` շատ եմ մտածել՝ ո՞ւմ եմ գրում, ինչո՞ւ եմ գրում: Ուզում եմ, որ ասելիքս ճիշտ ընկալես, որովհետև դրանից կախված կլինի իմ ու քո ապագան: Չեմ կարծել, որ այսքան կդժվարանամ խոսքս շարադրել. գուցե պատճառը քո թուրք լինե՞լն է: Երբեք չեմ մտածել, թե ազգությունը կապ կունենա մարդու հետ հարաբերվելիս. մարդը՝ մարդ է՝ անկախ ազգությունից, մաշկի գույնից: Բայց սա այդ դեպքը չէ. դու թուրք ես, ու ես դժվարանում եմ քեզ նամակ գրել:
Անունս Արփի է, ծնվել եմ Իրաքում, որտեղ իմ նախնիները հայտնվել են ո´չ իրենց կամքով: Այսօր ապրում եմ Հայաստանում, իմ այն մի բուռ հայրենիքում, որը փոքրացել է քո նախնիների շնորհիվ: Զարմացա՞ծ ես…
Փորձում եմ պատկերացնել քո դեմքը, աչքերի արտահայտությունը, դիմախաղը, երբ կկարդաս նամակս: Դու հավանաբար գիտես, թե քո նախնիների պատճառով ինչքան ենք մենք տառապել, խոշտանգվել, անմարդկային կտտանքների ենթարկվել, տեղահանվել: Գիտես նաև, որ վերստին վերագտել ենք մեզ, որտեղ էլ եղել ենք, ուր էլ հասել ենք՝ շինել ենք կամուրջ, կապել ենք կամար, ամեն տեղ հերկել, հասցրել բերքեր,ամենքին տվել միտք, առած, երգեր…
Ճանաչո՞ւմ ես Պարույր Սևակին, նա հայ բանաստեղծ է: Նրա «Մենք քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը (և ոչ միայն) մարտահրավեր է քո ազգի կողմից կատարված նախճիրին: Դու նույնպե՞ս կարծում ես, որ չպետք է ընդունեք Ձեր մեղքը, ոճիրը, եղեռնագործությունը: Մի՞թե խիղճդ քեզ չի տանջում, մի՞թե հոգուդ վրա չի ծանրացել միլիոնավոր զոհերի թափված արյունը: Ավելի լավ չի՞ լինի, եթե ընդունես մեղքդ, հանցանքդ, փորձես մաքրագործվել ու ապրել, թերևս, թեթևացած կյանքով:
Դու չե՞ս երկնչում այն մտքից, որ քայլում, ապրում ես այն հողի վրա, որը քոնը չէ, որը ներծծված է հայի սուրբ արյունով: Դու ի՞նչ սրտով ես ապրում, չէ՞ որ ես թույլ չեմ տվել քեզ ապրել իմ հողի վրա, իմ տանը: Դու գողի, մարդասպանի ժառանգ ես…
Բայց ընդունելով քո 100-ամյա մեղքը` դու կարող ես փոխվել: Լսո՞ւմ ես ինձ, մտածի՛ր, փորձի՛ր քայլ անել, փորձի՛ր Մարդ դառնալ: Չէ՞ որ Աստված ինձ ու քեզ իր պատկերով է ստեղծել, մի՛ ըմբոստացիր Աստծո դեմ, փորձի՛ր, գուցե կստացվի՞… Դու դեռ ժամանակ ունես փոխվելու, օգտվի՛ր քեզ ընձեռված հնարավորությունից և մաքրագործվիր: Այլապես քո հետնորդներն էլ կապրեն քեզ նման ամոթահար ու գլխահակ:
Իսկ եթե ո´չ, ինձ հետ գործ կունենաս, իմ նախնիների արժանի հետնորդի, հայ ժողովրդի արժանի զավակի հետ…
Ես պահանջում եմ (և իմ պահանջն արդար է)՝ վերադարձրո՛ւ ինձ իմ հայրենիքը, այն քոնը դարձնել չես կարող, այն քոնը դառնալ չի կարող, իսկ պահանջողը ես եմ՝ քո հասակակիցը…
Արփի Պետրոսյան
Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի