Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված օրացույցներ Սփյուռքում
Սփյուռքի հայկական համայնքներն ամեն տարի հրատարակում են հայկական օրացույցներ, որտեղ ներկայացվում են հայկական ազգային ու կրոնական տոները:
«Հայերն այսօրի» տեղեկացմամբ, այս տարի Քուվեյթի, Իսրայելի և Հորդանանի հայկական համայնքներում հրատարակված օրացույցները նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Քուվեյթի Ազգային վարժարանի հրատարակած օրացույցի 12 էջերում տեղ են գտել Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականների կենսագրականները, ինչպես նաև` աշխարհի տարբեր երկրներում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողները:
Իսրայելի և Հորդանանի օրացույցները հրատարակվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի նախաձեռնությամբ: Հորդանանի օրացույցում տեղ են գտել աշխարհի տարբեր երկրներում գտնվող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները. ուշագրավն այն է, որ տեղեկությունները գրված են տվյալ երկրի պետական լեզվով: Օրինակ` Ֆրանսիայում տեղադրված հուշարձանի մասին տեղեկությունը գրված է ֆրանսերեն: Եվ այսպես շարունակ:
Իսրայելի հրատարակած օրացույցի մեջ հատկանշականը հայկական տոները հին ու նոր տոմարներով նշելն է: