«Սփյուռք» ամառային դպրոց. «Կրասնոդարում հայերենի հանդեպ մեծ հետաքրքրություն կա…».Արշալույս Երեմյան
Արշալույս Երեմյանը Կրասնոդարի Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցուն կից գործող «Արմատ» կիրակնօրյա դպրոցի և Պրիկուբանսկի մանկական ստեղծագործական կենտրոնի «Խաչքար» միավորման հայոց լեզվի ուսուցչուհին է:
Տիկին Արշալույսն իր մասնակցությունն է բերել ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի սփյուռքի կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին:
«Խաչքար» միավորումն ունի 45 աշակերտ՝ կազմված տարբեր տարիքային 4 խմբից («Հայկ», «Հովհաննես Թումանյան», «Արևիկ» և «Սասունցի Դավիթ»):
«Խաչքար»-ում դասընթացներն անցկացվում են շաբաթվա բոլոր օրերին, բայց հիմնական դասերը լինում են շաբաթ և կիրակի օրերին, երկու հերթով են տեղի ունենում՝ առավոտյան և ցերեկը: Երեխաները կարող են հաճախել դասընթացներին օրվա իրենց նախընտրելի ժամին. այդ առումով ազատ է գրաֆիկը:
Ուսուցչուհին նկատել է, որ Կրասնոդարում հայերենի հանդեպ մեծ հետաքրքրություն կա: Ծնողները երեխաներին հայերեն սովորեցնելու ուղղությամբ խանդավառ և պատրաստակամ են: Քաջ գիտակցում են, որ միայն այդ միջոցով կկարողանան իրենց զավակներին կապել Հայաստանին, որպեսզի չմոռանան իրենց հայ լինելը: Սաներին կրթօջախներում հայերեն ճիշտ խոսել, գրել-կարդալ են սովորեցնում, ինչպես նաև հայապահպան տարբեր տեղեկատվություններ հաղորդում: Ամբողջ դասաժամը կլանված են լսում սաները և ուսուցչուհուն խնդրում, որ իրենց հայերեն շատ բառեր սովորեցնի:
Միաժամանակ տարբեր տոների առթիվ՝ Ամանոր և Սուրբ Ծնունդ, Դպրության օր, Մայրենի լեզվի օր, Վարդավառ և այլն, գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպում, որոնք մեծ շուքով են տոնվում: Հատկապես Վարդավառի օրն է ուրախ անցնում:
Պարզվեց, որ Արշալույս Երեմյանը ՀՀ սփյուռքի նախարարության հետ սերտ համագործակցության մեջ է: 2012 թվականին տիկին Արշալույսը մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կողմից անցկացվող համահայկական մրցանակաբաշխությանը, որտեղ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» «Մայրենիի պաշտպան» ավանակարգում արժանացել է առաջին կարգի մրցանակի: Տիկին Արշալույսի աղջիկը՝ Գոհար Ալավերդյանը և աշակերտները գործուն մասնակցություն են ունենում ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծագործական շարադրությունների մրցույթներին և տարբեր մրցանակների արժանանում:
Իսկ «Սփյուռք» ամառային դպրոցի մասին նա դեռևս անցյալ տարիներին է իմացել, սակայն չի հաջողվել մասնակցել: Այս ծրագրին մասնակցելը իր համար կարևոր ձեռքբերում է համարում տիկին Արշալույսը: Շփվելով տարբեր երկրների մասնակից ուսուցիչների հետ՝ նոր մտքեր, գաղափարներ են ծնվում, որոնք հետագայում հնարավոր է, որ կյանքի կկոչվեն: Ասում է՝ այստեղ ազատ ժամանակ չեն ունենում, հագեցած է ամեն մի օրը, ինչից, բնավ, չեն դժգոհում: Շատ է հավանել էքսկուրսիաները Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում և հանդիպումներն անվանի մարդկանց հետ: Մեծ է եղել ուսուցչուհու հուզումը, երբ մեծատաղանդ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին է տեսել:
Վերջում Արշալույս Երեմյանը խորին շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը` հանձին նախարար Հրանուշ Հակոբյանի և ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանի՝ արդյունավետ դասընթացների, էքսկուրսիաների և բարեկամական հարաբերությունների համար:
«Սփյուռք» ամառային դպրոցին մասնակցելն իրեն դրական լիցքեր հաղորդեց, որի շնորհիվ էլ վերադառնալով Կրասնոդար՝ կշարունակի եռանդով աշխատել և օտար ափերում գտնվող երեխաների մեջ տարածել հայ գիրն ու գրականությունը:
Գևորգ Չիչյան