ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը մասնակցեց ԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսություններին

Սեպտեմբրի 10-ին ԵՊՀ-ում նշվեց անդրանիկ՝ Պատմալեզվաբանական ֆակուլտետի, ներկայումս՝ Պատմության և Հայ բանասիրության ֆակուլտետների ստեղծման և գործունեության 95-ամյակը:

Հարազատ բուհ այցելեց ՀՀ Նախագահ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ Սերժ Սարգսյանը: Շնորհավորելով ներկաներին հոբելյանի առթիվ և հույս հայտնելով, որ ներկա սերունդը նույնպես կշարունակի իր նախորդների ավանդույթը՝ Հանրապետության Նախագահը պարգևներ հանձնեց վաստակաշատ մի շարք գիտնականների:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, բ.գ.թ. Սերժ Սրապիոնյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան բ.գ.դ. Արծրուն Ավագյանը, Պատմության ֆակուլտետի դեկան բ.գ.դ. Էդիկ Մինասյանը,  տարբեր ֆակուլտետների դեկաններ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողական կառույցների ներկայացուցիչների և ուսանողների հետ միասին այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ դրեցին պանթեոնում  ամփոփված հայտնի հայ մտավորականներ  Հակոբ Մանանդյանի, Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի ու Սիլվա Կապուտիկյանի և այլ անվանի գրողների, հայագետների  շիրիմներին: 

 Այնուհետև Հայ բանասիրության ֆակուլտետի մասնաշենքում բացվեց հայ մեծանուն լեզվաբանների, գրականագետների, պատմաբանների, շրջանավարտների կենսագրությունները և աշխատությունները ներկայացնող ցուցահանդես:

 ԵՊՀ ռեկտորատի, Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով նույնպես ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտ է: Նա նշեց, որ անցած 95 տարիները եղել են բեղուն, արդյունավետ և բազում սերունդներ են կյանք ուղեկցվել:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկան նաև 2 ֆակուլտետների դեկանները, վաստակաշատ դասախոսներ և ուսանողներ:

Scroll Up