Վառվեց «Արի տուն» ծրագրի առաջին փուլի հրաժեշտի խարույկը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Ծաղկաձորում մասնակցեց Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի առաջին փուլի հրաժեշտի խարույկի հանդիսավոր արարողությանը:
Իր ողջույնի խոսքում նախարարը ուրախությամբ նշեց, որ Հայրենիքում գտնվելու իննօրյա կարճ ժամանակահատվածում սփյուռքի տարբեր համայնքներում ապրող և տարբեր լեզվամշակութային արժեքներ կրող մեր երիտասարդներն արդեն բավական վարժ հաղորդակցվում են հայերենով, նրանց մեջ նկատելի է ջերմ զգացումներ և ոգևորություն ազգային արժեքների՝ մեր պատմության, մշակույթի, երգուպարի հանդեպ: Սա անպայման կնպաստի, որ «Արի տուն» ծրագրով Հայրենիք այցելած երիտասարդներն այսուհետ ևս ձգտեն գալ Հայաստան՝ իրենց երախտիքը բերելու նրա ծաղկման և հզորացման գործում:
Ձաղկաձորյան «Արի տուն» ճամբարում մինչև ուշ երեկո թևածում էր ազգային ոգին, երեխաները ներկաներին մատուցեցին ծրագրի շրջանակներում սովորած ազգային երգն ու պարը, ասմունքը: Արիտունցիներին հաճելի անակնկալ մատուցեցին շոու-բիզնեսի աստղեր ՀՀ վաստակավոր արտիստներ Շուշան Պետրոսյանը, Անդրեն, երգչուհի Հասմիկ Կարապետյանը, ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը:
Մասնակիցները 9 օրվա ընթացքում հասցրել են ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային տեսարժան վայրերին, կայացել են բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, անցկացվել են հայրենագիտության դասեր: Ծրագրի վերջին 5 օրերը մասնակիցներն անցկացրել են Ծաղկաձորյան ճամբարում:
Հիշեցնենք, որ «Արի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցում են շուրջ 105 պատանիներ և աղջիկներ 5 երկրից: