Հայկական խաչքար Սինգապուրում

Սինգապուրի հայկական ժառանգությունն ավելացավ ևս մեկով: Օրերս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղադրվեց Հայկական խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: Եկեղեցու Հիշողության պարտեզը, որտեղ ամփոփված են բազմաթիվ հայկական տապանաքարեր, հարստացավ ևս մեկ հայկական ներկայությամբ:

Սա առաջին Հայկական խաչքարն է, որը տեղաղադրվել է Ասիայում (2013 թվականի նոյեմբերին Հայկական խաչքար էր տեղադրվել Չինաստանում ՀՀ դեսպանատան տարածքում):

Նախաձեռնողը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Բուդաղյանն է:

«Մի քանի տարի առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի ժողովի ժամանակ Գրեգ Բասմաջյանը, ով  Սինգապուրի հայկական համայնքի հնաբնակներից է, առաջարկեց եկեղեցու բակում խաչքար տեղադրել: Միտքն ինձ ներշնչեց իրականացնելու այդ գաղափարը»,-մեզ հետ զրույցում ասաց Արմեն  Բուդաղյանը:

Ամիսներ անց՝ Երևան կատարած այցի ժամանակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի խորհրդով Արմեն Բուդաղյանը հանդիպում է քանդակագործ Վարազդատ Համբարձումյանին, ով և խորհրդանշական խաչքարի հեղինակն է:

Խաչքարի տեղադրումը Սինգապուրի պես երկրում հայկական փոքրաթիվ համայնքի  հերթական հաղթանակը կարելի է համարել, ինչը, սակայն, ինչպես իր խոսքում նշեց Արմեն Բուդաղյանը, հնարավոր չէր լինի կյանքի կոչել առանց աջակիցների.

«Միայնակ հնարավոր չէր այս ամենն իրականություն դարձնել: Շատ օգնողներ են եղել. ուզում եմ շնորհակալություն հայտնել հայկական համայնքին, հոգաբարձուների խորհրդի անդամներին, Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանին, «Արևա գրուպ» ընկերության ներկայացուցիչ Պավել Կարապետյանին, Երևանի «Կիլիկիա» գարեջրի գործարանին, որն օժանդակել է խաչքարը տեղափոխել Սինգապուր»:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ամենահին քրիստոնեական կառույցն է Սինգապուրում. կառուցվել է 1835 թվականին, օծվել` 1836-ին: Եկեղեցու բակում բազմաթիվ հայկական տապանաքարեր կան, որոնք ամփոփված են Հիշողության պարտեզում: Եկեղեցին գտնվում է Սինգապուրի «Հիլլ» և «Արմենիա» փողոցների միջև: Այն ազգային պատմական կոթող է (National Historical Monument), նշված է Սինգապուրի բոլոր քարտեզների վրա: ճարտարապետը իռլանդացի Ջորջ Քոլմանն է: Եկեղեցին հեղինակի ամենահայտնի գործերից է:

Լ.Աբրահամյան

 խաչքար Սինգապուր.1 խաչքար Սինգապուր.2jpg

Scroll Up