Գևորգ Քոլանյան «Ես նույնպիսի հայ կլինեի, եթե մայրս հայ լիներ…»

Հոկտեմբերի 25-28-ը կայացած «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսին մասնակցում էր «Orofasma» ընկերության տնօրեն Գևորգ Քոլանյանը, ում հետ զրուցել է «Հայերն այսօր»-ը.

– Ադամանդագործությամբ զբաղվում եմ 1975 թվականից, անձնական բիզնեսս սկսել եմ 1988 թվականին. ունեմ ոսկերչական իրերի արտադրամաս: Հիմնականում մեծաքանակ առևտրով եմ զբաղվում:

Երեք տարի առաջ «Orofasma» ընկերությունը ոսկյա զարդերի արտադրության մեջ սկսեց կիրառել շարժվող ադամանդի տեխնիկան, որն անվանել ենք` Eternal Love Diamond (Հավերժական սիրո ադամանդ): Սա նորարարություն է ոսկերչության մեջ, որը և սկսել ենք տարածել Եվրոպայում: Ցանկանում ենք այն տարածել ամբողջ աշխարհում:

Eternal Love Diamond-ի առաջին ցուցադրությունը կայացավ անցյալ տարի Հայաստանում` «Երևան շոու-2013-ի» ժամանակ: Այն շատ լավ ընդունվեց և բազմաթիվ  դրական արձագանքներ ստացանք: Հուսով եմ, որ աշխարհով մեկ կտարածենք այս նոր գաղափարը:

– Հետաքրքիր է, մտահղացումն ինչպե՞ս է առաջացել:

– Կարծում եմ` տեղյակ եք, որ Հունաստանը ճգնաժամի մեջ է: Երբ երկրում, մարդկանց կյանքում ամեն ինչ նորմալ ընթացքի մեջ է, կարծես կյանքը քեզ իր հետ տանում է: Իսկ երբ դժվարություններ են սկսվում, սկսում ես ավելի շատ մտածել, թե ինչ պետք է անես, որ ուրիշներից տարբերվես: Քանի որ ես ադամանդի մասնագետ եմ, պտտվող ադամանդի այս գաղափարն հղացա:

– Իսկ «Orofasma» ի՞նչ է նշանակում:

– Ոչինչ (ժպտում է-հեղ.), անուն է, որը պետք է տարբերվի մյուս անուններից: Իսկ եթե առանց կատակի, Oro-ն իտալերեն նշանակում է` ոսկի, fasma-ն հունարեն բառ է, որ նշանակում է`սպեկտր, լուսակ:

– Պարո´ն Քոլանյան, ինչքա՞ն ժամանակ է, որ համագործակցում եք Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) հետ:

– Մոտ 17 տարի` AJA-ի հիմնադրման հենց սկզբից: Երբ Գագիկ Գևորգյանը ստանձնեց  միության ղեկը, այնպիսի բարձունքների հասցրեց, որ հիմնադրման սկզբում չէինք էլ կարող երևակայել:

AJA-ի նպատակներից մեկն էլ այն է, որ Հայաստանում զարգանա ոսկերչությունը: Հայ ոսկերիչները աշխարհով մեկ ճանաչված են և պիտի զարկ տանք այս գործին:

Շատ կարևոր է նաև, որ երկիրն էլ մեզ համար նպաստավոր պայմաններ ստեղծի, որպեսզի ենթահող ունենանք Հայաստանում:

Հայրենիքում բիզնես հիմնելու ամենաառաջին շարժիչ ուժը հայրենասիրությունն է, ոչ թե որովհետև ավելի էժան է. էժան երկրներ աշխարհում շատ կան: Բայց բիզնեսում հայրենասիրական մղումներդ «անսպառ» չեն կարող լինել: Երբ սկսես վնասով աշխատել, ակամա կորցնելու ես ամեն ինչ ու դադարեցնելու ես գործդ: Գուցե խոսքերս մի փոքր կտրուկ են, բայց սա է իրականությունը:

Այս փոքրիկ երկիրը պահելու համար մենք պարտականություն, պարտավորվածություն ունենք: Բայց ոչ թե միայն մենք, այլ` բոլորս: Պետք է հասկանալ, որ ձեռք-ձեռքի տալով միայն կարող ենք հաջողել: Հայի ձեռքը ոսկի է և ոսկի էլ արտադրում է: Բավական է, որ այդ ձեռքը ազատ ձգվի ու աշխատի:

Բիզնեսը կայունություն է սիրում, և կայունությունը պետք է բոլոր կողմից լինի. Կառավարության, երկրի պայմանները պետք է նպաստեն: Այս ամենը ենթահող պետք է պատրաստեն, որ բիզնեսը զարգանա Հայաստանում ու ժողովուրդը ստիպված չլինի մեկնելու երկրից: Ես անձնական փորձ ունեմ այս ամենի: Երբ տարիներ առաջ իմ բարեկամներից մեկն ասաց, որ ուզում է Հունաստան գալ, ես նրան հարցրի` ուզո՞ւմ ես օգնեմ քեզ, որ ոսկերիչ դառնաս ու քո գործն ունենաս: Այսօր ուրախությամբ պետք  է ասեմ, որ այդ երիտասարդը ոսկերիչ դարձավ` լավ ոսկերիչ, ընտանիքի, զավակի տեր դարձավ և մնաց Հայաստանում:

– Պարո´ն Քոլանյան, հայերի մոտ ոսկերչությունը հիմնականում ընտանեկան գործ է: Հետաքրքիր է, Ձեր ընտանիքում է՞լ է այդպես:

– Իմ ծնողները այլ գործով էին զբաղվում: Բայց ես ադամանդագործության մեջ մասնագիտացել եմ հայ վարպետի մոտ: Ու կամաց-կամաց հաջողության հասա:

– Հետաքրքիր է, Ձեր արմատները որտեղի՞ց են:

– Հայրս Ուրֆայից է, Եղեռնի ժամանակ Հալեպում է հաստատվել, հետո տեղափոխվել է Հունաստան: Իսկ մայրս հույն է:

– Ձեր մայրը հույն է, ծնվել եք Հունաստանում: Հայկականությունն ինչպե՞ս եք կարողացել պահպանել:

– Ես միշտ հայկական շրջանակի մեջ եմ մեծացել, հայկական դպրոց եմ հաճախել, հայկական միությունների գործունեության մեջ մխրճվել: Եվ այդ կյանքով շարունակում եմ ապրել առ այսօր:

Կինս` Արաքսին, հայուհի է, զավակս` Արամը, հիմա ծառայում է Հունաստանում և պետք է շարունակի իմ գործը:

Գիտեք, ես շատ տարբեր չէի լինի և նույնպիսի հայ կլինեի, եթե մայրս հայ լիներ:

Ես սիրում եմ Հունաստանը, որը մեզ հյուրընկալեց, աշխատելու առիթներ ստեղծեց, որը մեզ երբեք որպես օտարի չնայեց: Մենք` Հունաստանում ապրողներս, հատուկ կարգավիճակ ունենք, մենք 100 տոկոսով հայ ենք և 100 տոկոսով հույն: Երբ հույները մեզ հարցնում են, թե ո՞րն է վերջապես մեր երկիրը, պատասխանում ենք` Հունաստանը մեր երկիրն է, Հայաստանը` մեր սրտի երկիրն է…

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up