ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Հայաստանի գրողների միության 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսությանը
Արարողությունն սկսվեց ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանի խոսքով: Նա ներկայացրեց ԳՄ պատմությունը և նրա դերը գրական-մշակութային կյանքի կազմակերպման, հասարակական-քաղաքական հարաբերությունների արտացոլման, պետական գաղափարախոսության ձևավորման հարցերում:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա բարձր գնահատեց ՀԳՄ դերը հանրապետության և հայության մշակութային կյանքում, նշեց այն դժվարին ճանապարհը, որով տարբեր ժամանակներում անցել և այդ փորձություններին պատվով է դիմացել ՀԳՄ-ն:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀԳՄ մեկ տասնյակից ավել գրողների պարգևատրեց հուշամեդալներով, իսկ ՀԳՄ-ն նվեր ստացավ ծառայողական մեքենա:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնեցին Ծաղկաձոր՝ մասնակցելու «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլի փակման արարողությանը:
ՀՀ սփյուռքի նախարար խոսքը ներկայացրեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նախարարը ոչ միայն բարձր գնահատեց և արժևորեց միության աշխատանքը, այլև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայ գրողների անելիքների վերաբերյալ յուրահատուկ ծրագրային առաջարկներ է ներկայացնում: Իր խոսքում Հ. Հակոբյանը մասնավորապես կարևորում է հայոց ողբերգության ճանաչելիությունն ու տարածումը գեղարվեստական խոսքի միջոցով, իբրև առավել ազդեցիկ ուղղու: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Սրապիոնյանը ընթերցեց նախարարի հրամանը, որով ստեղծագործական ակնառու ձեռքբերումների, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանությանը նպաստելու համար ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրեց Բ.Գ.Դ պրոֆեսոր, գրականագետ, հրապարակախոս Հենրիկ Բախչինյանին, իսկ հրապարակախոս, հրատարակչական գործի ճանաչված մասնագետ, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանին՝ «Մայրենիի դեսպան» մեդալով:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ողջույնի խոսքն ընթերցեց նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը և ներկայացրեց Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվածների ցանկը: