«Արի տուն- 2014».Հայաստանը մորս նման գեղեցիկ է և անփոխարինելի

ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն-2014» ծրագրի 8-րդ փուլին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած 45 պատանի ու աղջիկ, ովքեր այս օրերի ընթացքում արդեն հասցրել են ծանոթանալ Հայաստանի որոշ պատմական և տեսարժան վայրերի հետ: Իրենց տպավորություններով «Հայերն այսօրի» թղթակցի հետ կիսվեցին Գեղարդ տանող ճանապարհին:
Ավետիսյան Մոնիկա , 19 տարեկան, Վլադիկավկազ
-Ես ծնվել եմ Հայաստանում , երբ երկու ամսական էի, ընտանիքով մեկնեցինք Վլադիկավկազ: 2 տարի հաճախել եմ հայկական դպրոց:
«Արի տուն» ծրագրին արդեն երկրորդ անգամ է , որ մասնակցում եմ : Այս տարի, մինչև «Արի տուն» ծրագիրը, մարտին մասնակցեցի նկարչական մրցույթի և հաղթող ճանաչվեցի՝ Հայաստանը իմ ամենավառ երևակայությամբ նկարած աշխատանքի համար: Ինչի համար պատիվ ունեցա անձամբ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից ստանալու պատվոգիր:
Հայաստանն ինձ համար կարծես մի առեղծվածային երկիր լինի. ամեն անգամ, երբ գալիս եմ, ավելի ու ավելի նոր բաներ եմ բացահայտում ինձ համար:
Մարգարյան Դավիթ, 12 տարեկան, Վրաստան
-Մենք Վրաստանում հայկական գյուղում ենք ապրում, որտեղ բոլորը հայեր են : Տանը և դրսում միայն հայերեն ենք խոսում: Ես հայկական դպրոց եմ գնում: Շատ եմ սիրում ընթերցել հայ գրականություն :
«Արի տուն» ծրագրին մասնակցեցի հորեղբորս խորհրդով :
Հայաստանում ամեն ինչ ինձ դուր է գալիս, հատկապես Սևանա լիճը: Շատ ուրախ կլինեմ, եթե կարողանամ հաջորդ տարի նույնպես մասնակցել «Արի տուն» ծրագրին :
Հասմիկ Հովհաննիսյան , 15 տարեկան , Բուլղարիա
-Իմ արմատները Հայաստանից են : Ես ծնվել եմ Բուլղարիայում, բայց շատ եմ եղել Հայաստանում : Երբ հայրս եկավ Հայաստան՝ աշխատելու նպատակով , ինձ իր հետ բերեց : Մեկ տարի այստեղ եմ դպրոց գնացել : Երբ վերադարձանք Բուլղարիա, շատ տխրեցի , քանի որ շատ էի կապնվել Հայաստանի և դպրոցում ձեռք բերած ընկերներիս հետ :
Բուլղարիայում իմ շրջապատում հայեր շատ քիչ կան, ես ստիպված եմ լինում օտար լեզվով խոսել : Բայց երբ տանը նույնիսկ մեկ բառ փորձում եմ օտար լեզվով արտասանել, հայրս անմիջապես բարկանում է՝ ասելով, որ միայն հայերեն խոսեմ :
Հայաստանը շատ գեղեցիկ է. հեքիաթային բնություն ունի : Ես պարզապես հիացած եմ Հայաստանի գեղեցկությամբ :
Աննա –Մարիա, 21 տարեկան , Ռումինիա
Նախ ուզում եմ ասել , որ ես հայերեն չգիտեմ, ինչի համար շատ եմ ափսոսում : Ես մայրական կողմից եմ հայ, մեր ազգը Ռումինիայում հաստատվել է դեռևս 1915թ. Ցեղասպանությունից առաջ : Շրջապատումս ինձ նման հայ երեխաներ շատ կան: Իմ նախնիները շատ մեծ ջանքերի շնորհիվ կարողացել են պահպանել մի քանի հայկական ավանդույթներ, ցավոք չեն կարողացել պահպանել հայերենը:
Երբ ծնողներս իմացան «Արի տուն» ծրագրի մասին, առանց վարանելու ինձ գրանցեցին:
Ես պարզապես ապշած եմ Հայաստանի գեղեցկությամբ, այն մորս նման գեղեցիկ է ու անփոխարինելի:
Ես հայկական պարերի եմ հաճախել , և հիմա, երբ արդեն Հայաստանում եմ, ցանկություն ունեմ հենց այստեղ հաճախել հայկական պարերի : Հայաստանը աննկարագրելի գեղեցկություն ունի: Շնորհակալ եմ անչափ, որ ինձ և մյուսներին այսպիսի զգացողություններ եք պարգևում :
Պատրաստեց Մերի Գևորգյանը