«Պատահական չէ, որ Թուրքիայի զրո խնդիրների քաղաքականությունը բերում է զրո արդյունքների». Էդվարդ Նալբանդյան
Հոկտեմբերի 23-ին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Անդրադառնալով այն հարցին, թե օրերս Էրդողանը հայտարարել է, որ 1915թ. իրադարձություններն ուսումնասիրելու համար պետք է հիմնվել Թուրքիայի գրադարանների և արխիվների նյութերի վրա, իսկ թուրք հետազոտողները, վկայակոչելով այդ նույն արխիվները, եզրակացնում են, որ ցեղասպանությունն իրագործվել է ոչ թե թուրքերի կողմից, այլ այն իրականացվել է թուրքերի դեմ, Նալբանդյանը մասնավորապես ասել է.
«Տարօրինակ է, որ թուրքական գրադարաններում կամ արխիվներում ցեղասպանությանը վերաբերող նյութերն իրենց բովանդակությամբ միանգամայն տարբերվրում են ողջ աշխարհի արխիվներում և գրադարաններում պարունակվող նյութերից։ Եթե Թուրքիայում որոշում կայացնողները հիմնվում են նման նյութերի վրա, պատահական չէ, որ զրո խնդիրների քաղաքականությունը բերում է զրո արդյունքների։
Ի դեպ, քիչ առաջ իմ գործընկերոջը՝ պարոն Շտայնմայերին, փոխանցեցի գերմանական արխիվներում գտնվող Հայոց ցեղասպանությունը վկայող շուրջ 240 փաստաթղթերից բաղկացած մի նոր հրատարակություն»։