ՀՀ սփյուռքի նախարարն աշխատանքային այցով գտնվում էր Մալթայում

Նոյեմբերի 15-16-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Մալթայի Հանրապետությունում:

Մալթայի մայրաքաղաք Վալետայի «Hotel Excelsior» հյուրանոցի կոնֆերանսների սրահում ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է համայնքի խորհրդին՝ նախագահ Վերա Բոյաջյանի ղեկավարությամբ:  Քննարկվել են համայնքի խնդիրներին և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Համայնքի անդամները ներկայացրել են կատարված աշխատանքները, առաջիկա ծրագրերը: Վերա Բոյաջյանն այցի հետ կապված համայնքի ուրախությունն ու գոհունակությունն է փոխանցել ՀՀ սփյուռքի նախարարին և նշել, որ Մալթայի փոքրաթիվ հայերը սիրով են մասնակցում նախարարության ծրագրերին, հատկապես պատանիներն ու երիտասարդները մեծ ոգևորությամբ այցելում են Հայաստան և  մասնակցում հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրին:

Մալթայի հայ համայնքի խորհրդի անդամները շնորհակալությամբ ընդգծել են նաև, որ մշտապես զգում են ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությունը հայապահպան բոլոր նախաձեռնություններում: Համայնքի գրասենյակը ստացել է ՀՀ խորհրդանիշներ, իսկ առաջիկայում նախատեսվում է նախարարության աջակցությամբ բացել հայկական կիրակնօրյա դպրոց:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նախարարության հետ սերտ գործակցության համար՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել համայնքում հայապահպանությանն ուղղված բոլոր նախաձեռնություններն և իրականացված աշխատանքները:

Գերատեսչության ղեկավարը կարևորել է «Մանկական եվրատեսիլ 2014» երգի մրցույթին հայաստանցի մասնակցին աջակցելուն ուղղված համայնքի ջանքերը: Մալթայի հայերը օգտագործել են իրենց տրամադրության տակ եղած ընկերությունների գովազդային հարթակները՝ հայ մասնակցին՝ Բեթթիին, հնարավորինս սպառիչ բնութագրությամբ ներկայացնելու համար:

Նախարար Հրանուշ Հակոբյանը, հայապահպանության գործում ներդրում ունենալու և Հայկական խաչքարի տեղադրման գործում աջակցություն ցուցաբերելու համար համայնքի ղեկավար մարմնի անդամներ Սասուն Սահակյանին, Հայկ Շաբոյանին, Գրիգորի Ղասաբյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերով:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարը Վերա Բոյաջյանի և համայնքի անդամների ուղեկցությամբ այցելել է համայնքի պուրակ և ծաղիկներ է դրել «Ի նշան բարեկամության և երախտագիտության Մալթայի ժողովրդին 1375թ. և 1915թ.՝ Հայաստանի համար այդ ծանր օրերին հայերին ցուցաբերած օգնության համար» խաչքարի առջև: Արմավիրի կարմիր տուֆից պատրաստված Խաչքարը բացվել է 2009 թվականին՝ Վալետայի քաղաքապետի և Մալթայի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

Նույն օրը նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է «Մանկական եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հայկական պատվիրակությանը, քաջալերել և հաջողություն է մաղթել  Բեթթիին:

Նոյեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն:

02 03 04

Scroll Up