«Արի տուն-2014».«Սիրում եմ այն ամենն, ինչ կապված է Հայաստանի և հայերի հետ».մասնակից

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2014» ծրագրի 6-րդ փուլի մասնակիցներից մի քանիսի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը: Նրանք կիսվել են տպավորություններով և իրենց երախտագիտությունը հայտնել «Արի տուն» ծրագրի կազմակերպիչներին :
Նաիրի Էլիբեկյան, 12 տարեկան, Մոնրեալ.
– «Արի տուն» ծրագրին առաջին անգամ է , որ մասնակցում եմ : Հայաստան գալիս եմ գրեթե բոլոր ամառային արձակուրդներին : Մոնրեալում հայկական դպրոց եմ հաճախում , դպրոցի ուսուցիչների մեծամասնությունը հայեր են : Մենք` հայ երեխաներս , դպրոցում սովորում ենք հայոց պատմություն , հայոց լեզու, ինչպես նաև հայ եկեղեցու պատմություն :
Հետաքրքրություններս մեծանում են հայոց պատմություն առարկայի նկատմամբ , երբ ամեն անգամ ուսուցիչներս կամ ծնողներս մի նոր պատմություն են պատմում հայերի դժվարին, բայց հետաքրքիր անցյալի մասին : Ամենից շատ ինձ հուզում է 1915 թ. կատարված Հայոց ցեղասպանությունը: Իմ պապիկի քույրերը Ցեղասպանության ժամանակ թուրքերի ձեռքը չընկնելու համար իրենց նետել են ծովը:
Անունս Նաիրի է , շատ եմ սիրում իմ անունը, որովհետև այն ունի իր անմիջական կապը իմ հայրենի երկրի` Հայաստանի հետ:
Սիրում եմ այն ամենն, ինչ կապված է Հայաստանի և հայերի հետ, հատկապես հայկական խոհանոցն՝ իր հին և նոր ճաշատեսակներով: Մեր դպրոցից քիչ հեռու մի եկեղեցի կա ` Սբ. Հակոբ եկեղեցին , որտեղ ես և իմ հայ ընկերները երգում ենք հատկապես Կոմիտասի երգերը: Շատ եմ սիրում Հայաստանը և հուսով եմ, որ ինձ կհաջողվի գալ Հայաստան ու բնակվել իմ պաշտելի Հայրենիքում:
Տաթևիկ Պապիկյան, 19 տարեկան , Սանկտ-Պետերբուրգ.
– Ես այն երջանիկներից եմ , ով ծնվել է Հայաստանում : 6 տարեկան էի, երբ ընտանիքով մեկնեցինք Սանկտ- Պետերբուրգ: Սովորել եմ ռուսական դպրոցում: Երբ ես երրորդ դասարանում էի ,սկսեցի հաճախել հայկական կիրակնօրյա դպրոց: «Արի տուն» ծրագրին առաջին անգամ եմ մասնակցում , բայց Սփյուռքի նախարարության ծրագրերին ծանոթ եմ. Հայաստանում եղել եմ 2010 թ. «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում:
Երբ հայերի պատմության մասին դրվագներ եմ լսում, որը լի է եղել տառապանքով ու պայքարով, անկախ իմ կամքից՝ հուզվում եմ :
Իմ կյանքի կարևոր իրադարձություներից մեկն այն է եղել , երբ ես Հայաստան էի եկել՝ մկրտվելու: Ամենատպավորիչն այն էր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ինձ մի խաչ նվիրեց և իր օրհնությունը տվեց:
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Արի տուն» ծրագրի կազմակերպիչներին:
Դիանա Գրիգորյան, 18 տարեկան , Բաշկիրիա.
-Բնակություն ենք հաստատել Ուֆայում : Կարդալ և գրել հայերենով տատիկս է սովորեցրել , ինչպես նաև տատիկս իմ մեջ սերմանել է հայկական ոգին: Շատ եմ սիրում հայոց լեզուն,այն կարծես մի գեղեցիկ երաժշտություն ու աղոթք լինի, բայց միևնույն ժամանակ շատ դժվար ուսումնասիրվող լեզու է: Ուֆայում կիրակնօրյա հայկական դպրոց եմ հաճախում :
Հայաստանը շատ գեղեցիկ է: Ես պարզապես խոսքեր չեմ գտնում նկարագրելու համար հիացմունքս:
Մերի Գևորգյան