(Արևելահայերեն) «Արի տուն-2014».«Սիրում եմ այն ամենն, ինչ կապված է Հայաստանի և հայերի հետ».մասնակից

«Արի Տուն-2014».«Կը Սիրեմ Այն Ամէնը, Որ Կապուած Է   Հայաստանի Եւ Հայերու Հետ». Մասնակից

ՀՀ սփիւռքի նախարարութեան «Արի տուն-2014» ծրագիրի 6-րդ փուլի մասնակիցներէն մի քանի հոգիի հետ զրուցած է «Հայերն այսօր»-ի թղթակիցը: Անոնք  կիսուած են  տպաւորութիւններով եւ իրենց երախտագիտութիւնը յայտնած «Արի տուն»   ծրագիրի կազմակերպիչներուն :

      Նայիրի  Էլիպէկեան, 12 տարեկան, Մոնրէալ.

– «Արի տուն»  ծրագիրին առաջին անգամն  է , որ կը մասնակցիմ : Հայաստան կու գամ գրեթէ բոլոր ամառնային  արձակուրդներուն : Մոնրէալի մէջ հայկական դպրոց կը յաճախեմ , դպրոցի ուսուցիչներու  մեծամասնութիւնը հայեր են : Մենք` հայ աշակերտներս, դպրոցին մէջ կը սորվինք հայոց պատմութիւն , հայոց լեզու, ինչպէս նաեւ հայ եկեղեցւոյ պատմութիւն :

Հետաքրքրութիւններս կը մեծնան  հայոց  պատմութիւն առարկայի նկատմամբ , երբ ամէն անգամ ուսուցիչներս կամ  ծնողներս  նոր պատմութիւն մը կը պատմեն հայերու  դժուարին,  բայց հետաքրքիր   անցեալին մասին : Ամէնէն շատ զիս կը յուզէ 1915 թ. կատարուած Հայոց ցեղասպանութիւնը: Իմ մեծհօրս քոյրերը Ցեղասպանութեան ժամանակ  թուրքերու  ձեռքը չիյնալու համար  ինքզինքնին նետած են  ծովը:

Անունս Նայիրի է , շատ կը սիրեմ իմ անունս, որովհետեւ այն ունի իր անմիջական կապը իմ հայրենի երկրի` Հայաստանի հետ:

Կը սիրեմ այն ամէնը, որ կապուած է   Հայաստանի եւ հայերու հետ, յատկապէս  հայկական խոհանոցը` իր հին ու նոր ճաշատեսակներով: Մեր դպրոցէն քիչ հեռու  եկեղեցի մը կայ ` Սբ. Յակոբ եկեղեցին , ուր ես եւ իմ հայ  ընկերներս կ’երգենք յատկապէս Կոմիտասի երգերը:   Շատ կը սիրեմ Հայաստանը  եւ յոյսով եմ, որ կը յաջողիմ գալու Հայաստան ու բնակելու իմ պաշտելի Հայրենիքին մէջ:

      Տաթեւիկ Պապիկեան, 19 տարեկան , Ս.Փեթերսպուրկ.

 –    Ես այն երջանիկներէն  եմ , որ ծնած է Հայաստանի մէջ: 6 տարեկան էի, երբ ընտանիքով  մեկնեցանք Ս. Փեթերսպուրկ: Յաճախած եմ  ռուսական դպրոց: Երբ ես  երրորդ դասարան էի ,սկսայ յաճախել հայկական  կիրակնօրեայ դպրոցը: «Արի տուն»  ծրագիրին առաջին անգամ  կը  մասնակցիմ , բայց Սփիւռքի նախարարութեան ծրագիրներուն ծանօթ եմ. Հայաստան եկած եմ 2010 թ.  «Իմ Հայաստան»  փառատօնի ծիրէն ներս:

    Երբ հայերու պատմութեան մասին դրուագներ կը լսեմ, որ լեցուն է տառապանքով ու պայքարով, անկախ իմ կամքէս` կը յուզուիմ :

Իմ կեանքիս կարեւոր իրադարձութիւներէն  մէկն այն է , երբ  Հայաստան եկած էի` մկրտուելու: Ամենատպաւորիչն այն էր, որ  Ամենայն Հայոց Կաթողիկոսն ինծի  խաչ մը նուիրեց  եւ իր օրհնութիւնը տուաւ:

  Յատուկ շնորհակալութիւն կ’ուզեմ յայտնել «Արի տուն» ծրագիրի  կազմակերպիչներուն:

     Տիանա Գրիգորեան, 18 տարեկան , Պաշկիրիա.

-Բնակութիւն   հաստատած ենք  Ուֆայի մէջ : Մեծմայրս կարդալ եւ գրել սորվեցուցած է մեզի , ինչպէս նաեւ մեծմայրս իմ մէջ սերմանած է հայկական ոգին: Շատ կը սիրեմ  հայոց լեզուն,այն կարծես  գեղեցիկ երաժշտութիւն ու աղօթք ըլլայ, բայց միեւնոյն ժամանակ շատ դժուար ուսումնասիրուող լեզու է: Ուֆայի մէջ կիրակնօրեայ հայկական դպրոց կը յաճախեմ :

 Հայաստանը շատ գեղեցիկ է :  Ես պարզապէս խօսքեր չեմ գտներ  նկարագրելու հիացմունքս:

Scroll Up