Սիրիահայ երեխայի բուժումը կշարունակվի Հայաստանում

Մայիսի 30-ի երեկոյան Բեյրութ-Երևան չվերթով Երևան ժամանեցին մի խումբ սիրիահայեր: Այդ խմբում էր նաև Րաֆֆի Մարաշլյանի ընտանիքը, ում 12-ամյա որդին` Նարեկը, մոտ 1,5 ամիս առաջ վիրավորվել էր Հալեպում, հայկական դպրոցի մոտակայքում պայթած ռումբից:

Մի քանի վիրահատություն տարած Նարեկին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին բարեկամները, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայ Կաթողիկէ եկեղեցու ներկայացուցիչները: Մարաշլյանի ընտանիքին սիրով ընդունեցին Հայ կաթողիկե եկեղեցու Հայաստանի թեմի Երևանում գտնվող հյուրատանը:

Հիշեցնենք, որ Սիրիայում ՀՀ դեսպանատունը նախօրոք Սփյուռքի նախարարության միջոցով ճշտել էր Հայաստանում երկու ոտքից վիրավորված Նարեկի բուժվելու հնարավորությունը: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ Նարեկին մայիսի 31-ի առավոտյան կտեղափոխեն Սուրբ Մարիամ Աստվածածին հիվանդանոց, որտեղ շարունակվելու է նրա բուժումը:

Scroll Up