Իսլամացած հայերը՝ ուշադրության կենտրոնում

«Արի տուն» ծրագիրը ոչ միայն օրավուր հետաքրքիր ու բազմաբովանդակ է դառնում, այլև ընդլայնում է մասնակիցների տարիքային սահմանները՝ այսպես ձգտելով  ուշադրության դաշտ բերել բազմաշերտ Սփյուռքի բոլոր հատվածներին: 2014 թվականին ծրագիրն աչքի է ընկնում մի յուրահատկությամբ ևս. այս տարի  ծրագրի շրջանակներում (6-րդ փուլ, օգոստոսի 3-16-ը) Հայաստան կգան Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող շուրջ երեք տասնյակ իսլամացած հայեր`որպես բացառություն  առանց տարիքային սահմանափակման, որոնք երկար ժամանակ հեռու են եղել հայկական ինքնությունից, լեզվից, մշակույթից:  Նրանք Թուրքիայի տարածքում ապրող իսլամացած մեծաթիվ հայերի մի փոքրիկ բեկորն են, որոնց համար եկել է դարձի ժամանակը:

1915-ից հետո մահմեդականություն ընդունած հայերի խնդիրը շատ երկար ժամանակ եղել է վարագուրված, արգելանքի տակ, շատերն են վախեցել բացահայտել իրենց մեջ ապրող հային, որպեսզի խուսափեն թուրքական իշխանությունների կողմից հալածանքների ենթարկվելուց: Սակայն վերջին տարիներին շրջադարձ է արձանագրվել. Հրանտ Դինքի սպանությունը խթան հանդիսացավ, որպեսզի շատերը ոտքի կանգնեն, բարձրաձայնեն իրենց ինքնության մասին, փորձեն պարզել իրենց ծագումնաբանությունը, մշակութային այն հենարանները, առանց որոնց այսօր այլևս չեն կարող ապրել: Ինքնության խնդիրը հատկապես հիմա դառնում է կարևոր, քանզի շատերի համար եկել է մեծ դարձի ժամանակը, քանզի Ցեղասպանության մոտալուտ 100-րդ տարելիցը պարտադրում է շատերին հասկանալ անցած դարասկզբի մեծագույն ողբերգությունը, պարզել դրդապատճառները և ամեն ինչ անել, որպեսզի այն չկրկնվի:

ՀՀ Սփյուռքի նախարարությունը իր դռներն է բացել հատկապես այն երիտասարդների առջև, որոնք արդեն գիտակցում են, որ իրենց Հայրենիքը Հայաստանն է, որ իրենց լեզուն հայերենն է: Ուստի նախարարությունը նախանձախնդրորեն արձագանքեց դիարբեքիրցի երիտասարդների ցանկությանը և միջնորդ դարձավ, որպեսզի նրանք գան Հայաստան, ապրեն իրենց հասակակիցների կողքին, ծանոթանան իրենց պապերի երկրին:  Եվ շուտով այս երիտասարդները  (նրանց հետ` նաև տարեցներ) Հայաստան կգան: Նրանց համար մշակվել են հատուկ ծրագրեր, որոնք էապես տարբերվում են «Արի տան» հայրենաճանաչության ավանդական դարձած ծրագրերից ու միջոցառումներից:

Նախարարությունը անհամբերությամբ է սպասում ճակատագրի անողոք խաղով մահմեդական դարձած մեր հայրենակիցների ժառանգներին, նրանց, ովքեր կարճ Ժամանակ անց հպարտությամբ ասելու են, որ իրենք հայ են:

Scroll Up