Հայ սև գոտիների միության անդամները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/09/9.jpg)
Սեպտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Սեւ գոտիների հայկական ակադեմիայի նախագահ ու հիմնադիր, աշխարհի Կունգ Ֆու Տաի Նուի Ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ, Մերձավոր Արեւելքի երկրներում ԼՂՀ ներկայացուցիչ, լիբանանահայ Կարո Քաբաբջյանին:
Հանդիպմանը ներկա էին Հայ սեւ գոտիների միության (A.B.B.A.) համաշխարհային մասնաճյուղերի ղեկավարները, Սեւ գոտիների հայկական ակադեմիայի հանրային կապերի պատասխանատու Աբրահամ Գասպարյանը եւ այլ հյուրեր:
Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Անգնահատելի է Կարո Քաբաբջյանի ներդրումը Սփյուռքում հայապահպանության, հայի ոգին բարձր պահելու, քաջարի, անկոտրում սերունդ կրթելու գործում: Քառասուն տարի շարունակ այս ակադեմիայի թիմը կարողացել է մրցանակներ շահել, հաղթել: Հայ սեւ գոտիների միության ակադեմիան հայեցի դաստիարակության, հայակերտման մեծ ճամբար է»:
Սեւ գոտիների հայկական ակադեմիան ստեղծվել է 1974թ. եւ իր գործունեությունն է ծավալել աշխարհի տարբեր երկրների սփյուռքյան համայնքներում՝ իր հովանու տակ առնելով հարյուրավոր հայորդիների:
Սեւ գոտիների հայկական ակադեմիայի հանրային կապերի պատասխանատու Աբրահամ Գասպարյանը նշեց, որ ակադեմիան իր մասնաճյուղերն ունի Կանադայում, Լիբանանում, Կիպրոսում, Սիրիայում, Հայաստանում եւ Արցախում: Նախատեսվում է Հայաստանում բացել նաեւ գրասենյակ:
Օգոստոսին Հայ սեւ գոտիների միության թիմն արժանացել է աշխարհի չեմպիոնի տիտղոսին, իր հաղթանակը նվիրել Հայկական Սեւ գոտիների ակադեմիայի 40-ամյակին, որը սեպտեմբերի 2-ին մեծ հանդիսավորությամբ նշվեց Շուշիում՝ Արցախի անկախության 23-ամյակի տոնակատարությունների ժամանակ:
Հայկական Սեւ գոտիների ակադեմիայի 40-ամյակի կապակցությամբ եւ հայապահպանության գործում անգնահատելի ներդրման համար ակադեմիայի ղեկավար Կարո Քաբաբջյանը պարգեւատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:
Կարո Քաբաբջյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգեւի համար եւ նշեց. «Շնորհակալ եմ նաեւ ՀՀ նախագահին, որ աջակցում է մեզ դեռեւս պաշտպանության նախարար եղած ժամանակներից: Ոչ ոք չի կարող մեզ հաղթել: Մենք պետք է ուժեղ լինենք, միասնաբար պիտի հաղթենք»: