«Արի տուն-2014». Վերադարձ ինքնությանը.Դիարբեքիրի հայերը Ծիծեռնակաբերդում հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը

Ինչպես նախապես տեղեկացրել էինք, «Արի տուն-2014» ծրագրի վեցերորդ փուլին Դիարբեքիրից իրենց մասնակցությունն են բերել մի խումբ իսլամացած հայեր: Նրանք ծրագրի շրջանակներում այցելել են Հայաստանի պատմամշակութային կոթողներ, թանգարաններ. հերթական կանգառը  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էր, ուր նրանք այցելել էին՝  գլուխ խոնարհելու և ծաղիկներ դնելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Մինչև հուշահամալիր հասնելը՝ նրանց հուզմունքը նկատելի էր, իսկ լարվածությունը՝ մեծ, քանի որ շատ երկար էին սպասել այս պատմական պահին: Տեղ հասնելուն պես բոլորը սկսեցին տեղեկություններ հավաքել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին, այնուհետև  շրջեցին տարածքում: Դիարբեքիրցիները չէին կարողանում զսպել իրենց հուզմունքը. նրանց աչքերից հոսում էին արցունքներ՝ շաղախված  ցավի, հիշողության  զգացումով:

«Ընկերներիցս, ովքեր եղել էին Հայաստանում, լսել էի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և թանգարանի մասին: Նրանք պատմում էին, որ  մանրամասն ներկայացված է ողջ ճշմարտությունը 1915թ. դեպքերի մասին, և թե Թուրքիայի այս կամ այն գավառում, նահանգում որքան   հայ է նահատակվել : Ես շատ էի ցանկանում այցելել Հայաստան և սեփական աչքերով տեսնել ամեն ինչ, որովհետև մենք մեծացել ենք՝ ոչինչ չիմանալով այդ մասին: Ես անչափ հուզված եմ, որ այսօր այստեղ եմ», – «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ասաց 65-ամյա Էքրեմ Օզքեսքինին:

Վերջում ծրագրի բոլոր մասնակիցները  «Հայր մեր» տերունական աղոթքն առաքեցին առ Աստված՝ ի հանգստություն վայրագ թուրքերի եղեռնագործությանը  զոհ գնացած հայերի հոգիների հանգստության համար:

unnamed (3) unnamed unnamed (1) unnamed (2)

Scroll Up