Գլենդելում կառուցվելու է հայոց պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարան եւ Ցեղասպանության հուշարձան

Գլենդելի քաղխորհրդի անդամները նոյեմբերի 4-ի նիստում բացառիկ բանակցային համաձայնագիր կնքեցին Ամերիկայի Արեւմտյան շրջանի Հայոց  ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման հանձնախմբի հետ, ըստ որի` Գլենդելում կառուցվելու է  հայ-ամերիկյան թանգարան, կրթական-մշակութային կենտրոն եւ Հայոց  ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան: Այս մասին հաղորդում է «Ասպարեզ»-ը:

 Ըստ համաձայնագրի՝  Գլենդելի քաղաքապետարանն ու համալիրի նախագիծը հեղինակած 100-ամյակի հանձնախումբը կբանակցեն Գլենդելի «Սիվիք աուդիթորիումի» եւ Հանրային քոլեջի հարեւանությամբ գտնվող տարածքում կենտրոնի կառուցման մանրամասների շուրջ:

«Այսօր պատմական օր է, քանզի Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ մեզ հնարավորություն է տրվում Գլենդելում ստեղծել մի հաստատություն, ինչը ամերիկացի ժողովրդին ներկայացնելու է հայոց պատմությունը, որի մի մասն է կազմում Ցեղասպանությունը: Միաժամանակ` կրթական կենտրոն, որտեղ բոլորին հնարավորություն կտրվի ծանոթանալ մեր ազգին, նաեւ տեղեկանալ մարդկության դեմ գործած ամենամեծ հանցագործություններից մեկի մասին, ինչպես նաեւ վերապրածներին` ԱՄՆ օգնության մասին», -նշեց հանձնախմբի անդամ Պերճ Կարապետյանը:

Հայոց  ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման հանձնախումբը, որի մաս են կազմում հայ համայնքը ներկայացնող 18 կազմակերպություններ ու միություններ, Հայ Առաքելական Եկեղեցին, Գլենդելի քաղաքապետարանին էր ներկայացրել թանգարանի եւ հուշարձանի կառուցման նախագիծ` ակնկալելով վարձակալությամբ հողատարածք եւ կառույցի թույլտվություն:

Կալիֆորնիայում կան բազմաթիվ էթնիկ խմբերին պատկանող թանգարաններ եւ մշակութային կենտրոններ (բնիկ ամերիկացիների, ամերիկա-չինական, ամերիկա-իտալական եւ այլն), որոնք ներկայացնում են նահանգի մշակութային բազմազանությունը:

«Հայ-ամերիկյան թանգարան եւ կրթական կենտրոն ունենալը չափազանց կարեւոր է նաեւ այն առումով, որ ամերիկացի ժողովրդին առավել հանգամանալից կներկայացվի Կալիֆորնիայում նշանակալի թիվ կազմող եւ մեծ ներդրում ունեցող հայ համայնքի մասին»,- քաղխորհդի անդամներին եւ նիստին ներկա հանրությանը նախագիծը ներկայացնելով հայտնեց 100-ամյակի հանձնախմբի համանախագահ Թալին Յակուբյանը:

«Մեզ առիթ տրվեց կառուցելու թանգարան, որտեղ կներկայացվի հայոց պատմությունը, որի ամենաողբալի  հանգրվանը եղել է Հայոց  ցեղասպանությունը: Այս կառույցը պետք է ցույց տա մեր հաղթանակը` այն, որ հարյուր տարի անց, մենք ոչ միայն կանք, այստեղ ենք, այլ կարող ենք նաեւ կառուցել թանգարաններ, կրթական հաստատություններ, եւ այն փոխանցել սերունդներին` ի հարգանս մեր նահատակների, միաժամանակ երախտագիտություն Ամերիկային, որ ապաստանել է Ցեղասպանությունից վերապրածներին ու նրանց սերունդներին»,- նշեց հանձնախմբի համանախագահ, փաստաբան Կարո Ղազարյանը: «Այս կենտրոնը լինելու է կյանքի, արդարության եւ ազատության խորհրդանիշը»,- իր խոսքում նշեց Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանը:

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանն էլ հայտարարեց, որ հաստատությունը հայ համայնքի նվերն է լինելու քաղաքին, ընդգծելով կրթական կենտրոնի կարեւորությունը: Քաղխորհրդի անդամները եւս շեշտեցին նման թանգարանի եւ մշակութային կենտրոնի անհրաժեշտությունը Գլենդելի կյանքում` հորդորելով հանրությանն ակտիվորն մասնակցել, այդ թվում` ֆինանսապես աջակցել կենտրոնի կառուցմանը:

Scroll Up