Վիրահայոց թեմը միացավ «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» ակցիային

2014 թվականի նոյեմբերի 9-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում, կիրակնօրյա Սուրբ Պատարագին հաջորդեց «Հայարտուն» կենտրոնի (ղեկավար՝ Լևոն Չիդիլյան) և թեմի երիտասարդության հարցերի բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) կազմակերպած «Կանք և կլինենք» նշանաբանով բողոքի գործողությունը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին արձագանքելով Մարսելի հայոց համայնքի նախաձեռնությանը, Վիրահայոց թեմը միացավ «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» («# 2015RTAG. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը») ակցիային, որը գլխավորում են Անի Ստեպանովան և Ռիչարդ Ֆնդիկյանը: Այս մասին «Հայերն այսօրին» հաղորդում են Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունից:

«Անի» և «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» երիտասարդական պարային խմբերի անդամների մասնակցությամբ ֆլեշ-մոբն ընթացավ սպիտակ վերնաշապիկներ հագած երիտասարդների հայոց ավանդական «Քոչարի» պարի երաժշտության ներքո, պարային ըմբոստ շարժումներով կոչ անելով քաղաքակիրթ աշխարհին «Ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Ֆլեշ-մոբի կազմակերպիչը և գեղարվեստական ղեկավարը պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյանն էր:

Ֆլեշ-մոբին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, հասարակական գործիչ Սամվել Աղեկյանը, հոգևոր դասը, հասարակայնության ներկայացուցիչներ, հոծ բազմություն: Մի փոքր ուշացումով բողոքի-ակցիային միացան ՀՀ Ազգային ժողովի անդամ անդամ Տաճատ Վարդապետյանը և ՀՀ Սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների հայ համայնքների վարչության Կովկասյան տարածաշրջանի բաժնի պետ Տարոն Շագոյանը: Խրոխտ և ցասումնալից պարից հետո տարածվեցին «# 2015RTAG. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» գրությամբ թերթիկներ: Վիրահայոց թեմը պահանջատիրոջ իրավունքով քաղաքակիրթ աշխարհին ուղղեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կոչը և միացավ համահայկական ակցիային:

IMGP0144 IMGP0113 IMGP0079

Scroll Up