2015-ին Սփյուռքի նախարարության թիրախում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներն են
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/Untitled-15.jpg)
Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ Արտակ Դավթյանի եւ Արծվիկ Մինասյանի նախագահությամբ, քննարկվել են «ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին հատկացվելիք ֆինանսական միջոցները:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է նշված ոլորտներին հատկացվող ֆինանսական միջոցների ծավալները, այնուհետեւ ոլորտների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում 2015 թվականին իրականացվելիք ծրագրերն ու ուղղությունները եւ կարեւորել նոր ծրագրերի իրականացումը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ 2015 թվականին նախատեսված ծրագրերը բխելու են Հայրենիք-Սփյուռք համաժողովից եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներից: Տիկին Հակոբյանը նշել է, որ «Արի տուն» ծրագրի ֆինանսավորումն ավելացել է 15 միլիոն դրամով: Նա առանձնացրել է Հայաստանում սիրահայերի եւ իրաքահայերի ինտեգրման ուղղությամբ կատարվող աշխատանքները եւ ֆինանսական ծախսերը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ կրթության ոլորտում բովանդակային ծախսերն ավելացել են, ավելացել է նաեւ հանրակրթական դպրոցում սովորողների թիվը: Կրթության ոլորտի նոր ծրագրերից նա առանձնացրել է հայրենասիրական դաստիարակության հայեցակարգը, կրթության գերազանցության ազգային ծրագիրը, ռոբոտաշինության ծրագիրը եւ այլն: Ըստ նախարարի՝ բարձրագույն կրթության գծով նախատեսված է 11437.7 միլիոն դրամ, որը 2014 թվականի համեմատ աճել է 17,6 տոկոսով: Արմեն Աշոտյանը նշել է, որ գիտության ֆինանսավորման աճը համամասնական չէ եւ կարեւորել է գիտաշխատողներին տրվելիք հավելավճարները, որոնց համար նախատեսված է 938 միլիոն դրամ:
Հանգստի, մշակույթի, կրոնի բնագավառների ծրագրերի ֆինանսավորման նպատակով 2015 թվականին նախատեսվել է հատկացնել 26,118.4 միլիոն դրամ, իսկ մշակութային ծառայությունների ոլորտի համար նախատեսված 13,393.2 միլիոն դրամ՝ 2014 թվականի 1,806.7 միլիոն դրամի դիմաց:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն առանձնացրել է այն առանցքային ծրագրերը, որոնց ուղղությամբ նախարարությունն աշխատելու է 2015 թվականին: Հանգստի եւ սպորտի ծառայությունների համար նախատեսված է 1.850.1 միլիոն դրամ՝ 2014 թվականի 1,806.7 միլիոն դրամի դիմաց:
Ռադիո եւ հեռուսատահաղորդումների հեռարձակման եւ հրատարակչական ծառայությունների իրականացման համար 2015 թվականին նախատեսված են 8,830.2 միլիոն դրամի հատկացումներ: Իսկ երիտասարդական ծրագրերի իրականացման համար նախատեսված է 826.6 միլիոն դրամ՝ 2014 թվականի 613.4 միլիոն դրամի փոխարեն:
Համատեղ նիստի ավարտին ոլորտների պատասխանատուները՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, պատասխանել են պատգամավորների հարցերին: